Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:6

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

6-9․ «Եվ, երբ աշակերտները լսեցին, երեսնիվայր ընկան ու շատ վախեցան»։ «Բայց Հիսուս մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք ու մի՛ վախեցեք»»։ «Նրանք աչքերը բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան»։ «Եվ լեռան վրայից իջնելիս Հիսուս պատվիրեց նրանց ու ասաց. «Այդ տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»»։
   
   Ուրեմն ինչո՞ւ այդպես ապշած մնացին, երբ լսեցին այս խոսքերը։ Չէ՞ որ ավելի վաղ էլ նման մի ձայն էր հնչել Հորդանանում՝ ժողովրդի ներկայությամբ, բայց ոչ ոք այսպիսի զգացողություն չէր ունեցել։ Եվ դարձյալ, նախկինում երբ ամպրոպ էր լինում, ինչպես գիտենք, ոչ ոք այսօրինակ զգացողություն չէր ունենում։ Ուրեմն ինչո՞ւ նրանք երեսնիվայր ընկան լեռան վրա։ Դրա պատճառներն են՝ տեղի առանձնացվածությունն ու բարձրությունը, խորին լռությունը, աշակերտների երկյուղը՝ պայծառակերպումի խորհրդի առջև, արտասովոր լույսը և բարձրացած ամպը․ այս ամենը նրանց մեծ սարսուռով պատեց։ Այս երեք առաքյալներին ամեն կողմից շրջապատում էին զարմանահրաշ երևույթներ, և նրանք ահասարսուռ ընկան ցած ու երկրպագեցին։ Բայց որպեսզի վախը, չափազանց երկար ազդելով, նրանց չզրկեր հիշողությունից, Քրիստոս անմիջապես ցրում է նրանց համակած սարսափը և միայնակ հայտնվում է նրանց աչքերի առջև ու պատվիրում է ոչ ոքի չասել այս դեպքի մասին, մինչև Ինքը մեռելներից հարություն կառնի։ «Եվ լեռան վրայից իջնելիս Հիսուս պատվիրեց նրանց ու ասաց. «Այդ տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի» (Մատթ. 17:9)։ Իրապես, որքան ավելի հրաշալի պատմություններ պատմեին Քրիստոսի մասին, այնքան ավելի դժվար կլիներ շատերի համար դրան հավատալը։ Ի դեպ, Խաչի խորհրդի հանդեպ գայթակղությունը դրանից ևս ավելի կմեծանար։ Դրա համար էլ Հիսուս նրանց հրամայում է լռել, և ոչ թե պարզապես հրամայում, այլև կրկին հիշեցնում է նրանց Իր տառապանքների մասին՝ այդպիսով ասես պատճառաբանելով նրանց լռության անհրաժեշտությունը․ Քրիստոս պատվիրում է ոչ թե մշտապես թաքցնել սա, այլ միայն մինչև այն ժամանակ, երբ Ինքը մեռելներից հարություն կառնի։ Լռելով այն մասին, ինչը շատ անհաճո էր, Նա ասում է միայն մեկ մխիթարական խոսք։ Իսկ ի՞նչ էր լինելու դրանից հետո։ Մի՞թե այդժամ նրանք չէին կարող գայթակղվել։ Ամենևին ոչ։ Հարկավոր էր միայն որոշ ժամանակ անցներ մինչև խաչելությունը, իսկ խաչելությունից հետո նրանք լցվեցին Հոգով, և նշաններ գործելիս լսում էին իրենց աջակցող ձայնը։ Այն ամենը, ինչ առաքյալներն ասում էին Փրկչի խաչելությունից հետո, հավատալի էր. գործերն ամեն շեփորից ավելի բարձր էին հռչակում Քրիստոսի զորությունը, և իրադարձություններն այլևս ոչ մի գայթակղություն չէին առաջացնում։ Իրապես, ոչ ոք չի կարող ավելի երանելի լինել, քան առաքյալները, և հատկապես նրանցից երեքը, որոնք արժանացան Տիրոջ հետ լինել մեկ ամպի ծածկույթի ներքո։ Սակայն  մենք նույնպես, եթե ցանկանանք, կարող ենք տեսնել Քրիստոսին․ ոչ այն տեսքով, ինչ տեսքով 3 առաքյալները տեսան Նրան լեռան վրա, այլ շատ ավելի լավ կերպարանքով, որովհետև ապագայում Նա պիտի գա ոչ նախկին տեսքով։ Այն ժամանակ (Պայծառակերպության պահին) Հիսուս, աշակերտներին խնայելով, նրանց այնքան փառք ցույց տվեց, որքան նրանք կարող էին ընդունել։ Իսկ ապագայում Նա պիտի գա Իր Հոր փառքով՝ ոչ միայն Մովսեսի ու Եղիայի հետ, այլ հրեշտակների անթիվ զորքերով, հրեշտակապետերով, քերովբեներով, նրանց անթիվ բազմություններով։ Ոչ թե միայն մեկ ամպ է լինելու Քրիստոսի գլխավերևում՝ որպես հովանի, այլ ողջ երկինքն է Նրան հովանի լինելու։ Ինչպես դատավորները, երբ ողջ ժողովրդի առջև կատարում են իրենց դատաստանը, այնուհետ հանում են վարագույրները և ներկայանում բոլորին, ճիշտ այդպես էլ գալիք ժամանակում բոլորը կտեսնեն Քրիստոսին՝ գահին նստած, և բոլոր մարդիկ կկանգնեն Նրա առջև, և Նա Իր բերանով կպատասխանի նրանց։ Ոմանց կասի՝ «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր․․․որովհետև քաղցած էի, և Ինձ ուտելիք տվիք» (Մատթ. 25:34-35)։ Ոմանց էլ կասի. «Բարի՛ և հավատարի՛մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ» (Մատթ. 25:21)։ Իսկ ուրիշներին, համապատասխան հատուցումը որոշելով, կասի. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք Ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար» (Մատթ. 25:41)։ Ոմանց էլ, թե. «Չա՛ր և ծո՛ւյլ ծառա» (Մատթ. 25:26)։ Ոմանց կմերժի և կմատնի տանջողներին, ուրիշների վերաբերյալ որոշում կառնի՝ ձեռքերն ու ոտքերը կապել և գցել արտաքին խավարը։ Եվ «կացնից» հետո էլ նրանց ընդունելու է հնոցը, որի մեջ է նետվելու ամեն բան, ինչ ուռկանից դուրս գցված կլինի։ «Այն ժամանակ արդարները կփայլեն, ինչպես արեգակը» (հմմտ․ Մատթ. 13:43), և նույնիսկ ավելի, քան արեգակը։ Սա այսպես է ասվում ոչ թե որովհետև արդարների պայծառությունը ճշգրտորեն այնպիսին կլինի, ինչպիսին արեգակինը, այլ նրա՛ համար, որ մենք արեգակից ավելի փայլուն ուրիշ լուսատու չգիտենք։ Քրիստոս մեզ հայտնի նյութի միջոցով ցանկանում էր միայն պատկերել սրբերի գալիք փառքը։ Ճիշտ այդ նույն կերպ է անում ավետարանիչը և հենց նույն պատճառով է ասում, թե Հիսուս լեռան վրա փայլեց ինչպես արեգակը։ Իսկ որ լույսը համեմատվածից (արեգակնային լույսից) ավելի մեծապայծառ էր, դա ապացուցեցին աշակերտները՝ երեսնիվայր ընկնելով։ Եթե այս լույսն արտասովոր չլիներ, այլ արեգակի լույսի նման լիներ, ապա նրանք չէին ընկնի, այլ դյուրությամբ կդիմանային այդ լույսին։ Այսպիսով, արդարներն այն ժամանակ կլուսավորվեն ինչպես արեգակը, և նույնիսկ ավելի, իսկ ահա մեղավորները կկրեն ծայրահեղ պատուհասներ։ Այն ժամանակ ապացույցներ, հանդիմանություններ, վկաներ հարկավոր չեն լինի։ Նա, Ով դատում է, միաժամանակ նաև թե՛ վկա է, թե՛ հանդիմանող և թե՛ դատավոր։ Նա ամեն ինչ հստակ գիտի. «Ամեն ինչ պարզ ու հստակ է Նրա աչքերի առաջ» (Եբր. 4:13)։ Այնտեղ ոչ ոք չի հայտնվելու որպես հարուստ կամ աղքատ, ուժեղ կամ տկար, իմաստուն կամ հիմար, ստրուկ կամ ազատ մեկը. այսօրինակ բոլոր տարբերությունները կվերանան, և կդատվեն միայն գործերը։ Եթե դատարան վատ կառավարման կամ սպանության համար դատապարտվածը, ով էլ որ լինի նա՝ պրեֆեկտ թե հյուպատոս, կամ թե՝ նրանց նման մեկը, զրկվում է իր բոլոր արժանիքներից և ընդունում է իրեն արժանի պատիժը, ապա որչա՜փ առավել այդպես կլինի այնտեղ՝ Երկնային դտաստանում։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան:
   
   Երբ աշակերտները լսեցին, երեսի վրա ընկան և հույժ վախեցան:

   Ինչո՞ւ վախեցան, երբ ձայնը լսեցին. չէ՞ որ ավելի վաղ այդպիսի ձայն արդեն լսվել էր Հորդանանում, ինչպես ասացի: Խաչի մոտ, երբ ժողովուրդն ասում էր, թե որոտում եղավ, ոչ ոք [վախից] չնվաղեց, իսկ այստեղ «ընկան»: Նախ՝ քանի որ անապատային ու անկոխ վայրում էին, և ամեն կողմում առատորեն սաստիկ լույս էր սփռված, Տիրոջ դեմքը փոխվեց, ամպը տարածվեց, նաև այդ ձայնը [հնչեց], այդ պատճառով էլ գետնին ընկան: Իսկ այնտեղ այդքան սարսափելի չէր, միայն [որոտի] ձայնն էր, նաև ժողովուրդն էր առընթեր: Երկրորդ՝ [ընկնելով] երկրպագություն մատուցեցին երևմանն ու ձայնին: Երրորդ՝ մարմնական ու ստեղծական մեր բնությունը չի կարող տանել Հոր անմարմին ու արարչական դեմքը. եթե հրեշտակի տեսնելով՝ Դանիելը գունատվեց, իսկ Եզեկիելը երեսի վրա ընկավ (Դան. 7:28, Եզեկ. 2։1, 3։23), ի՞նչ ասել այժմ, երբ Հայրը Որդու և Հոգու հետ միասին էր հայտնվել ու երևում: Եվ չորրորդ՝ քանի որ անկատար էին, Հիսուս Քրիստոսի ծննդյան տունկեր լինելով՝ երկնքից քամու նման եկող այդ ձայնից զարհուրեցին, բայց երբ դարձան Տիրոջ հարության որթատունկի ուռեր, [վախ] չապրեցին, երբ Սուրբ Հոգին սաստիկ քամու նման ուժգին հնչեց վերնատանը (Գործք 2։2-4):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:2