Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 35

ՄԵՂԱՒՈՐԻ ՉԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՍՏԾՈՒ ԲԱՐԿՈՒԹԻՒՆԸ
 
1. Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի սաղմոսը
2. Անօրէնն ասում է իր մտքում մեղանչելիս, թէ իր աչքերի առջեւ Աստծու վախ չկայ:
3. Նա խորամանկութիւն է գործում նրա իսկ հանդէպ, որ չտեսնի իր անօրէնութիւնն ու չատի այն:
4. Նրա բերանի խօսքերն անարդար ու նենգամիտ են, նա չկամեցաւ հասկանալ բարին:
5. Անօրէնութիւն խորհեց իր անկողնում, կանգնեց այն բոլոր ուղիների վրայ, որոնք բարի չեն, եւ չարից չձանձրացաւ:
6. Տէ՛ր, երկնքում է քո ողորմութիւնը, իսկ ճշմարտութիւնդ՝ մինչեւ ամպերը:
7. Արդարութիւնդ, Աստուա՛ծ, լեռների պէս է, իրաւունքդ՝ խոր անդունդի պէս. մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տէ՛ր:
8. Որքա՜ն առատ է քո ողորմութիւնն, Աստուա՛ծ, մարդկանց որդիները թեւերիդ հովանուն պիտի ապաւինեն:
9. Նրանք պիտի յագենան քո տան լիութիւնից, եւ նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից:
10. Տէ՛ր, քեզնից է կեանքի աղբիւրը, եւ երեսիդ լոյսով ենք լոյսը տեսնում:
11. Ողորմութիւնդ շնորհի՛ր քեզ ճանաչողներին, եւ արդարութիւնդ՝ սրտով ուղիղներին:
12. Թող ամբարտաւանների ոտքը մեզ չհասնի, եւ մեղաւորների ձեռքը չդողացնի մեզ:
13. Այնտեղ բոլոր անօրէնութիւն գործողները պիտի ընկնեն, մերժուեն ու չկարողանան այլեւս ոտքի կանգնել: