Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 142

ԽՈՆԱՐՀ ԱՂԱՉԱՆՔ
   
Սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ նրան հալածեց իր որդի Աբիսողոմը

1. Տէ՛ր, լսի՛ր աղօթքն իմ, քո ճշմարտութեամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքին, քո արդարութեամբ լսի՛ր ինձ:
2. Ծառայիդ հետ դատաստան մի՛ տես, քանզի ոչ մի կենդանի մարդ չի արդարանայ քո առջեւ:
3. Թշնամին հալածեց ինձ, կեանքս հողին հաւասարեցրեց եւ ինձ նստեցրեց խաւարի մէջ յաւիտեան մեռածի պէս:
4. Հոգիս տաղտկացաւ իմ ներսում, եւ սիրտս խռովուեց իմ մէջ:
5. Յիշեցի օրերն առաջուայ, մտաբերեցի բոլոր գործերը քո, ձեռքերիդ ստեղծածների մասին խորհեցի:
6. Դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ. հոգիս հողի պէս ծարաւի է քեզ:
7. Լսի՛ր ինձ փութով, Տէ՛ր, քանզի շունչս պակասեց իմ ներսում, մի՛ շրջիր երեսդ ինձնից, որ չնմանուեմ գերեզման իջնողներին:
8. Առաւօտեան քո ողորմութիւնն ինձ լսելի՛ դարձրու, քանզի, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի. ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս:
9. Իմ թշնամիներից փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քեզ իմ ապաւէնը դարձրի:
10. Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո, քանզի դու ես Աստուածն իմ, քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի դէպի արդար երկիր:
11. Յանուն քո անուան, կեա՛նք տուր ինձ, Տէ՛ր, քո արդարութեամբ նեղութիւնից հանի՛ր հոգին իմ:
12. Քո ողորմութեամբ կործանի՛ր իմ թշնամիներին, կորստեա՛ն մատնիր բոլոր ինձ նեղողներին, քանզի ես ծառան եմ քո: