Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
28-30. «Եվ հագուստի համար ինչո՞ւ եք անհանգստանում. նայե՛ք դաշտի շուշաններին՝ ինչպե՛ս են աճում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում»։ «Բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնն իր ամբողջ փառքի մեջ չհագնվեց նրանցից ոչ մեկի պես»։ «Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է նետվելու, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր»։
Փրկիչը, խոսելով անհրաժեշտ (կենսական կարևորության) կերակուրի մասին և ցույց տալով, որ դրա մասին էլ պետք չէ չափից շատ հոգս անել, անցնում է ավելի քիչ հոգածություն պահանջող կարիքին, քանի որ հագուստն այնքան անհրաժեշտ չէ մարդուն, որքան կերակուրը։ Ինչո՞ւ, սակայն, հագուստի մասին խոսելիս Նա չի օգտագործում թռչուններից վերցված նույն համեմատությունը և չի հիշատակում, օրինակ, սիրամարգին, կարապին կամ ոչխարին։ Չէ՞ որ այս կենդանիներից նույնպես կարելի էր բազմաթիվ օրինակներ վերցնել։ Դա ա´յն պատճառով է, որ Քրիստոս ցանկանում է երկու դիտանկյունից ցույց տալ Իր կողմից սահմանված պատվիրանի կարևորությունը՝ և՛ հիշատակվող առարկաների ու երևույթների (այստեղ` կենդանիների ու թռչունների) գեղեցկության աննշան լինելու իրողությունից, և՛ հենց այդ գեղեցկությունից, որը տրված է, օրինակ, շուշաններին։ Ահա թե ինչու, նկարագրելով շուշանների գեղեցկությունը, Քրիստոս այնուհետև այլևս չի անվանում դրանք պարզապես «շուշաններ», այլ «դաշտի խոտ»։ Նա նույնիսկ չի բավարարվում այդ անվանմամբ, այլ մեկ այլ տեսանկյունից նույնպես ներկայացնում է դրանց աննշանությունը՝ ասելով. «այսօր կա», և դրան էլ չի հավելում, թե՝ «այդ խոտը հաջորդ օրը չի լինելու», այլ ավելի է նսեմացնում այն՝ ասելով. «հնոցն է նետվելու»։
Դարձյալ, Հիսուս չի ասում պարզապես՝ «հագցնում է», այլ՝ «այդպես է հագցնում»։ Տեսնո՞ւմ ես, թե Փրկիչն ինչպես է աստիճանաբար ավելի ու ավելի շեշտադրում Իր միտքը։ Եվ դա Նա անում է ա´յն բանի համար, որպեսզի ավելի ուժգնորեն ներազդի Իր ունկնդիրների վրա։ Ահա թե ինչու Է Քրիստոս հավելում. «որքա՜ն ավելի ձե´զ»։ Սա ասվում է առանձնահատուկ արտահայտչականությամբ և զորավոր հնչեղությամբ։ «Ձեզ» բառով Հիսուս ցույց է տալիս ոչ այլ ինչ, քան այն, որ մարդկային ցեղն Աստծուց մեծագույն պատվի և առանձնահատուկ հոգածության է արժանացել։ Քրիստոս կարծես այսպես էր ասում. «Ձեզ, ում Աստված շնորհեց հոգի, ում համար մարմին ստեղծեց, ում համար արարեց տեսանելի ամեն բան, ում համար ուղարկեց մարգարեներին, ում տվեց օրենք և ում համար անթիվ բարիքներ գործեց, հանուն ում որ մատնեց Իր իսկ Միածին Որդուն… (և Նրա միջոցով էլ անթիվ շնորհներ պարգևեց)»։
Այս խոսքերից հետո էլ Փրկիչը հանդիմանում է Իր ունկնդիրներին՝ նրանց կոչելով «թերահավատներ»։ Այդպիսին է խորհուրդ տվողի էությունը։ Նա ոչ միայն համոզում է, այլ նաև` հանդիմանում, որպեսզի այդպիսով էլ առավել հորդորի հնազանդվել Իր խոսքերին։ Այսպես, Քրիստոս մեզ արգելում է ոչ միայն հոգ տանել գեղեցիկ հագուստների մասին, այլև արգելում է զարմանալ այն ժամանակ, երբ մենք դրանք տեսնում ենք ուրիշների հագին։ Ծաղիկների զարդարանքը, խոտերի գեղեցկությունը և նույնիսկ պարզ խոտն ավելի արժանի են հիացմունքի, քան թե` մեր թանկարժեք հագուստները։ Ուստի դու ինչո՞ւ ես հպարտանում այն բանով, ինչով հասարակ խոտն անգամ անհամեմատ գերազանցում է քեզ։ Նկատի՛ր, թե Փրկիչն ինչպես է հենց սկզբից ևեթ մատնացույց անում, որ Իր պատվիրանը դյուրապես իրագործելի է՝ հեռու վանելով այն, ինչից վախենում էին Իր ունկնդիրները (այսինքն` հեռացնելով, հեռու վանելով ամեն միտք, որը կարող էր վերաբերել ավելորդ հոգսատանջություններին` ճիշտ այնպես, ինչպես նախկինում, երբ Քրիստոս խոսում էր կերակրի մասին)։
Ասելով՝ «նայե՛ք դաշտի շուշաններին», Հիսուս այդուհետ ավելացնում է. «Ջանք չեն թափում…»։ Ուրեմն, Իր այս պատվիրանով Փրկիչը ցանկանում է մեզ ազատել մեր ջանքերից (չարչարանքներից)։ Այսպիսով, ջանքը ոչ թե այն է, երբ մենք չենք հոգում հագուստի մասին, այլ այն, երբ հոգածում ենք։ Եվ ինչպես այն ժամանակ, երբ Քրիստոս ասաց, թե` «չեն սերմանում….», այդպիսով արգելեց ոչ թե սերմանելը, այլ կերակրի մասին ավելորդ հոգսը, այդպես էլ Իր այս խոսքերով, թե` «ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում», Նա արգելում է ոչ թե աշխատելը, այլ հագուստի մասին ավելորդ մտատանջության մեջ ընկնելը։ Սողոմոնն իր ամբողջ մեծությամբ չկարողացավ համեմատվել ծաղիկների գեղեցկության հետ, և դա ոչ թե միայն մեկ անգամ, այլ իր ամբողջ թագավորության ժամանակամիջոցում (ոչ ոք չի կարող ասել, որ Սողոմոնը մի օր լավ էր հագնվում, իսկ մյուս օրը՝ ոչ. բնա´վ, չկար գեթ մեկ օր, երբ նա զարդարված չլիներ փառահեղ հանդերձանքով` ծաղիկների նմանողությամբ: Ահա սա էլ ակնարկում է Քրիստոս` «իր ամբողջ փառքի մեջ» խոսքերով)։ Ընդ որում, Սողոմոնն իր զգեստների գեղեցկությամբ անկարող եղավ համեմատվել ոչ միայն այս կամ մյուս ծաղկի հետ, այլ բոլորի հետ` առանց բացառության (այդ պատճառով էլ Փրկիչն ասաց՝ «նրանցից ոչ մեկի պես»: Եվ դեռ հագուստների ու ծաղիկների միջև այնպիսի մեծ տարբերություն կա, ինչպիսին որ կա ճշմարտության և ստի միջև)։ Ուստի, եթե նույնիսկ այդ թագավորը, որ բոլոր ժամանակներում երկրի վրա թագավորած արքաներից ամենահայտնին էր, չկարողացավ համեմատվել դաշտի ծաղիկների հետ, արդյո՞ք դու երբևէ կարող ես գերազանցել ծաղիկների գեղեցկությանը կամ գոնե մի փոքր-ինչ մոտենալ դրան։ Իր այս օրինակով Փրկիչը մեզ սովորեցնում է, որ մենք ընդհանրապես չպետք է խորհենք նմանատիպ զարդարանքի մասին։ Նայի՛ր, թե ինչ վախճան ունի այն։ Փրկիչը, այդքան գովաբանելով շուշանների գեղեցկությունը, ի վերջո ասում է. «Հնոցն է նետվելու»։ Ուստի, եթե Աստված այդպես հոգ է տանում ոչնչություն համարվող և նվազագույն օգուտ բերող առարկաների ու երևույթների (այստեղ` կենդանիների ու թռչունների) մասին, մի՞թե Նա չի հոգա քո´ մասին, որ բոլոր արարածներից լավագույնն ես։
«Այդ դեպքում ինչո՞ւ է, որ, - կհարցնես դու, - Աստված ծաղիկներն այդքան գեղեցիկ ստեղծել»։ Ա´յն բանի համար, որպեսզի այդպիսով ցույց տա Իր իմաստությունը և մեծասքանչ զորությունը, որպեսզի մենք ամենուր ճանաչենք Նրա փառքը։ Ոչ միայն «երկինքն է պատմում Աստծու փառքը» (Սաղմ. 18:2), այլ նաև` երկիրը։ Եվ Դավիթը նույնպես, վկայելով սրա մասին, ասաց. «Օրհնեցե՛ք Տիրոջը, պտղաբե´ր ծառեր և բոլո´ր մայրիներ» (հմմտ. Սաղմ. 148:9)։ Մեկը պտղաբերությամբ է փառաբանում իր Արարչին, մյուսը՝ մեծությամբ, մեկ ուրիշը՝ գեղեցկությամբ։ Եվ սա Աստծու մեծ իմաստության և զորության նշանն է, երբ Նա այդօրինակ գեղեցկությամբ է զարդարում Իր նույնիսկ ամենաստորին արարածին (և իսկապես որ, ի՞նչը կարող է ավելի ստորին լինել, քան այն, ինչն այսօր կա, իսկ վաղը՝ չկա)։ Ուստի, եթե Աստված խոտին տալիս է այն, ինչ նրան ընդհանրապես պետք չէ (օրինակ, արդյոք խոտի գեղեցկությունն անհրաժե՞շտ է կրակին), ապա Նա քեզ ինչպե՞ս չի տա այն, ինչի կարիքը որ դու ունես։ Եթե նույնիսկ Իր ամենաստորին արարածին Տերն առատաձեռնորեն զարդարել է, և դա ոչ թե որևէ կարիքի, այլ գեթ փառքի համար, ապա առավել ևս ամեն անհրաժեշտով կզարդարի քեզ, որ բոլոր արարածներից ամենաթանկն ես։
Եթե ցանկանում ես ուսանել, թե ինչպես կարող ես արհամարհել զարդարանքները, ապա դաշտի ծաղիկները կսովորեցնեն քեզ չհոգալ արտաքին զարդերի մասին։ Սա բացատրեց Ինքը` Քրիստոս՝ ասելով. «Նայե՛ք դաշտի շուշաններին, թե ինչպես են աճում. չեն աշխատում, չեն մանում. բայց ասում եմ Ձեզ, որ նույնիսկ Սողոմոնն իր ամբողջ փառքով չէր հագնվում այնպես, ինչպես նրանցից յուրաքանչյուրը»։ Ուստի, երբ խորհրդածես հոգ տանել հանդերձներիդ գեղեցկության մասին, հիշի՛ր, որ որքան էլ ջանաս, միևնույն է, խոտն է «հաղթելու», իսկ դու երբեք էլ չես կարող նույնիսկ համեմատվել նրա (խոտի) հետ, ու իսկույն ևեթ հրաժարվի´ր քո այդ անմիտ մոլուցքից։
«Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է նետվելու, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր» - Քանի որ Փրկիչն արդեն իսկ ապացուցել էր Աստծու Հոգածությունը մարդու նկատմամբ, Նրան այժմ մնում էր միայն հանդիմանել Իր ունկնդիրներին։ Եվ այստեղ Փրկչի հանդիմանությունը միահյուսված է հեզությանը։ Նա հանդիմանում է Իր ունկնդիրներին ոչ թե անհավատության, այլ թերահավատությա´ն համար. «Եթե դաշտի խոտին Աստված այդպես է հագցնում, — ասում է Նա, — ապա որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր»։ Թեև այս ամենը կատարողը Քրիստոս Ինքն է, քանի որ «ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրան չեղավ ոչինչ, որ եղել է» (Հովհ. 1:3), սակայն Նա դեռ ոչ մի տեղում չի հիշատակել Իր մասին։ Իր իշխանությունը ապացուցելու համար առայժմ բավական էր միայն այն, որ Քրիստոս յուրաքանչյուր պատվիրանի մասին ասում էր հետևյալը. «Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին…իսկ Ես ձեզ ասում եմ» (Մատթ. 5:21-22 և այլն)։ Ուստի, մի՛ զարմացիր, որ Քրիստոս Իր հետագա խոսքերում կա՛մ ընդհանրապես չի խոսում Իր մասին, կա՛մ էլ խոսում է խոնարհությամբ: Փրկիչն առաջին հերթին հոգ էր տանում միայն այն մասին, որ Իր խոսքն ունկնդիրների կողմից սիրով ընդունվի, և Նա ամեն ինչում կամենում էր ցույց տալ, որ Ինքը ոչ թե Աստծու հակառակորդն է, այլ միակամ և համաձայն է Հոր հետ։ Հենց դա է Նա անում նաև այստեղ։ Իր ողջ քարոզի ընթացքում Հիսուս անդադար հիշատակում է Հորը՝ հիանալով Նրա իմաստությամբ, հոգածությամբ և ամեն ինչի՝ թե´ փոքրի ու թե´ մեծի մասին հոգ տանելով։ Երբ Քրիստոս խոսում էր Երուսաղեմի մասին, Նա այն անվանեց «մեծ Թագավորի քաղաք», երբ հիշատակում էր երկինքը, այն նույնպես անվանեց «Աստծու գահ»։ Խոսելով աշխարհի կառուցման մասին` Հիսուս կրկին ամենը վերագրում է Աստծուն՝ ասելով. «Քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրայ և անձրեւ է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:45)։
Քրիստոս աղոթքում նույնպես մեզ սովորեցնում է ասել. «…որովհետև Քո՛նն է թագավորությունը և զորությունը և փառքը» (Մատթ. 6:13)։ Նույն կերպ նաև այստեղ, խոսելով Աստծու նախախնամության մասին և ցույց տալով, թե Աստված ինչպես է նույնիսկ ամենափոքր բաներում երևում որպես գերազանց Վարպետ, ասում է, որ Տերն է հագցնում դաշտի խոտին։ Ընդ որում, Հիսուս ոչ մի տեղում Աստծուն չի անվանում Իր Հայրը, այլ նրա´նց (ունկնդիրների) Հայրը, որպեսզի այդպիսով ավելի համոզիչ փաստարկներով Իր ունկնդիրներին ներկայացնի իրենց վիճակված այդօրինակ պատիվը, և որպեսզի նրանք (Հիսուսի ունկնդիրները) այլևս չնեղանան, երբ Հիսուս Հայր Աստծուն նաև Ի´ր Հայրն անվանի։ Բայց եթե փոքր և անհրաժեշտ բաների մասին չպետք է հոգ տանել, ապա ինչպե՞ս կարող են ներման արժանանալ նրա´նք, ովքեր հոգ են տանում թանկարժեք բաների մասին։ Եվ, հատկապես, ինչպե՞ս կարող են ներման արժանանալ նրա´նք, ովքեր նույնիսկ զրկում են իրենց քնից, որպեսզի խլեն ուրիշին պատկանող այս կամ այն ունեցվածքը։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
28-29. Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում եւ ո՛չ հիւսում: Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման:
Եվ հագուստի՞ համար ինչու եք մտահոգվում. նայեք վայրի շուշանին՝ ինչպե՛ս է աճում. ոչ ջանք է թափում, ոչ հյուսում: Ասո՛ւմ եմ ձեզ. անգամ Սողոմոնն իր ողջ փառքի մեջ չհագնվեց նրանցից մեկի պես:
Ինչպիսի՜ հարմար և իմաստուն խրատ, որ հույժ գերազանցում է հույն փիլիսոփաների [իմաստությանը] և բաղդատության արվեստն անսխալ է պահում: Որովհետև նախ ասաց, թե հոգին կերակրից առավել է և մարմինը՝ հագուստից, ապա, քանի որ կերակուրը հագեցնելու համար է, սովորեցրեց կենդանի թռչուններին նայել, և որ հագուստը մարմինը [ծածկելու] կարիքի համար է, հորդորեց սովորել ոչ թե սիրամարգներից կամ ուրիշ թռչուններից, այլ խիստ նվաստ [արարածներից]՝ ծաղիկներից: Նախ՝ երկրաչափական հարմարությամբ համեմատություն է կատարում. հոգին առավել է կերակրից, այդպես էլ մարմինը՝ հագուստից, և ինչ որ կերակուրն է թռչունների համար, նույնը հագուստը՝ շուշանների: Երկրորդ՝ համոզելու համար ծաղիկներից է օրինակ բերում՝ [որպես թե ասելով]. «Այդքան մի՛ տրվեք հագուստի զանազան զարդարանքներին, քանի որ նրա գեղեցկությունը խոտի է նման, խոտը նույնիսկ ավելի պատվական է, քան այդպիսի նկարակերտ պատմուճանները», որոնք [Տերը] «վայրի» է կոչում: Որովհետև կան ծաղիկներ, որ մարդկանց ձեռքով են մշակվում, իսկ այստեղ [Տերը] «ջանք չթափող ու չհյուսող» վայրի [ծաղկի] մասին է խոսում, որպեսզի սրանով Իր խնամքը ցույց տա և ամեն չարչարանքից մեզ ազատի, որովհետև մտահոգվելն ու տատամսելն ավելի են տանջում, քան գործ անելը:
Չի աշխատում, ասում է, չի մանում, չի հյուսում, սակայն այնքան պայծառ է, որ Սողոմոնն իսկ պարտվում է նրա գեղեցկության համեմատ. ո՛չ թե մեկ կամ երկու անգամ, այլ ո՛չ մի օր այդպես չզարդարվեց իր թագավորության ամբողջ փառքի մեջ, ոչ միայն մի՛ ծաղկի նման, այլ միանգամից բոլոր: Ուստիև ավելացնում է [Տերը]. «Չհագնվեց նրանցից մեկի պես», որպեսզի հայտնի, որ ծաղիկների գույների բնությունն աստվածաստեղծ շնորհով է. թեպետ [մարդիկ] սովորեցին նրանց նայել և միջոցներ գտան դրանց [գույները] գործածել, սակայն չկարողացան իրենց արվեստի միջոցով նարոտի գույների բազմաթիվ երանգների ներկերը ամենավերջին ծաղիկների [երանգներին] հավասար անել: Եվ ինչպես որ շուշանով [Տերը] նկատի ունի բոլոր ծաղիկները, այդպես էլ Սողոմոնով՝ երկրի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը: Բայց եթե բոլոր վայելքների փորձն առած Սողոմոնը [այս գեղեցկությանը] չհասավ, ուրիշ ո՞վ [կհասնի]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում եւ ո՛չ հիւսում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: