Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 47

ՍԻՈՆՆ ԱՍՏԾՈՒ ՔԱՂԱՔՆ Է
   
1․ Կորխի որդիների երկուշաբթի օրուայ օրհնութեան սաղմոսը
2․ Մեծ է Տէրը եւ յոյժ օրհնեալ մեր Աստծու քաղաքում, իր սուրբ լերան վրայ:
3․ Մեծ ցնծութեամբ ցնծում է ամբողջ երկիրն հաստատարմատ, ցնծում են Սիոնի լեռները,
հիւսիսային կողմերը, մեծ թագաւորի քաղաքը:
4․ Աստուած յայտնւում է իր տաճարում, երբ օգնական է դառնում նրանց:
5․ Ահա երկրի թագաւորութիւնները հաւաքուեցին ու միասին եկան անցան:
6․ Անձամբ տեսնելով այդ բանը՝ նրանք զարմացան, խռովուեցին ու սասանուեցին:
7․ Այնտեղ դողը բռնեց նրանց եւ երկունքը, ինչպէս ծննդաբերութեան ժամանակ:
8․ Սաստիկ հողմով նա պիտի փշրի նաւերը Թարսիսում:
9․ Ինչ որ լսեցինք, այն էլ տեսանք Զօրութիւնների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում.
Աստուած դրա հիմքերը գցեց յաւիտեան:
10․ Ստացանք ողորմութիւնդ, Աստուա՛ծ, քո ժողովրդի մէջ:
11․ Ինչպէս որ անունդ է, այնպէս էլ օրհնութիւնդ է ողջ տիեզերքում, եւ քո աջը լի է արդարութեամբ:
12․ Տէ՛ր, քո արդարադատութեամբ թող ուրախանայ լեռը Սիոնի եւ ցնծան դուստրերը Յուդայի երկրի:
13․ Պտտուեցէ՛ք Սիոնի շուրջը, շրջանն արէք նրա եւ պատեցէ՛ք նրա աշտարակները:
14․ Թող ձեր սրտերը կապուեն նրա ամրութիւններին, զննեցէ՛ք նրա բերդերը, որ պատմել կարողանաք մէկ ուրիշ սերնդի:
15․ Սա է Աստուածը, մեր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ սա պիտի հովուի մեզ մինչեւ յաւիտենութիւն: