1․ Ի կատարած. վասն գաղտնեաց որդւոյ: Սաղմոս. Թ:
2․ Գոհացայց զքէն Տէր բոլորով սրտիւ իմով. պատմեցից զամենայն սքանչելիս քո:
3․ Ուրախ եղէց եւ ցնծացայց ի քեզ. սաղմոս ասացից անուան քում բարձրեալ:
4․ Ի դառնալ յետս թշնամեաց իմոց, տկարասցին եւ կորիցեն յերեսաց քոց:
5․ Արարեր զդատաստանս իմ եւ զիրաւունս, նստար յաթոռ դատաւոր արդարութեան:
6․ Սաստեցեր ի հեթանոսս, եւ կորեաւ ամպարիշտն. զանուանս նոցա ջնջեցեր յաւիտեանս յաւիտենից.
7․ եւ թշնամւոյն զէն պակասեաց մինչ ի սպառ: Զքաղաքս աւերեցեր, եւ կորեաւ յիշատակ նոցա աղաղակաւ: Աստուած կայ եւ մնայ յաւիտեան,
8․ պատրաստ արար զաթոռ իւր ի դատաստանի:
9․ Ինքն դատի զաշխարհս արդարութեամբ, եւ զժողովուրդս իւր ուղղութեամբ:
10․ Եղեւ Տէր ապաւէն տնանկի, աւգնական ի նեղութեան` ի դէպ ժամանակի:
11․ Յուսասցին ի քեզ ամենեքեան ոյք գիտեն զանուն քո. զի ոչ թողցես զայնոսիկ որ խնդրեն զքեզ Տէր:
12․ Սաղմոս ասացէք Տեառն որ բնակեալն է ի Սիոն. պատմեցէք ի հեթանոսս զգործս նորա:
13․ Ի խնդրել զարիւն նոցա` յիշեաց եւ ոչ մոռացաւ Տէր զաղաւթս տնանկաց:
14․ Ողորմեաց ինձ Տէր` եւ տես զխոնարհութիւն իմ` ի թշնամեաց իմոց.
15․ ո բարձր արարեր զիս ի դրանց ի մահուանէ: Որպէս պատմեցից զամենայն աւրհնութիւնս քո ի դրունս դստեր Սիոնի,
16․ ցնծացայց ի փրկութեան քում: Ընկլան հեթանոսք յապականութեան իւրեանց զոր արարին. որոգայթ` զոր թագուցին առցէ զոտս նոցա:
17․ Ճանաչէ Տէր առնել զդատաստանս իւր, եւ ի գործս ձեռաց իւրեանց կապեսցին մեղաւորք:
18․ Դարձցին մեղաւորք անդրէն ի դժոխս, եւ ամենայն հեթանոսք որ մոռացան զԱստուած: Ոչ ի սպառ մոռանայ Տէր զաղքատն. համբերութիւն տնանկաց մի կորիցէ իսպառ:
20․ Արի Տէր` եւ մի զաւրասցի մարդ: Դատեսցին հեթանոսք առաջի քո:
21․ Կացո Տէր աւրէնսդիր ի վերայ նոցա. եւ ծանիցեն հեթանոսք թէ մարդիկ են:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: