Գիրք` 24․ Սաղմոս

Ներածութիւն

   
   Սաղմոս բառը առաջացել է յունարեն ψαλμός - փսալմոս բառից, որը որպէս վերնագիր գործածուել է Հին Կտակարանի յունարէն հին թարգմանութեան մէջ եւ նշանակել է բանաստեղծութիւն կամ հոգեւոր երգ։ Սաղմոսները սահմանված են երգելու երաժշտութեան ընկերակցութեամբ։ Սաղմոսների գիրքը 150 աղօթքներից բաղկացած մի ժողովածու է, որ գործածվել է Հին Իսրայէլում պաշտամունքի ժամանակ։
   Ներկայումս այն բաժանուած է հինգ գրքերի՝ Դաւթի սաղմոսներ, Կորէի եղբայրութեան սաղմոսներ, Ասափի սաղմոսներ, Երկնային թագաւորութեան սաղմոսներ եւ Ուխտագնացութեան սաղմոսներ։
   116 սաղմոսներ ունեն վերնագրեր, որոնք ցոյց են տալիս տուեալ սաղմոսի ծագումը, տեսակը, մեղեդին, նրան ընկերակցելու համար նախատեսուող երաժշտական այս կամ այն գործիքը, նրա օգտագործումը պաշտամունքի ժամանակ եւ այյն։
   Շատ սաղմոսներ դուրս են մնացել դասակարգումից։ Այնուամենայնիւ, կարելի է զատորոշել սաղմոսների բազմաթիվ տեսակներ։ Այսպէս՝
   1) Օրհներգեր, որոնք փառաբանում են Տիրոջ մեծութիւնն ու բարութիւնը։
   2) Երկնային թագաւորութեան երգեր, որոնք յատկանշւում են հետեւեալ հաստատումով՝ «Տէրը թագաւոր է»։
   3) Արքայական սաղմոսներ, որոնք արքաների համար գրուած աղօթքներ են կամ արքաների աղօթքներ։
   4) Տաճար մտնելու սաղմոսներ։
   5) Ուխտագնացութեան սաղմոսներ, որոնք իսրայէլացիների կողմից երգւում էին տարեկան երեք մեծ տօների ժամանակ (Զատիկ-Շաբաթապաշտօն, Տաղաւարահարաց տօն)։
   6) Սիոնի երգեր, որոնցում գովերգւում են Երուսաղէմի տաճարի համար Աստծու կողմից ընտրուած վայրի առաւելութիւնները։
   7) Պատգամախօս սաղմոսներ, որոնք քահանայի կամ մարգարէի բերանով Աստծու ազդարարութիւնները կամ յանձնարարութիւններն են հաղորդում հաւատացեալներին։
   8) Հաւատացեալների ուսուցման համար գրված սաղմոսներ։
   9) Յուսալքութեան մատնուած ժողովրդի սաղմոսներ, որոնք արտահայտում են այն աղերսանքները, որ դժբախտութեան մեջ գտնուող հաւատացեալների համայնքը ուղղում է Աստծուն։
   10) Անհատական աղերսանքներ արտայայտող սաղմոսներ։ Այս տեսակի սաղմոսների թիւը ամենամեծն է։
   11) Երախտագիտական սաղմոսներ, որոնց մէջ հաւատացեալը իր երախտագիտութիւնն է յայտնում Աստծուն նրա ներմանը կամ փրկութեանն արժանանալու համար։
   12) Վստահութեան սաղմոսներ, որոնք արտայայտում են հաւատացեալների ուրախութեան եւ խաղաղութեան զգացումները։
   Յիսուս երգել է սաղմոսներ։ Նա յաճախ յիշատակում է դրանք՝ լինի իր ուսուցման համար, լինի արտայայտելու համար իր սեփական աղօթքը, որտեղ կան որոշ բառեր՝ քաղուած այս կամ այն սաղմոսից (Սաղմ․ 22,23)։
   Սաղմոսները մինչեւ օրս շարունակում են մնալ բանաստեղծական անսպառ աղբիւր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են օգտուել դրանցից՝ իրենց աղօթքն առաքելու առ Աստուած։