Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 28

ՏԻՐՈՋ ՁԱՅՆԸ ՓՈԹՈՐԿԻ ՄԷՋ
   
Սաղմոս Դաւթի. տաճարի նաւակատիքի օրհնութիւնը

1․ Աստծո՛ւ որդիներ, մատուցեցէ՛ք Տիրոջը, մատուցեցէ՛ք Տիրոջը խոյերի ձագեր:

2․ Մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ, տուէ՛ք Տիրոջը փառքն իր անուան եւ երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սուրբ սրահում:

3․ Տիրոջ ձայնը ջրերի վրայ է. փառքի Աստուածը որոտաց, Տէրն ինքն է անսպառ ջրերի վրայ:

4․ Տիրոջ ձայնը ահարկու է, Տիրոջ ձայնը փառահեղ է:

5․ Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տէրը կոտրատում է մայրիները Լիբանանի:

6․ Տէրը կոտրատում է դրանք ինչպէս Լիբանանի մատաղ տունկերը, որոնք սիրասուն են միեղջերուի ձագերի պէս:

7․ Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցը:

8․ Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տէրը դողացնում է Կադէսի անապատը:

9․ Տիրոջ ձայնը ոտքի է կանգնեցնում եղնիկներին եւ մերկացնում անտառները: Նրա տաճարում բոլորը թող գովեն փառքը նրա:

10․ Տէրը զսպում եւ ցածրացնում է ջրհեղեղները, Տէրը յաւիտեան պիտի թագաւորի:

11․ Տէրն իր ժողովրդին զօրութիւն պիտի տայ, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղութիւն պարգեւելով: