Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 3

ԱՌԱՒՕՏԵԱՆ ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
   
1. Սաղմոս Դաւթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից
2. Տէ՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, եւ շատերը ելան իմ դէմ:
3. Շատերն էին ասում իմ մասին՝ «Սա փրկութիւն չունի իր Աստծուց»:
4. Բայց դու, Տէ՛ր, իմ օգնականն ես, իմ փառքը եւ գլուխս բարձր պահողը:
5. Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, եւ նա լսեց ինձ իր սուրբ լերան վրայից:
6. Ես ննջեցի ու քուն մտայ. զարթնեցի, եւ Տէրն իմ ապաւէնն է:
7. Չեմ սոսկայ ես նրանց բիւրաւոր զօրքերից, որոնք ամէն կողմից պատել ու պաշարել էին ինձ:
8. Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, Աստուած իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղաւորների ատամները կը փշրես:
9. Տիրոջից է փրկութիւնը, Քո օրհնութիւնը ժողովրդիդ վրայ թող լինի: