ԼՔՈՒԱԾ ՀԻՒԱՆԴԻ ԱՂՕԹՔԸ
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2․ Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տէրը կը փրկի նրան:
3․ Տէրը կը փրկի ու կը պահպանի նրան, երանելի կը դարձնի երկրի երեսին եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը:
4․ Տէրը նրան կ՚օգնի տառապանքի մահճում եւ նրա անկողինն ամբողջովին կը մաքրի իր հիւանդութիւնից:
5․ Ես ասացի. «Տէ՛ր, ողորմի՛ր ինձ եւ բուժի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դէմ»:
6․ Թշնամիներս չարութեամբ ասացին իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի նա, եւ նրա անունը ջնջուի»:
7․ Ինձ այցելութեան եկողը դատարկ բաներ էր խօսում իր սրտում, անօրէնութիւն կուտակում իր մէջ,
դուրս էր գալիս եւ նոյն բանն էր պատմում:
8․ Բոլոր թշնամիներս քրթմնջեցին իմ մասին եւ չարիք նիւթեցին իմ դէմ:
9․ Նրանք անօրէն խօսքեր բարդեցին ինձ վրայ. «Ով ննջում է, մի՞թէ այլեւս յարութիւն չի՞ առնի»:
10․ Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի, եւ որն ուտում էր հացն իմ, յաճախակի իմ դէմ խաբէութիւն գործեց:
11․ Բայց դու, Տէ՛ր, ողորմի՛ր եւ ոտքի՛ կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց:
12․ Եթէ թշնամիներս չչարախնդան վրաս, դրանից ես կ՚իմանամ, որ բարեհաճ ես իմ հանդէպ:
13․ Դու իմ անմեղութեան համար ընդունեցիր ինձ եւ յաւիտեան հաստատեցիր քո առջեւ:
14․ Օրհնեալ լինի Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: