Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 39

ԱՂԵՐՍ ՕԳՆՈՒԹԵԱՆ
   
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2․ Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, եւ նա նայեց ինձ ու լսեց իմ աղօթքը:
3․ Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրայ հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը:
4․ Բերանս դրեց մի նոր օրհներգ՝ օրհներգը մեր Տէր Աստծու: Շատերը պիտի տեսնեն ու վախենան եւ իրենց յոյսը դնեն Տիրոջ վրայ:
5․ Երանի այն մարդուն, որի յոյսը Տիրոջ անունն է, եւ որը ունայնութեանն ու սուտ մոլորութեանն ուշ չի դարձրել:
6․ Բազում են քո սքանչելիքները, Տէ՛ր իմ Աստուած, քո խորհուրդներում ոչ ոք նման չէ քեզ: Պատմեցի ու խօսեցի դրանց մասին, բայց դրանք անթիւ են:
7․ Զոհերն ու ընծաները հաճելի չեղան քեզ, ինձ լսողութիւն տուիր եւ ողջակէզ ու մեղայագին չպահանջեցիր:
8․ Այն ժամանակ ասացի, թէ՝ «Ահա գալիս եմ ես, գրքի գլուխներում գրուած է իմ մասին:
9․ Ուզեցի կամքդ կատարել, Աստուա՛ծ իմ, եւ օրէնքդ, որ իմ ներսում է»:
10․ Մեծ հաւաքներում ես քո արդարութիւնն աւետեցի, եւ արդ շրթունքներս չեմ կտրում քեզնից:
11․ Տէ՛ր, դու գիտես, որ քո արդարութիւնը, քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը ծածուկ չեմ պահել իմ սրտում, պատմել եմ եւ մեծ հաւաքներից չեմ թաքցրել քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը:
12․ Իսկ դու, Տէ՛ր, գթութիւնդ հեռու մի՛ պահիր ինձնից, քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը միշտ պահապան լինի ինձ:
13․ Ինձ պաշարեցին չարիքներ, որոնք անթիւ էին. անօրէնութիւններս ինձ վրայ հասան, եւ ես չկարողացայ նկատել. գլխիս մազերից աւելի շատ եղան դրանք, եւ սիրտս ինձ լքեց:
14․ Կամեցի՛ր փրկել ինձ, Տէ՛ր, նայի՛ր, որ օգնես ինձ, Տէ՛ր:
15․ Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն նրանք, որ ուզում էին կործանել ինձ. թող ետ դառնան ու ամօթով մնան ինձ չար կամեցողները:
16․ Թող շուտափոյթ անարգանք կրեն նրանք, որ չարախնդում էին իմ դէմ:
17․ Թող քեզանով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտռում են քեզ, Տէ՛ր: Քո տուած փրկութիւնը սիրողներն ամէն ժամ թող ասեն՝ «Մեծ է Աստուած»:
18․ Ես աղքատ եմ եւ տնանկ, Աստուա՛ծ, հո՛գ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը դու ես. Աստուած իմ, մի՛ ուշացիր: