Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:6

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

6-7. «Բայց որպեսզի դուք իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու, այդ ժամանակ անդամալույծին ասաց. «Վե՛ր կաց, մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա»»։ «Եվ նա վեր կացավ, վերցրեց իր մահճակալը և մտավ իր տունը»։
   
    Քանի որ դպիրներն ասում էին, որ ոչ ոք չի կարող թողություն տալ մեղքերին, բացի միայն Աստծուց, ուստի Փրկիչը, ցանկանալով նրանց ցույց տալ, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու, այդ ժամանակ անդամալույծին ասաց. «Վե՛ր կաց, մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա»:

    Եվ ոչ միայն այստեղ, այլև մեկ ուրիշ դրվագում նույնպես, երբ հրեաներն ասացին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյության համար և նրա համար, որ Դու մարդ ես, բայց Ինքդ Քեզ Աստծու տեղ ես դնում» (Հովհ. 10:33), այդժամ Փրկիչը չհերքեց նրանց այդօրինակ կարծիքն Իր մասին, այլ կրկին հաստատեց այն՝ ասելով. «Եթե Իմ Հոր գործերը չեմ անում, Ինձ մի՛ հավատացեք։ Իսկ եթե անում եմ, թե Ինձ էլ չեք հավատում, գործերի՛ն հավատացեք» (Հովհ. 10:37–38):

    Երբ Հիսուս խոսում էր անդամալույծի հետ, Նա հստակ չբացահայտեց Իր իշխանությունը, քանի որ չասաց թե՝ «Ես ներում եմ քո մեղքերը», այլ՝ «քո մեղքերը քեզ ներված են»։ Իսկ ահա երբ պետք էր համոզել թշնամիներին, այդժամ Քրիստոս առավել հստակորեն է ցույց տալիս Իր իշխանությունը՝ ասելով. «Բայց որպեսզի դուք իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու․․․»: Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպես է ցանկանում, որ Իրեն Հայր Աստծուն համահավասար համարեն: Նա չի ասում, որ Մարդու Որդին ուրիշից օգնություն ստանալու կարիք ունի կամ որ իշխանություն է ստացել ուրիշից, այլ ասում է. «Իշխանություն ունի․․․»: Եվ սա ասում է ոչ թե փառասիրությունից մղված, այլ որպեսզի դրանում վստահեցնի Իր թշնամիներին՝ որպես ապացույց այն բանի, որ Ինքը չի հայհոյում՝ Ինքն Իրեն հավասար համարելով Հայր Աստծուն: Տերն ամենուր ցանկանում է ներկայացնել պարզ և անհերքելի ապացույցներ։ Օրինակ՝ բորոտությունից մաքրվածին ասում է. «Գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր» (Մատթ. 8:4): Պետրոսի զոքանչին տալիս է ուժ՝ ծառայելու Իրեն, և խոզերին էլ թույլ է տալիս ընկղմվել ծովը: Նույնպես և այստեղ, որպես անդամալույծի մեղքերին թողություն տալու ապացույց, Քրիստոս առողջացնում է նրա մարմինը, իսկ մարմնի առողջացման ապացույցի համար էլ նրան հրամայում է վերցնել սեփական մահճակալը, որպեսզի Փրկչի կատարած հրաշքը խաբեություն չհամարվի:

    Այսպիսով, առողջացնելով անդամալույծին, Տերը նրան իր տուն է ուղարկում: Այստեղ Հիսուս կրկին ցույց է տալիս Իր խոնարհությունը և ևս մեկ անգամ հաստատում է, որ Իր կատարած հրաշքը ցնորք չէ. նրանք, ովքեր վկա էին անդամալույծի հիվանդությանը, դառնում են նաև նրա առողջացմա՛ն վկաները: Կարծես Հիսուս այսպես ասեր. «Ես ցանկանում էի քո հիվանդությամբ բուժել նաև նրա՛նց, ովքեր իրենց առողջ են համարում, բայց իրականում հիվանդ են հոգով։ Սակայն քանի որ նրանք դա չեն ցանկանում, «գնա՛ քո տունը» և ուղղիր նրանց, ովքեր այնտեղ են: Տեսնո՞ւմ ես, թե Տերն ինչպես է ցույց տալիս, որ Ինքը հոգու և մարմնի Արարիչն է: Նա հիվանդին բժշկում է և՛ հոգևոր, և՛ մարմնական անդամալուծությունից ու անտեսանելին բացահայտում է տեսանելիի միջոցով:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, - ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, - վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»:
   

    «Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքեր ներելու»:

    Միթե երկնքում չունի՞: Ոչ թե սա՛ նկատի ունի, այլ որ «երկնքում հրեշտակները քաջ գիտեն, որ իշխանաբար անում եմ՝ ինչ որ կամենում եմ, իսկ երկրավոր ցեղերը, Ինձ չճանաչելու պատճառով, տակավին չգիտեն, և կամենում եմ, որ նրանք էլ իմանան, որ Մարդու Որդին, Ումից գայթակղվում եք ձեր մեջ մարմնով [շրջելու] պատճառով, Աստծո Որդին է՝ պարտապանների մեղքերին թողություն տվող»: Բայց դու ուշադրությո՛ւն դարձրու այս [խոսքի] իմաստին. չասաց, թե Աստծո՛ Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքեր ներելու, այլ Մարդո՛ւ Որդին, ինչով ցույց տվեց Իր անքակ և անբաժանելի մարդկությունը, որ անշփոթաբար միավորված էր Խոսք Աստծո հետ: Որովհետև Ով մարմին առավ, չհրաժարվեց մարդուց և Իրեն«Մարդու Որդի» կոչեց Ադամի և Կույսի պատճառով, այլև ամբողջ մարդկությունը հագավ, որպեսզի բոլորին մաքրի:

    Այդ ժամանակ ասաց անդամալույծին. «Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և գնա՛ քո տուն»:

    Ինչպես ասվեց, [անդամալույծի] հոգու ապաքինումը հաստատելու համար առողջացրեց նաև մարմինը, ինչով ցույց տվեց, որ Ինքը Նա է, Ով հողի թույլ ու ծանր բնությունից բանական ու խոսուն [մարդուն] ստեղծեց և երկրի վրա դրեց, կնոջ արգանդում հեղուկ սերմի զորությունը նախախնամական Իր խոսքով կենդանաստեղծում է մի հրաշալի գոյացությամբ, մեր հողացած բնությունը երկրորդ անգամ ձուլեց և «հարության շնորհով նորոգելու է մեր խոնարհ մարմինը՝ կերպարանակից դարձնելով Իր փառավոր աստվածությանը» (հմմտ. Փիլպ. 3։21)՝ ըստ այսմ. «Մշտնջենավոր է Նա, Ով քայքայելու է ինձ հողում՝ հարություն տալու համար իմ կաշին, որը կրեց այս ամենը» (Հոբ 19։25-26). [և սա անելու է] միայն խոսքով: Ինչպես և ասվում է [այստեղ].
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, - ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, - վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:2