ՕՐՀՆԵՐԳ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՒ ՅԱՂԹԱՆԱԿԻ
Սաղմոս Դաւթի՝ Գողիադի մասին
1. Օրհնեալ է Տէր Աստուածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի եւ մատներս՝ ճակատամարտի:
2. Նա ողորմութիւնն ու ապաւէնն է իմ, օգնականը, փրկիչն ու պահպանիչն իմ: Ես յոյսս դրել եմ նրա վրայ. նա է, որ ժողովուրդներին հնազանդեցնում է ինձ:
3. Տէ՛ր, մարդն ի՞նչ է, որ յայտնուեցիր նրան, կամ մարդու որդին՝ որ բանի տեղ ես դնում նրան:
4. Մարդը նման է ունայնութեան, եւ նրա օրերն անցնում են ստուերի պէս:
5. Տէ՛ր, ցածրացրո՛ւ երկինքն ու իջի՛ր, մօտեցի՛ր լեռներին՝ եւ թող ծխեն դրանք:
6. Արձակի՛ր կայծակները քո եւ խռովի՛ր նրանց, առաքի՛ր նետերը քո եւ ցրի՛ր նրանց:
7. Ձեռքդ մեկնի՛ր վերից ու փրկի՛ր ինձ յորդացող ջրերից եւ օտարների որդիների ձեռքից,
8. որոնց բերաններն ունայնութիւն են խօսում, եւ որոնց աջը մեղսագործ աջ է:
9. Աստուա՛ծ, քե՛զ նոր օրհներգով պիտի օրհնեմ, տասնալար նուագարանով սաղմոս պիտի երգեմ քեզ:
10. Նա ազատութիւն պիտի տայ մեր թագաւորներին, եւ չար սրից պիտի փրկի իր Դաւիթ ծառային:
11. Փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ օտարների որդիների ձեռքից, որոնց բերաններն ունայնութիւն են խօսում,
եւ որոնց աջը մեղսագործ աջ է:
12. Նրանց որդիները նոր տունկի պէս հաստատուած են իրենց մանկութիւնից, նրանց դուստրերը զարդարուած ու պճնուած են ինչպէս տաճար:
13. Նրանց շտեմարանները լիքն են եւ մէկից միւսն են հոսում, նրանց ոչխարները բազմածին
են եւ բազմանում են իրենց ճամփի վրայ:
14. Նրանց արջառները պարարտ են, նրանց ցանկապատերը խրամատներ [ըստ Յունգերովի ճեղքեր] չունեն, եւ նրանց հրապարակներում աղմուկ չկայ:
15. Ես երանի եմ տալիս [ըստ Յունգերովի Ուրիշները երանի կտան] այն ժողովրդին, որն այս վիճակում է. նաեւ [ըստ Յունգերովի Սակայն] երանի՜ այն ժողովրդին, որի Տէրն Աստուած է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: