ԱՂՕԹՔ ՏԱՃԱՐԻ ԱՒԵՐԱԿՆԵՐԻ ԱՌՋԵՒ
Իմաստութիւն Ասափի
1․ Աստուա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր [մեզ] ընդմիշտ, եւ զայրոյթդ սաստկացաւ Քո արօտի ոչխարների վրայ:
2․ Յիշի՛ր Քո ժողովրդին, [որին ընտրեցիր վաղուց ի վեր], եւ փրկեցիր Քո ժառանգութիւնը՝ լեռն այս Սիոնի, որտեղ Դու բնակուեցիր:
3․ [Թշնամու] ամբարտաւանութեան վրայ բարձրացրո՛ւ Քո ձեռքն ընդմիշտ, քանզի նա անիրաւութիւն գործեց Քո սրբարանում:
4․ Քեզ ատողները պարծեցան իրենց բարօրութեամբ, նշաններն իրենց իբրեւ զինանշան դրին [սրբարանի] մուտքին,
5․ բայց իրենք չհասկացան, որ վերից է ելքը:
6․ Ինչպէս անտառի փայտահատներ, կացիններով ջարդեցին դռները [սրբարանի], տապարներով ու մուրճերով կործանեցին այն:
7․ Հրի մատնեցին Քո սրբարանը, եւ հողին հաւասարեցրին Քո անուան խորանը:
8․ Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկէք վերացնենք Աստծու բոլոր տօներն երկրի երեսից»:
9․ Նշաններ մենք չտեսանք, այլեւս մարգարէ չմնաց, եւ ոչ ոք մեզ չի ճանաչում:
10․ Մինչեւ ե՞րբ, Աստուա՛ծ, թշնամին պիտի նախատի եւ հակառակորդն անարգի սուրբ անունդ:
11․ Ինչո՞ւ ես ետ քաշում Քո ձեռքը, եւ Քո Աջը ծոցիդ մէջ է ընդմիշտ:
12․ Աստուա՛ծ, Դու մեր թագաւորն ես յաւիտենութիւնից ի վեր, Դու, որ փրկութիւն գործեցիր երկրի վրայ:
13․ Դու Քո զօրութեամբ ծովը հաստատեցիր, եւ վիշապների գլուխը խորտակեցիր ջրերում:
14․ Դու վիշապի գլուխը փշրեցիր եւ որպէս կերակուր տուիր [եթովպացիների] զօրքերին:
15․ Դու աղբիւրներ ու վտակներ բխեցրիր, եւ անցամաքելի գետեր ցամաքեցրիր:
16․ Քոնն է ցերեկը, եւ Քոնն է գիշերը, լոյսն ու արեւը Դո՛ւ հաստատեցիր:
17․ Դո՛ւ հաստատեցիր երկրի բոլոր սահմանները, գարունն ու ամառը Դո՛ւ ստեղծեցիր:
18․ Յիշի՛ր այս. թշնամին նախատեց Տիրոջը, անզգամ ժողովուրդն անարգեց Քո սուրբ անունը:
19․ Քեզ խոստովանողին մի՛ մատնիր գազաններին, եւ Քո տնանկներին մի՛ մոռացիր երբեք:
20․ Նայի՛ր Քո ուխտին, քանզի ապշահարների տները երկրի վրայ լցուեցին անիրաւութեամբ:
21․ Թող խեղճն ամօթով ետ չդառնայ, եւ աղքատն ու տնանկը թող օրհնեն սուրբ անունդ:
22․ Ելի՛ր, Աստուա՛ծ, եւ կատարի՛ր դատաստանդ, յիշի՛ր անզգամի ամենօրեայ նախատինքը:
23․ Մի՛ մոռացիր պաշտօնեաներիդ ձայնը. Քեզ ատողների ամբարտաւանութիւնը [թող անհետանա ընդմիշտ]:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: