Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 76

ՄԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ ՏԱԳՆԱՊԻ ԺԱՄԻՆ
   
1․ Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին. սաղմոս Ասափի
2․ Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, իմ ձայնով դիմեցի Աստծուն, եւ նա նայեց ինձ:
3․ Նեղութեանս օրերին Աստծուն փնտռեցի՝ ձեռքերս գիշերով պարզած նրա առջեւ, եւ չխաբուեցի:
4․ [Սակայն] հոգիս չէր ուզում մխիթարուել: Յիշեցի Աստծուն եւ ուրախացայ, իսկ երբ հառաչում էի, նուաղում էր հոգիս իմ մէջ:
Հանգիստ
5․ Աչքերն իմ բաց մնացին գիշերուայ պահին, խռովուեցի ու չխօսեցի:
6․ Խորհեցի հին օրերի մասին, եւ վաղնջական տարիները յիշեցի:
7․ Գիշերը սրտիս հետ խօսեցի, հառաչելիս տառապում էր հոգիս իմ մէջ:
8․ Միթէ յաւէտ մերժելո՞ւ է Տէրն ինձ, եւ այլեւս չի՞ շարունակելու բարեհաճ լինել:
9․ Կամ ընդմի՞շտ զրկելու է ինձ իր ողորմութիւնից, եւ դադարեցնելո՞ւ է խօսքն իր սերնդից սերունդ:
10․ Կամ այլեւս մոռանալո՞ւ է Աստուած գթալ ինձ, եւ բարկութեամբ մերժելո՞ւ է գթութիւնն իր:
Հանգիստ
11․ Ասացի. «Այժմ հասկացայ. սա է [փոփոխուած] աջը Բարձրեալի»։
12․ Յիշեցի գործերը Տիրոջ, սկզբից յիշեցի սքանչելագործութիւնները նրա:
13․ Մտաբերեցի գործերը քո բոլոր, եւ քո ձեռակերտների մասին խորհեցի:
14․ Աստուա՛ծ, քո ճանապարհները սրբութեան մէջ են. ո՞ր աստուածն է մեծ՝ մեր Աստծու նման:
15․ Դու ես հրաշագործ Աստուածը. զօրութիւնդ ցոյց տուիր քո ժողովրդին:
16․ Բազկովդ փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդիներին:
Հանգիստ
17․ Քեզ տեսան ջրերն, Աստուա՛ծ, տեսան քեզ ջրերն ու սոսկացին, եւ անդունդները խռովուեցին յորդառատ ջրերի ձայնից:
18․ Ամպերը ձայն տուին, ուստի եւ քո նետերը սլացան քո անուի որոտման ձայնից:
19․ Երեւացին քո փայլակները տիեզերքի, եւ երկիրը խռովուեց ու դողաց:
20․ Քո ճանապարհները ծովում են, շաւիղներդ՝ յորդառատ ջրերում, եւ քո հետքերը չեն երեւում:
21․ Քո ժողովրդին [հոտի] պէս առաջնորդեցիր Մովսէսի եւ Ահարոնի ձեռքով: