Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:22

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այն օրը շատերն Ինձ կասեն. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք, և Քո անունով դևեր հանեցինք ու Քո անունով շատ հրաշքներ գործեցինք»»։
   
    «Այն օրը շատերն Ինձ կասեն. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք»: Այսինքն՝ Երկնքի արքայությունից զրկվում է ոչ միայն նա, ով հավատ ունի, բայց անտեսում է Կյանքը, այլև նույն կերպ սրբազան դարպասներից վտարվում է նաև նա, ով իր ունեցած հավատի հետ մեկտեղ նույնիսկ շատ հրաշքներ էլ է գործել, բայց ոչ մի բարի գործ չի արել:

    «Այն օրը շատերն Ինձ կասեն. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք»: Տեսնո՞ւմ ես, թե Փրկիչն ինչպես է աննկատորեն ներկայացնում արդեն Իր իսկ սեփական դեմքը և, ամբողջ քարոզն ավարտելով, Իրեն հռչակում է որպես Դատավոր: Այն, որ մեղավորներին պատիժ է սպասվում, Հիսուս հայտարարել էր դեռևս ավելի վերևում, իսկ ահա այն, թե ո´վ է պատժելու նրանց, սա Քրիստոս բացահայտում է արդեն այստեղ: Այնուամենայնիվ, Փրկիչն ուղղակիորեն չի ասում՝ «Ես կպատժեմ», այլ՝ «շատերն Ինձ կասեն», և Իր այս խոսքով արտահայտում է այդ միևնույն գաղափարը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»:
   
    Շատերն Ինձ այն օրը կասեն. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք, Քո անունով հանեցինք դևեր և Քո անունով գործե ցինք բազում հրաշքներ»:

    Նախ՝ մեղմությամբ ցույց է տալիս, որ Ինքը դատավոր է: Որպեսզի չկարծեն, թե Հորից առավել ցածր է, որ ասաց. «Ով կատարում է Իմ Հոր կամքը», այստեղ ասում է. «Ի՛նձ կասեն» և թե՝ «Հեռո՛ւ գնացեք», որն իսկապես դատավորին է հատուկ, քանի որ աստվածությամբ Նա մեկ է Հոր հետ: Եվ երկրորդ՝ սովորեցնում է, որ բոլոր մարդիկ հարցուփորձի են ենթարկվելու ըստ խոսքերի, գործերի և խորհուրդների: Բայց հարկավոր է քննել, թե ովքե՞ր են սրանք: Ինձ թվում է՝ նրանք են, ովքեր հավատ ցույց տվին առանց գործերի. նախ Տերը զգուշացրեց նրանց, ապա Հակոբոսն է բողոքում. «Ի՞նչ օգուտ կա, երբ մեկը հավատ ունի, բայց գործեր չունի, որովհետև հավատն առանց գործերի դատարկ է» (հմմտ. Հակ. 2։14, 17), ինչպես և հակառակը՝ [դատարկ են նաև] գործերն առանց հավատի, երբ կատարվում են փառքի համար, կամ բնությունից մղված: Այսպես էլ այստեղ. [Տերը] վճիռ է սահմանում այնպիսիների համար, ովքեր ոչ միայն հավատ ունեին, այլև այնքա՛ն զորավոր, որ մեծամեծ հրաշքներ էին գործել, բայց բարի գործեր չունենալու պատճառով [իրենց հավատից] ոչ մի օգուտ չունեցան: Սա իմանալով էր Պողոսն ասում. «Եթե ունենամ լեռներ տեղաշարժելու հավատ և իմ ամբողջ ունեցվածքը բաշխեմ աղքատներին, մարմինս էլ մատնեմ կրակով այրման, բայց սեր չունենամ, ոչինչ եմ» (հմմտ. Ա Կոր. 13։2-3): Տերն էլ [ասում է]. «Մի՛ ուրախացեք, որ դևերն էլ են ձեզ հնազանդվում» (հմմտ. Ղուկ. 10։20), որպեսզի ցույց տա, որ առաքինությունն է, որ կարող է հաղթել ամեն ինչի:

    Եվ որ ունայնաբար չէին պարծենում դատաստանի ժամանակ, երևում է նրանից, որ ասում են. «Չէ՞ որ Քո անունով մարգարեացանք և Քո անունով հանեցինք դևեր»: Սա սաստիկ դատապարտում է նրանց և ոչ թե փրկում, քանի որ իրենց գործերով չեն կարողանում ներկայանալ, Նրա անունո՛վ են օրինակներ բերում: Նաև եթե Նրան ճանաչած չլինեին, ներման տեղ կլիներ, բայց այժմ՝ այնքան ծանոթ լինելուց հետո, որ նույնիսկ շնորհ ընդունեցին, Շնորհատուի հանդեպ ապերախտ գտնվեցին: Այլ կերպ ևս [կարելի է հասկանալ]. եթե Քրիստոսի անվամբ այդքան հրաշքներ գործելու հասան, ի՞նչ կասես, եթե նաև [Նրա] գործերի էությանը հետևեին: Ինձ թվում է՝ Նրա [արածներից] էլ ավելի մեծ գործեր կկատարեին, ինչպես Ինքն ասաց (Հովհ. 14։12):

    Բայց կարող է մեկը հարցնել, թե այդ դեպքում [Տերն] ինչո՞ւ շնորհներ տվեց: Նախ՝ [դրանով Տերն] Իր շնորհի գերազանցությունն է ցույց տալիս, որովհետև Տիրոջ գալստյան ժամանակ անարժաններից շատերը շնորհ ստացան, որպեսզի շնորհի առա տությամբ հայտնի դառնա Նրա մուտքն աշխարհ, ինչպես որ արևի ծագելուց ոչ միայն կենդանի, այլև անշունչ [արարածներն] են լուսավորվում, և երբ ինքնակալները [որևէ տեղ] մուտք են գործում, նաև հույժ աղքատներն են հարստանում: Երկրորդ՝ շնորհը պատկանում է պարգևները Շնորհողին և ոչ թե [ստացողների] անձերին, ուստի պիտի սթափվեին, զգաստանային և շնորհը Տվողի հրամանը կատարեին, իսկ նրանք հակառակն արեցին, ուստի դատվեցին: Եվ երրորդ՝ անօրեն չէին այն ժամանակ, երբ շնորհները ստացան և հրաշքներ էին գործում, այլ հետո՛ մոլորվեցին, ինչպես Հուդան և շատ ուրիշներ, ովքեր շնորհի քանքարն առնելով՝ ծրարեցին հաճույքասիրության վարշամակի մեջ: Ուստի [Տերը] հրամայեց նրանց [քանքարը] վերցնել և նրանց բաժինը անհավատների հետ դնել (Մատթ. 25։14-30, Ղուկ. 19։12-28):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»:
   
    «Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք և Քո անունով դևեր հանեցինք» և այլն:

    Մարգարեացավ Բաղաամը՝ Մադիամի քուրմը (Թվեր 23), նաև քահանայապետը՝ Քրիստոսի խաչելության համար: Եվ ոմանք, Քրիստոսի անունով երդվելով, դևեր հանեցին՝ բռնադատելով նրանց: Բայց քանի որ չհավատացին Նրան, դրա համար այն օրը արդար Դատավորից պիտի լսեն. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացե՛ք Ինձանից, դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում» (Մատթ. 7։23):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1