Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 85

ԱՂՕԹՔ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ՄԷՋ
   
Աղօթք Դաւթի
1․ Մօտեցրո՛ւ, Տէ՛ր, ականջը քո եւ լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես:
2․ Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տէ՛ր. փրկի՛ր, Աստուա՛ծ իմ, քո ծառային, որ յոյսը դրել է քեզ վրայ:
3․ Որորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի:
4․ Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տէ՛ր, քանզի հոգիս դէպի քեզ բարձրացրի.
5․ որովհետեւ դու, Տէ՛ր, բարի ու շիտակ ես, գթառատ ես նրանց հանդէպ, ովքեր կանչում են քեզ:
6․ Ակա՛նջ դիր, Տէ՛ր, իմ աղօթքներին եւ ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին:
7․ Իմ նեղութեան օրը ես կանչեցի քեզ, եւ դու լսեցիր ինձ:
8․ Աստուածների մէջ քեզ նմանը չկայ, Տէ՛ր, եւ ոչինչ չկայ, որ նմանուի քո գործերին:
9․ Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առջեւ, յաւիտեան փառք պիտի տան քո անուանը:
10․ Մեծ ես դու, Տէ՛ր, եւ հրաշագործութիւններ ես անում, եւ միայն դո՛ւ ես Աստուած:
11․ Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտութեամբ, եւ սիրտս ուրախանայ՝ ակնածելով քո անունից:
12․ Ամբողջ սրտովս գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր Աստուած իմ, յաւիտեան փառք պիտի տամ քո անուանը:
13․ Մեծ եղաւ քո ողորմութիւնն իմ հանդէպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից:
14․ Աստուա՛ծ, անօրէններն յարձակուեցին ինձ վրայ, բռնակալների ամբոխներն հետապնդեցին ինձ, եւ քեզ իրենց առջեւ Աստուած չհամարեցին:
15․ Բայց դու, Տէ՛ր Աստուած իմ, գթասիրտ ու ողորմած ես, համբերատար, ողորմաշատ ու ճշմարիտ:
16․ Նայի՛ր ու ողորմի՛ր ինձ, զօրութի՛ւն տուր քո ծառային, պահպանի՛ր աղախնիդ որդուն:
17․ Եւ ինձ բարութեան նշա՛ն ցոյց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամօթահար լինեն, որ դու, Տէ՛ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ: