Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 78

ԱՂՕԹՔ ԱԶԳԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
   
Սաղմոս Ասափի

1․ Աստուա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ, պղծեցին քո սուրբ տաճարը, Երուսաղէմը դարձրին ինչպէս մրգապահի հիւղակ:
2․ Քո ծառաների դիակները որպէս կեր նետեցին երկնքի թռչուններին, եւ քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին:
3․ Նրանց արիւնը ջրի պէս Երուսաղէմի շուրջը թափեցին, եւ չկար մէկը, որ թաղէր նրանց:
4․ Մենք դարձանք մեր դրացիների նախատինքը եւ մեր շուրջը եղողների ծաղրուծանակը:
5․ Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի բարկանաս դու անվերջ, եւ քո նախանձը պիտի բորբոքուի հրի պէս:
6․ Բարկութիւնդ թափի՛ր այն ազգերի վրայ, որոնք քեզ չեն ճանաչում, այն թագաւորների վրայ, որոնք անունդ չեն ոգեկոչում:
7․ Նրանք յօշոտեցին Յակոբի ցեղին, եւ նրա տեղն աւերեցին:
8․ Մի՛ յիշիր հին մեղքերը մեր, թող ողորմութիւնդ շուտով հասնի մեզ, Տէ՛ր, քանզի սաստիկ աղքատացանք:
9․ Օգնի՛ր մեզ, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր, քո անուան փառքի համար. Տէ՛ր, յանուն քո անուան
փրկի՛ր մեզ ու թողութի՛ւն տուր մեր մեղքերին:
10․ Թող հեթանոսների մէջ երբեք չասեն՝ «Ո՞ւր է նրանց Աստուածը». այլ հեթանոսների մէջ, մեր աչքի առջեւ, թող յայտնուի քո ծառաների թափած արեան վրէժխնդրութիւնը:
11․ Բանտարկեալների հեծեծանքը թող հասնի քեզ. դու քո բազկի զօրութեամբ փրկի՛ր սպանուածների որդիներին:
12․ Մեր դրացիների նախատինքը, որով անարգեցին մեզ, եօթնապատիկ իրենց գիրկը վերադարձրու, Տէ՛ր:
13․ Մենք՝ քո ժողովուրդն ու քո արօտի ոչխարները, յաւիտեան քեզ գոհութիւն պիտի մատուցենք, սերնդից սերունդ պիտի պատմենք քո օրհնութիւնը: