ԱՍՏՈՒԱԾ՝ ԳԵՐԱԳՈՅՆ ԹԱԳԱՒՈՐ
Սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ տաճարը շինուեց
1․ Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցէ՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ:
2․ Օրհնեցէ՛ք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա, օրըստօրէ աւետեցէ՛ք փրկութիւնը նրա:
3․ Հեթանոսների մէջ փառքը պատմեցէ՛ք նրա, եւ բոլոր ժողովուրդների մէջ՝ սքանչելագործութիւնները նրա:
4․ Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, ահարկու է նա բոլոր կուռքերից աւելի:
5․ Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են, իսկ Տէրն արարիչն է երկնքի:
6․ Խոստովանութիւն եւ վայելչութիւն կայ նրա առջեւ, սրբութիւն եւ մեծափառութիւն՝ նրա սրբարանում:
7․ Մատուցեցէ՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ:
8․ Մատուցեցէ՛ք Տիրոջը փառքն իր անուան, ընծանե՛ր վերցրէք ու մտէ՛ք սրահները նրա:
9․ Երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սրբարանի գաւիթներում, քանզի ամբողջ երկիրը պիտի խռովուի նրա ներկայութիւնից:
10․ Հեթանոսների մէջ ասացէ՛ք, թէ՝ «Տէրը թագաւորեց, նա աշխարհն հաստատեց, որ չսասանուի, եւ նա իր ժողովրդին արդարութեամբ պիտի դատի»:
11․ Թող ուրախ լինի երկինքն ու ցնծայ երկիրը, թող զուարճանայ ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով:
12․ Թող հրճուեն դաշտերը եւ նրանցում եղած ամէն ինչ, թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը
13․ Տիրոջ առջեւ, որ գալիս է, գալիս է դատելու երկիրը: Նա պիտի դատի տիեզերքն արդարութեամբ, եւ բոլոր ժողովուրդներին՝ իր ճշմարտութեամբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: