Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Այդ ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան Նրան ու ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ենք ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»»։
Այսպիսով, երբ Քրիստոս բոլորովին փակեց փարիսեցիների բերանը՝ ինչպես Սուրբ Գրքից վերցված, այնպես էլ սովորական իրապայմանների կարգուկանոնից բխող ապացույցներով, և նրանք (փարիսեցիները) Փրկչին հակառակ ոչինչ չկարողացան ասել, — որովհետև, Հիսուսին մեղադրելով, իրե՛նք մեղավորներ և Հին Կտակարանի օրենքի հակառակորդներ դուրս եկան, ուստի այդժամ, Քրիստոսին հանգիստ թողնելով, այս փարիսեցիները կրկին սկսում են մեղադրել աշակերտներին: Ղուկաս Ավետարանիչն ասում է, որ փարիսեցինե՛րն էին մեղադրում Հիսուսի աշակերտներին (տե՛ս Ղուկ. 5:33), մինչդեռ Մատթեոսը մեղադրելու այդ գործը վերագրում է Հովհաննեսի աշակերտներին: Բայց հավանական է, որ թե՛ մեկը, և թե՛ մյուսը մեղադրում էին Քրիստոսի աշակերտներին: Կարելի է կարծել, որ փարիսեցիները, չիմանալով, թե ինչ անեն, իրենց հետ վերցրին նաև Հովհաննեսի աշակերտներին, ինչպես այնուհետ էլ իրենց կողմն էին գրավելու հերովդեսականներին: Իրոք որ, Հովհաննեսի աշակերտները մշտապես նախանձում և հակառակվում էին Քրիստոսին, ու միայն այն ժամանակ խոնարհվեցին, երբ Հովհաննեսը բանտարկվեց. այդ ժամանակ նրանք եկան՝ Հիսուսին այդ մասին հայտնելու, բայց հետո կրկին վերադարձան իրենց նախկին նախանձին: Ի՞նչ են նրանք ասում: «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ենք ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»: Ահա ա՛յն հիվանդությունը, որից բխող չարիքը կանխատեսելով, Քրիստոս նախապես իսկ առաջարկում էր դրա բուժում՝ ասելով. «Երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ» (Մատթ. 6:17):
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
Նախ Ուսուցչին վատաբանեցին աշակերտների առաջ, այժմ էլ աշակերտներին՝ Ուսուցչի: Ղուկասն ասում է, որ դրանք փարիսեցիներ էին (Ղուկ. 5։30, 33), իսկ [Մատթեոսը]՝ թե Հովհաննես [Մկրտչի] աշակերտները: Արդ՝ կամ Հովհաննեսին աշակերտածները փարիսեցիներից էին, կամ երկու կողմերն էլ նախանձում էին Հիսուսի աշակերտներին և [կարծելով], թե [իրենց հարցին] պատասխան չեն ստանա, [կամենում էին] նրանց իրենց համախոհը դարձնել, ինչպես հետո՝ հերովդեսականներին: Եվ թեպետ Հովհաննեսը շատ անգամ էր բացատրել, որ ինքն առավել նվաստ է, իսկ [Հիսուսը]՝ առավել զորավոր, չէին համոզվում, որովհետև կարծում էին՝ խոնարհությունից է այդպես ասում, ուստի այժմ այս հարցը տալով կարծում էին, թե պատասխան չեն ստանա, ինչով Հիսուսի աշակերտներին իրենց կհարեն: Իսկ հարցի միտքն այսպիսին է. «Համարենք, թե Դու իբրև բժիշկ ես դա անում, բա Քո աշակերտնե՞րն ինչու են, պահքը թողած, սեղան նստել զվարճանում»: Որտեղի՞ց էին նրանք սովորել պահեցողություն անել. պարզ է, որ Հովհաննեսից, իսկ փարիսեցիները՝ Օրենքից, ինչպես ասում էր [Տիրոջ պատմած առակի] փարիսեցին. «Շաբաթը երկու անգամ պահեցողություն եմ անում» (Ղուկ. 18։12): Բայց սրանք, Հովհաննեսի մեծ համբավի պատճառով հպարտացած, նախ իրենց մասին նշեցին, հետո փարիսեցիների և այդ համեմատությամբ կամենում էին [Հիսուսի աշակերտներին] ավելի վարկաբեկել. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ պահեցողություն ենք անում», այսինքն՝ «մե՛րն էլ խափանիր», որպեսզի դրանով օրինազանց ցույց տային [Հիսուսին], կամ էլ [ցանկանում էին ասել]. «Հրամայիր Քո [աշակերտներին] պահեցողություն անել»:
[Եվ Հիսուսը] պատշաճ պատասխան տվեց նրանց:
Ստեփանոս Սյունեցի (†735)
14-16․Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն: Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
«Այն ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ Քո աշակերտները չեն պահում»: Հիսուս նրանց ասաց. «Մի՞թե կարելի բան է, որ հարսանքավորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է, բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա ծոմ կպահեն: Ոչ ոք չօգտագործված կտավի կտորը հնացած ձորձի վրա չի կարկատի»:
[Երբ] ուտելու և ըմպելու պատճառով Քրիստոսի աշակերտները արհամարհվեցին Հովհաննեսի աշակերտներից ու փարիսեցիներից, Հիսուս պատասխանեց, թե մինչ Ես՝ Փեսաս, նրանց հետ եմ, պետք չէ դրանց պահք պահել, այլ միայն ուսանել իմ վարդապետությունն իբրև մի նոր վարդապետություն, որովհետև այն հնացած և մաշված չէ հրեական վարդապետություններով: Քանզի այդպիսիներին, ովքեր չեն կարողանում հանդուրժել իմ վարդապետությունը, այլ բաժանվում և պատռվում են, պետք չէ ուսուցանել:
Ինչպես և նախապես ասվեց, թե մի՛ տվեք սրբությունները շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չդառնան և հետո ձեզ պատռեն (Մատթ. 7։6): Եվ ինչպես չօգտագործված կտավի կտորը հնացած ձորձի վրա չեն կարկատում, որովհետև էլ ավելի կպատռվի, և [ոչ էլ] նոր գինին հին տիկերի մեջ են [լցնում], քանի որ և գինին կթափվի, և տիկերն էլ կկորչեն, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, որպեսզի և՛ գինին պահվի, և՛ տիկերը չպատռվեն (հմմտ. Մատթ. 9։16-17), այնպես էլ նոր և սքանչելի վարդապետությունը չի հանդուրժում ընդունել հրեական և հեթանոսական ախտերով վարակված և հնացած անձանց:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:9
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: