ՉՆԱԽԱՆՁԵԼ ՉԱՐԱՄԻՏՆԵՐԻՆ
Սաղմոս Դաւթի
1. Մի՛ նախանձիր չարամիտներին եւ ոչ էլ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում,
2. քանզի նրանք խոտի պէս իսկոյն կը չորանան, դալար խոտի պէս արագ կ՚անցնեն:
3. Յոյսդ դի՛ր Տիրոջ վրայ ու բարութի՛ւն գործիր, բնակուի՛ր երկրում եւ արածի՛ր նրա ընդարձակութեան մէջ:
4. Պաղատի՛ր Տիրոջը, եւ նա քեզ կը տայ սրտիդ ուզածները:
5. Յայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջը եւ դի՛ր յոյսդ նրա վրայ:
6. Նա այնպէս կ՚անի, որ արդարութիւնդ երեւայ ինչպէս լոյս, եւ իրաւունքդ՝ ինչպէս ցերեկ:
7. Հնազա՛նդ եղիր Տիրոջն ու ծառայի՛ր նրան. մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշաւակելի է, ոչ էլ այն մարդուն, որ անօրէնութիւն է գործում:
8. Դադարի՛ր բարկանալուց, հանդարտուի՛ր սրտմտութիւնից եւ մի՛ նախանձիր չարամիտներին:
9. Չարագործները շուտով կը վերանան, իսկ Տիրոջն սպասողները կը ժառանգեն երկիրը:
10. Եւս մի փոքր ժամանակ, եւ այլեւս ամբարիշտ չի մնայ, կը փնտռես նրա տեղն ու չես գտնի:
11. Իսկ ովքեր հեզ են, նրանք կը ժառանգեն երկիրը եւ կը զուարճանան մեծ խաղաղութեան մէջ:
12. Մեղաւորը հետապնդում է արդարին եւ իր ատամներն է կրճտացնում նրա վրայ:
13. Բայց Տէրը կը ծիծաղի նրա վրայ, քանզի նախապէս գիտէ, որ հասել է նրա օրը:
14. Մեղաւորները սուր քաշեցին եւ լարեցին իրենց աղեղները՝ աղքատին ու տնանկին հարուածելու,
սրտով խոնարհներին սպանելու համար:
15. Նրանց սրերը կը մխուեն իրենց սրտերը, եւ նրանց աղեղները կը փշրուեն:
16. Արդարի քիչն աւելի լաւ է, քան մեղաւորների մեծ հարստութիւնը:
17. Ամբարիշտների բազուկները կը խորտակուեն, եւ Տէրն արդարներին հաստատ կը պահի:
18. Նա գիտէ անմեղների օրերը, նրանց ժառանգութիւնը յաւիտեան կը լինի:
19. Փորձանքի ժամանակ նրանք ամօթով չեն մնայ, իսկ սովի օրերին կը յագենան:
20. Արդ, մեղաւորները կորստեան կը մատնուեն, եւ Տիրոջ թշնամիներն իրենց փառքի ու վերելքի ժամին կը սպառուեն, ինչպէս ծուխն է սպառւում:
21. Մեղաւորը փոխ է առնում ու չի վճարում, իսկ արդարը ողորմում է ու տալիս:
22. Ովքեր օրհնում են Տիրոջը, կը ժառանգեն երկիրը, իսկ ովքեր անիծում են, կը ջնջուեն Տիրոջ ձեռքով:
23. Տէրն ուղղում է այն մարդու ընթացքը, ով շատ է սիրում իր ճանապարհը:
24. Եթէ անգամ նա սայթաքի, չի կործանուի, քանզի Տէրը բռնել է նրա ձեռքը:
25. Մանուկ էի ես եւ ծերացայ, բայց արդարին արհամարհուած չտեսայ կամ նրա զաւակին՝ հաց մուրալիս:
26. Ամէն օր նա ողորմում ու փոխ է տալիս, նրա սերունդը յաւիտեան օրհնեալ կը լինի:
27. Խուսափի՛ր չարից ու բարութի՛ւն արա եւ յաւիտեան կ՚ապրես երկրի վրայ:
28. Տէրը սիրում է իրաւունքը, եւ իր սրբերին երեսի վրայ չի թողնում, այլ յաւիտեան պահպանում է նրանց: Անօրէնները կը քշուեն կը գնան միասին, եւ ամբարիշտների սերունդը կ՚ոչնչանայ:
29. Իսկ արդարները կը ժառանգեն երկիրը եւ յաւիտեանս յաւիտենից կը բնակուեն նրա մէջ:
30. Արդարի բերանն իմաստութիւն է բարբառում, իսկ լեզուն արդարութիւն է խօսում:
31. Նրա սրտում իր Աստծու օրէնքն է, ուստի նրա երթն անսայթաք կը լինի:
32. Մեղաւորը նայում է արդարին եւ ձգտում սպանել նրան:
33. Սակայն Տէրը նրա ձեռքում չի թողնի նրան եւ դատաստանի ժամանակ նրան չի դատապարտի:
34. Սպասի՛ր Տիրոջն ու պահի՛ր նրա ճանապարհները, նա քեզ կը բարձրացնի՝ երկիրը ժառանգելու,
եւ դու կը տեսնես մեղաւորների կործանումը:
35. Տեսայ ամբարշտին մեծացած ու բարձրացած, ինչպէս Լիբանանի մայրիները:
36. Ես մօտով անցայ, եւ ահա նա չկար, փնտռեցի՝ ու նրա տեղը չերեւաց:
37. Անարա՛տ ապրիր եւ նայի՛ր արդարութեանը, քանզի խաղաղասէր մարդը ժառանգութիւն կ՚ունենայ
38. Անօրէնները կը քշուեն կը գնան գլխովին, եւ ամբարիշտների սերունդը կորստեան կը մատնուի:
39. Արդարների փրկութիւնը Տիրոջից է, նեղութեան ժամանակ նա է նրանց օգնականը:
40. Տէրը կ՚օգնի ու կը փրկի նրանց, կ՚ազատի մեղաւորներից ու կը պահպանի նրանց, քանզի նրանք իրենց յոյսը դրել են Նրա վրայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: