Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:12

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

12-20. «Այդ ժամանակ Նրա աշակերտները մոտեցան և Նրան ասացին. «Գիտե՞ս, որ երբ փարիսեցիներն այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին»։ «Նա պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի»»։ «Թողե՛ք նրանց. նրանք կույր են և կույրերի առաջնորդներ։ Իսկ երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»։ «Այդժամ Պետրոսը, պատասխանելով, Հիսուսին ասաց. «Բացատրի՛ր մեզ այս առակը»»։ «Իսկ Հիսուս ասաց. «Դո՞ւք էլ դեռ չեք հասկանում»»։ «Դեռ չե՞ք հասկանում, որ այն ամենը, ինչ բերանն է մտնում, որովայնի մեջ է գնում և ապա դուրս ելնում»։ «Սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, և դա՛ է մարդուն պղծում»։ «Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ»։ «Սրանք են մարդուն պղծում, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։
   
   Նման խոսքեր լսելով՝ փարիսեցիները, ինչպես ասվում է, «գայթակղվեցին», փարիսեցինե՛րը, բայց ո՛չ ժողովուրդը։ «Նրա աշակերտները, - ասում է ավետարանիչը, - մոտեցան և Նրան ասացին. Գիտե՞ս, որ երբ փարիսեցիներն այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին», չնայած որ Տերը նրանց հետ չէր խոսում։ Ի՞նչ արեց Քրիստոս։ Նա չփորձեց նրանց գայթակղությունից դուրս բերել, այլ դեռ մի բան էլ հանդիմանեց նրանց՝ ասելով. «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի» (13-րդ համար)։ Քրիստոս գիտեր, թե երբ պետք է անտեսել գայթակղությունները և երբ չպետք է այդպես վարվել։ Այս նույն կերպ, մեկ այլ դեպքում էլ Հիսուս ասում է. «․․․որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ լիճ ու կա՛րթ գցիր» (Մատթ. 17։26)։ Մինչդեռ այստեղ ասում է՝ «Թողե՛ք նրանց. նրանք կույր են և կույրերի առաջնորդներ։ Իսկ երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն» (14-րդ համար)։

   Աշակերտները սա ասում էին ոչ այնքան փարիսեցիների մասին հոգալով, որքան իրենք իսկ մի փոքր շփոթված լինելով։ Բայց քանի որ իրենց անունից ասել չէին համարձակվում, ուզում էին ուրիշների միջոցով իմանալ։ Իսկ որ աշակերտներն իրենք էլ իսկապես գայթակղվում էին, դա երևում է նրանից, որ նախանձախնդիր և միշտ ուրիշներից առաջ անցնող Պետրոսը մոտենում և ասում է Հիսուսին. «Բացատրի՛ր մեզ այս առակը» (15-րդ համար)՝ այդպիսով բացահայտելով իր հոգու շփոթությունը, բայց և չհամարձակվելով բացեիբաց ասել՝ «ես ինքս եմ գայթակղվում»։ Ուստի Պետրոսը բացատրություն է խնդրում այդ շփոթությունից ազատվելու համար, որի պատճառով էլ ենթարկվում է հանդիմանության։

   Ի՞նչ է ասում Քրիստոս։ «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի»։ Մանիքեական ուսմունքով ախտացածներն ասում են, որ դա ասվել է օրենքի մասին, բայց նրանց այդ մտածումը պապանձեցնում է վերևում ասված խոսքը։ Եթե Տերը դա ասում էր օրենքի մասին, ապա ինչպե՞ս էր Նա վերևում պաշտպանում և ջատագովում այն՝ ասելով. «Ինչո՞ւ եք խախտում Աստծու պատվիրանը ձեր ավանդության պատճառով» (տե՛ս Մատթ. 15։3)։ Ինչո՞ւ է Հիսուս մեջբերում նաև մարգարեի խոսքերը։ Ո՛չ, Քրիստոս սա ասում է փարիսեցիների և նրանց ավանդությունների վերաբերյալ։ Եթե Աստված ասել է՝ «պատվի՛ր քո հորը և քո մորը» (տե՛ս Մատթ. 15։4), ապա ուրեմն ինչպե՞ս կարող է Աստծու կողմից ասվածն Աստծու տունկը չլինել։

   Նույնպես նաև, վերոնշյալից երևում է, որ բացատրվող խոսքերն ասված են հենց փարիսեցիների և նրանց ավանդությունների մասին, որովհետև Տերը դրանց ավելացնում է. «Նրանք կույր են և կույրերի առաջնորդներ»։ Եթե Հիսուս այս խոսքերն ասած լիներ օրենքի մասին, ապա կասեր՝ «կույրերի կույր առաջնորդ», բայց Նա այդպես չի ասում, այլ ասում է՝ «նրանք կույր են և կույրերի առաջնորդներ»՝ այդպիսով մեղադրանքն օրենքի վրայից «վերցնելով» և ուղղելով փարիսեցիների դեմ։ Այնուհետև, նրանցից առանձնացնելով ժողովրդին, որը փարիսեցիների առաջնորդության պատճառով արդեն իսկ մոտ էր փոսն ընկնելուն, Քրիստոս ասում է. «Երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»։ Մեծ չարիք է կույր լինելը, բայց կույր լինելով հանդերձ առաջնորդ չունենալը և առաջնորդի պաշտոնը զբաղեցնելը՝ կրկնակի և նույնիսկ եռակի հանցանք է։ Եթե կույր լինելով հանդերձ առաջնորդ չունենալը չար է, ապա շատ ավելի վնասակար է, կույր լինելով, ուրիշի՛ն առաջնորդելու գործը ստանձնելը։

   Ի՞նչ արեց Պետրոսը։ Նա չի ասում՝ ինչո՞ւ և ինչի՞ համար ասացիր սա, այլ հարցնում է այնպես, իբրև թե ասվածը պարզ չէր իր համար. չի ասում՝ «ինչո՞ւ ես օրենքին հակառակ եղող մի բան հաստատում», որովհետև վախենում է, որ Քրիստոս իրեն ևս գայթակղված կհամարի։ Այլ կարծես ասում է, որ Փրկչի խոսքերը պարզ չեն իրեն։ Իսկ որ Պետրոսն իրականում հարցնում էր ոչ թե խոսքի բարդության, այլ իր՝ գայթակղված լինելու պատճառով, դա ակնհայտ է նրանից, որ Տիրոջ խոսքերում անհասկանալի ոչինչ չկար։ Հետևաբար Քրիստոս հանդիմանում է նրան՝ ասելով. «Դո՞ւք էլ դեռ չեք հասկանում» (16-րդ համար)։ Ժողովուրդը գուցե դեռ չէր հասկանում Հիսուսի խոսքերը, մինչդեռ աշակերտները գայթակղվո՛ւմ են այդ խոսքերի պատճառով։ Ահա թե ինչու առաքյալները սկզբում ուզում էին իմանալ ասվածի բացատրույթունը՝ հարցնելով իբրև թե փարիսեցիների՛ համար։ Իսկ ահա երբ նրանք լսեցին Քրիստոսի արտաբերած ծանր սպառնալիքը՝ «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի», և «Նրանք կույր են և կույրերի առաջնորդներ», — լռեցին։ Բայց Պետրոսը, բոլոր դեպքերում նախանձախնդիր լինելով, այս պարագայում նույնպես չի լռում, այլ ասում է՝ «բացատրի՛ր մեզ այս առակը»։

   Ի՞նչ է պատասխանում Քրիստոս։ Նա պատասխանում է մեծ հանդիմանությամբ. «Մի՞թե դուք էլ դեռևս այդքան անմիտ եք։ Դեռ չե՞ք հասկանում»։ Հիսուս այսպես էր ասում և հանդիմանում նրանց, որպեսզի ոչնչացներ ամեն տեսակի նախապաշարմունք, և դրանով չբավարարվելով էլ՝ նաև հավելում է. «Դեռ չե՞ք հասկանում, որ այն ամենը, ինչ բերանն է մտնում, որովայնի մեջ է գնում և ապա դուրս ելնում։ Սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, և դա՛ է մարդուն պղծում։ Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։ Սրանք են մարդուն պղծում, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում» (17-20-րդ համարներ)։

   Տեսնո՞ւմ ես, թե որքան սաստիկ է հանդիմանում նրանց։ Այնուհետև հաստատում է ասվածը բնության ընդհանուր օրենքով՝ նրանց ուղղելու համար։ Ասելով՝ «որովայնի մեջ է գնում և ապա դուրս ելնում», Հիսուս Իր այդ պատասխանը հարմարեցնում է հրեաների զգացականությանը։ Նա ասում է, որ սնունդը չի մնում որովայնում, այլ դուրս է գալիս, մինչդեռ եթե այն մնար էլ, ապա նույնիսկ այդ դեպքում էլ չէր պղծի մարդուն. բայց նրանք դեռևս անկարող էին դա ըմբռնելու։ Հենց այդ պատճառով էլ Օրենսդիրը թույլատրում է առանց լվացվելու մնալ այնքան ժամանակ, քանի դեռ սնունդը ներսում է, իսկ երբ այն դուրս է գալիս, այլևս չի թույլատրում։ Նա հրամայում է լվացվել և մաքուր լինել երեկոյան՝ հաշվարկելով սննդի մարսման և դուրսբերման ժամանակահատվածը։ «Իսկ ահա սրտի անմաքրությունը, - ասում է Քրիստոս, - ներսում է մնում և պղծում է մարդուն ոչ միայն այն ժամանակ, երբ այնտեղ է մնում, այլև երբ դուրս է գալիս այնտեղից»։ Սկզբում Հիսուս թվարկում է չար խորհուրդները, որոնք հատուկ են հրեաներին, և այլևս Իր ասածի ապացույցը չի վերցնում բնությունից, այլ նրանից, որ մի տեսակի երևույթները ծնվում են որովայնում, մյուսները՝ սրտում, որոշները մնում են մարդու մեջ, մյուսները՝ չեն մնում։ Այն, ինչը մարդու մեջ է մտնում դրսից, նորից դուրս է գալիս նրանից, իսկ այն, ինչը ներսում է ծնվում, պղծում է նրան նաև դուրս գալուց հետո, ու այդ ժամանակ պղծությունն էլ ավելի մեծ է լինում։ Հիսուս նման օրինակ է բերում, որովհետև աշակերտները, ինչպես արդեն ասացի, դեռևս պատշաճ իմաստությամբ չէին կարող այդպիսի խոսքերի բուն էությունն ըմբռնել։ Մարկոս ավետարանիչը (7։19) ասում է, թե Տերն այս խոսքերով ցույց էր տալիս, որ սնունդը զերծ է անմաքրությունից։ Բայց Նա ցույց չտվեց և չասաց, որ այս կամ այն սնունդը ուտելը չի պղծում մարդուն, որովհետև օրենսգետները չէին էլ լսի Նրան, եթե Նա բացահայտորեն ասեր դա։ Հենց այդ պատճառով էլ Հիսուս ավելացնում է՝ «բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։

   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»:
   

   Այդժամ Նրա աշակերտները մոտեցան և ասացին Նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ լսեցին այդ խոսքը, գայթակղվեցին»:

   Ինչո՞ւ աշակերտները սա ասացին: Որովհետև լսել էին Տիրոջից. «Վա՛յ նրան, ով գայթակղեցնում է [այս փոքրիկներից] մեկին» (հմմտ. Մատթ. 18։6-7), և փարիսեցիները, քանի որ մարմնավոր էին և միայն մարմնի հետ կապված ավելորդությունների մասին էին հոգ տանում, գայթակղվեցին: Աշակերտները կարծեցին, թե Իր իսկ սահմանած օրենքներն է խափանում, բայց Քրիստոսն այդ գայթակղությունը բանի տեղ չդրեց, որովհետև ըստ տեղի և առարկայի պահանջի՝ գիտի արհամարհել գայթակղությունը և չարհամարհել, ինչպես երբ ասում էր Պետրոսին. «Գնա ծով և կարթ գցիր, որպեսզի չգայթակղեցնենք նրանց» (հմմտ. Մատթ. 17։26), իսկ այստեղ արհամարհում և [փարիսեցիներին] «կույր» է կոչում (Մատթ. 15։14), որպեսզի սովորեցնի, որ գայթակղեցնելուն կամ չգայթակղեցնելուն ընտրողաբար է պետք մոտենալ: Նաև այն պատճառով հարցրին, որ ոչ միայն [փարիսեցիների] համար էին տրտմել, այլև իրենք էին փոքր-ինչ խռովվել, թեպետ իրենց անունից չկարողացան սա ասել: Տերը, այս բաները հասկանալով, պատասխանեց.
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:10