Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ»:։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:16
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

17-18. Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»:

   

    Այլ երբ դու պահեցողություն անես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, որ պեսզի իբրև պահեցող չերևաս մարդկանց, այլ ծածկաբար՝ քո Հորը: Պահքի համար [Տերը] ժամանակ չի սահմանում, սակայն ցույց է տալիս, որ այն անհրաժեշտ է՝ ըստ այսմ. «Պահքի մեջ՝ շատ անգամ» (Բ Կոր. 11։27): Ինչպես երբ քաղց են զգում, ուտելու ժամանակն է, և երբ ծարավում են՝ խմելու, այդպես էլ երբ ունենում են արդարության կերակրի քաղցը, որը քարոզվում է պահքի կողմից, պահքի ժամանակն է՝ ըստ մարգարեի. «Սրբագործե՛ք պահքը» (Հովել 1։14): Եվ պահեցողության ժամանակ էլ գլուխն օծել է հրամայում [Տերը]: Սա այն պատճառով չի ասում, որ [իսկապես] անհրաժեշտ է օծել, որովհետև եթե այդպես լիներ, շատերն են այս օրենքը խախտում, մանավանդ նրանք, ովքեր անապատներում են. քանզի թեև կար [այդպիսի] սովորություն, բայց ո՛չ պահեցողության ժամանակ՝ ըստ այնմ. «Ծնկներս տկարացան պահքից, և մարմինս գունատվեց յուղի [պակասից]» (Սաղմ. 108։24), «Պահքով խոնարհեցրի ինձ» (Սաղմ. 68։11): Այսպես և Դանիելը (Դան. 1։8-16) [պահեցողություն արեց], նաև Ինքը Տերը, որ քառասուն օր ու գիշեր պահքի մեջ եղավ  (Մատթ. 4։2): Այլ սա այն պատճառով է [Տերն] ասում, որ այս իրողությունն ամբողջապես թաքցնենք մեր մեջ և ուրախ ու զվարթ լինենք՝ ասես յուղով օծված լինելով: Եվ թող քո պահքը, ասում է, չցուցադրվի մարդկային փառքի պատճառով. գուցե պահքիդ մասին իմացողներից [ընդունվող] փառքը քեզ զրկի գալիք վարձատրությունից: Ուստի ծածուկ պահքովդ հաճելի եղիր թաքուն արվածը Հատուցողին [միայն]: Սրանով սովորեցնում է նաև պահեցողության եղանակը. «Գլուխդ օծի՛ր և երեսդ լվա՛», որովհետև յուղ գործածողն օծվում է, և լվացվողը՝ մաքրվում: Սրանով Խոսք Աստված քեզ հրավիրում է սովորելու այն խորհուրդը, որ ընդունելի է այն պահքը, որի ժամանակ միտքդ, ինչն [այստեղ] խորհրդանշվում է «գլուխ» [բառով], պարուրում ես Նրա գիտության շնորհով և մտքիդ երեսը լվանում մեղքի աղտից՝ արտասուքով մաքրվելով՝ ըստ այսմ. «Քանդի՛ր անիրավության հանգույցը» (Ես. 58։6), և՝ «Լվացվե՛ք, մաքրվե՛ք» (Ես. 1։16): Հետևաբար, եթե պահեցողություն անես այսպիսի մաքրությամբ, մերձավոր կդառնաս Օծյալ Քրիստոսին, որովհետև Նա աստվածության յուղով է [օծված], իսկ դու՝ Նրա գիտությամբ ու մաքուր պահքով:

    Եվ քո Հայրը, որ ծածուկ տեսնում է, քեզ հայտնապես կհատուցի: Գրված է. «Ծածուկ բաները մեր Տեր Աստծունն են»: Սրտերը Տեսնողը, անսխալ տեսնելով ծածուկ կատարված պահքի ճգնությունը, լույսով կհատուցի: Նախ՝ մի՛ կարծիր, թե քո կողմից գաղտնի պահվող առաքինությունն անհայտ կմնա, որովհետև գիշերը աստղերն ավելի պայծառ են երևում՝ բնությամբ այդպիսին լինելով: Այն, ինչ արվում է մարդկային փառքի համար, պիտի ծածուկ պահվի, ինչպես ասվեց, իսկ Աստծո փառքի համար կատարվածը անպատշաճ է թաքցնել: Երկրորդ՝ [ծածուկ առաքինանալը] քո հաղթանակի պսակներն է հյուսում: Երրորդ՝ պսակողը Ինքը [Տերն] է: Եվ չորրորդ՝ [այսպես վարվելով] դու կլինես իբրև ժրաջան մշակ, ով ոտնակոխ է անում մարդկային փառքը:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը,
   
    «Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը»:
Գլուխ և երես [ասելով]՝ պետք է հասկանալ տեսանելի [անդամները], սակայն հրամայում է նաև հոգու «գլուխը» օծել՝ շուրջբոլորը պարուրելով ողորմությամբ և կարոտյալներին տուրքեր շնորհելով: Նույնպես և հրամայում է հոգու երեսը լվանալ մեղքերից և բոլոր աղտերից, որոնք աղտոտում են հոգու երեսը: Եվ որ հոգին «գլուխ» է անվանվում, վկայում է Սողոմոնը. «Իմաստունի աչքերն իր գլխի մեջ են» (Ժող. 2։14): Հայտնի է, որ մարմնի գլխի մասին չէ, որ ասվեց, այլ հոգու, քանի որ ոչ միայն իմաստունների աչքերն են տեսանելի գլխում, այլև հիմարների և բոլոր մարդկանց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1