Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 101

Թագավորի խոստումը Դավթի սաղմոս։
   
1․ Ողորմություն և իրավունք պիտի երգեմ, քեզ, ո՜վ Տեր, սաղմոս պիտի ասեմ։

2․ Իմաստությամբ պիտի գնամ կատարելության ճանապարհով. ե՞րբ պիտի գաս ինձ մոտ. իմ սրտի անմեղությամբ պիտի ընթանամ իմ տան մեջ։

3․ Իմ աչքի առջև չար բան չեմ դնի. ատում եմ անօրենություն գործողին. թող նա չմոտենա ինձ։

4․ Ծուռ սիրտը թող հեռանա ինձնից. չարը չեմ ճանաչելու։

5․ Նրան, որ ծածուկ բամբասում է իր ընկերոջից, պիտի բնաջնջեմ. նրան, որ ամբարտավան է աչքով և սրտով գոռոզ, չեմ կարող տանել։

6․ Իմ աչքը երկրի հավատարիմների վրա է, որ բնակվեն ինձ հետ. անմեղ ճանապարհ գնացողը պիտի ծառայի ինձ։

7․ Նենգություն անողը չպիտի բնակվի իմ տան մեջ. նա, ով սուտ է խոսում, հաստատ չի մնա իմ աչքի առջև։

8․ Առավոտից պիտի ջնջեմ երկրի բոլոր ամբարիշտներին, որպեսզի Տիրոջ քաղաքից բնաջնջեմ բոլոր անօրենություն գործողներին։