Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 44

ԹԱԳԱՒՈՐԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԵՐԳ
   
1․ Այսուհետեւ՝ անցած ժամանակի մասին. Կորխի որդիների իմաստութիւնը. օրհնութեան սաղմոս սիրելիի մասին

2․ Սրտիցս քո բարի պատգամներն են բխում, եւ [պատմածս թագավորի գործերի մասին է]: Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի:

3․ Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից, շրթունքներիցդ շնորհք է թափւում. դրա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան:

4․ Մէջքիդ սո՛ւր կապիր, ո՛վ հզօր, քո վայելչութեամբ ու գեղեցկութեամբ:

5․ Լարի՛ր աղեղդ, ուղղի՛ր եւ թագաւորի՛ր յանուն ճշմարտութեան, հեզութեան ու արդարութեան, եւ քո աջը թող սքանչելապէս առաջնորդի քեզ:

6․ Քո նետերը սրուած են, ո՛վ հզօր, ընդդէմ թագաւորի թշնամիների. եւ ժողովուրդները պիտի ընկնեն ոտքերիդ տակ:

7․ Քո գահը յաւիտեանս յաւիտենից է, Աստուա՛ծ. քո արքայական գաւազանն արդարութեան գաւազան է:

8․ Սիրեցիր արդարութիւնն ու ատեցիր անօրէնութիւնը, դրա համար Աստուած՝ քո՛ Աստուածն օծեց քեզ ուրախութեան իւղով՝ աւելի, քան քո ընկերներին:

9․ Քո զգեստներից ու փղոսկրեայ պալատներից զմուռս, հալուէ եւ կինամոն է բուրում:

10․ Արքայադուստրերն ուրախացնում ու պատւում են քեզ: Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարուած ու պաճուճուած ոսկեհուռ զգեստներով:

11․ Դո՛ւստր, լսի՛ր ու տե՛ս, մօտեցրո՛ւ ականջը քո, մոռացի՛ր քո ժողովրդին եւ քո հօր տունը, քանզի թագաւորը ցանկացաւ քո գեղեցկութիւնը:

12․ Նա ինքն է քո Տէրը, որին պիտի երկրպագես. նրան պիտի երկրպագի եւ դուստրը Տիւրոսի,

13․ եւ ժողովրդի մեծամեծները պիտի պաշտեն նրան ընծաներով:

14․ Արքայադստեր ողջ փառքը իր մէջ է՝ ոսկեհուռ զգեստների զարդարանքի ու պաճուճանքի տակ:

15․ Թագաւորի մօտ նրա հետ կոյսեր պիտի տարուեն, իր ընկերուհիները պիտի տարուեն նրա մօտ:

16․ Ցնծութեամբ եւ ուրախութեամբ պիտի բերեն նրանց, եւ պիտի տարուեն թագաւորի պալատը:

17․ Եւ քո հայրերի փոխարէն որդիներ պիտի լինեն քեզ, որոնց իշխան պիտի կարգես ողջ երկրի վրայ:

18․ Քո անունը պիտի յիշուի սերնդից սերունդ. դրա համար ժողովուրդները քեզ պիտի գովեն յաւիտեան, եւ յաւիտեանս յաւիտենից: