Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 51

ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆՆ ՈՒ ՇՆՈՐՀՔԸ
   
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2․ այն ժամանակ, երբ Դովեկ Եդոմայեցին եկաւ պատմեց Սաւուղին, թէ ահա Դաւիթն Աքիմելէքի տանն է։

3․ Ինչո՞ւ է հզօրը պարծենում չարութեամբ ու անօրէնութեամբ:
4․ Գիշեր-ցերեկ նա անիրաւութիւն նիւթեց իր լեզուով, սուր ածելու նման նենգութիւն գործեց:
5․ Բարութիւնից աւելի չարութիւն սիրեց եւ արդար խօսքից աւելի՝ անօրէնութիւն:
6․ Սիրեց նա ամէն տեսակ կործանարար խօսքեր եւ նենգ լեզուներ:
7․ Դրա համար Աստուած կը կործանի նրան իսպառ, կը խլի ու կը հանի նրան իր օթեւանից, եւ նրա արմատները՝ ողջերի երկրից:
8․ Արդարները կը տեսնեն ու կը վախենան եւ կը [ծաղրեն նրան]՝ ասելով.
9․ «Սա է այն մարդը, որն Աստծու օգնութեանը չապաւինեց, այլ յոյսը դրեց իր մեծ հարստութեան վրայ եւ զօրացաւ իր ունայնութեամբ»:
10․ Իսկ ես Աստծու տան պտղաբեր ձիթենու նման եմ. յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից յոյսս դրի Աստծու ողորմութեան վրայ:
11․ Քեզ յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ արածիդ համար եւ յոյսս պիտի դնեմ քո անուան վրայ, քանզի բարի ես սրբերիդ հանդէպ: