Հովհաննես Ծործորեցի
Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»:
Երբ իջնում էին լեռից, Հիսուսը պատվիրեց նրանց՝ ասելով. «Ոչ ոքի մի՛ պատմեք այդ երևման մասին, մինչև Մարդու Որդին մեռելների միջից հարություն առնի»:
Եթե աշակերտներին սաստեց, որ ոչ ոքի չասեն, որ Ինքն է Քրիստոսը 909, ի՞նչ ասել այդպիսի չքնաղ երևման մասին այդ ժամանակ չհայտնելու վերաբերյալ: Որքան մեծ բաներ էր մեկն իմանում կամ պատմում Նրա մասին, այնքան ավելի դժվարությամբ էր այդ ժամանակ ընդունվում շատերի կողմից՝ խաչելությունից գայթակղվելու պատճառով: Բայց երբ հարություն առներ, և [մարդիկ] արժանանային Հոգին [ընդունելուն], այնուհետև [Քրիստոսին վերաբերող ամեն ինչ] կընդունվեր, և դեպքերը փողի հնչումից էլ ուժգին կաղաղակեին: Այլև [Հիսուսը] գիտեր, որ չէին հավատա նրանց, այլ մոլագար կհամարեին՝ [ասելով]. «Որտեղի՞ց եք ճանաչում Եղիային, և Մովսեսի գերեզմանի վրա էլ [դեռ] ոչ ոք չի կանգնել», և այնուհետև հայհոյանքներ կհնչեին, ուստի ասաց՝ սպասեք, մինչև մեռելներին հարություն տալու զորություն ընդունեք, գերեզմանները բացվեն, հին ու նոր արդարները ելնեն ու գան Երուսաղեմ՝ մեծ Թագավորի քաղաքը, և այնուհետև նրանք նույնպես կհավատան, որ [այդ մեռելներին] հարություն տվողը հարություն տվեց նաև Մովսեսին, և եթե մեռյալները լսեցին ու եկան, որքա՛ն ավելի՝ կենդանի Եղիան: Ուստի [աշակերտներին] խրատում է [լռություն] պահպանել ո՛չ միշտ, այլ պատշաճ ժամանակին հայտնի դարձնել և ոչ թե տարաժամ քարոզել Նրա անունը: Որովհետև սա չարչարանքի ժամանակ է, բայց հետո Նրա Տեր լինելը հայտնի կդառնա հարությամբ, որով էլ դյուրավ կհավատան հարության խորհրդին:
Արդ՝ երանելի են առաքյալները, մանավանդ այն երեքը, որ այսպիսի գեղապանծ լույսի մաքրությամբ զմայլվեցին, ամպի տակ մտնելով՝ Տիրոջը հարկակից եղան և համընդհանուր հարության խորհուրդը հենց այդտեղ սովորեցին: Բայց եթե կամենանք, մենք ևս կտեսնենք Քրիստոսին. ո՛չ ինչպես նրանք այն ժամանակ, այլ է՛լ ավելի լուսավոր կերպով: Որովհետև այնտեղ [Տերն] Իր պայծառությունը թերի և կիսաբաց արեց՝ խնայելով նրանց, իսկ հետո ակներև ու հայտնապես է գալու, ո՛չ միայն Մովսեսի ու Եղիայի հետ, այլև Հոր անեզրական փառքով ու բազմաթիվ հրեշտակներով, և ոչ թե հովանի դարձած ամպով գլուխը ծածկած է երևալու, այլ երկինքն ամբողջապես գալարվելու է: Ինչպես որ դատավորները, երբ սպասավորների հետ հրապարակային դատ են վարում, վարագույրները բացում են իրենց առաջ, որպեսզի բոլորը տեսնեն, այդպես էլ երբ Նա նստի դատողական աթոռին, բոլոր մարդիկ Նրան կնայեն, և Նա անձամբ կպատասխանի նրանց՝ ոմանց ասելով. «Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք [ձեզ համար պատրաստված արքայությունը]», իսկ ոմանց էլ՝ «Գնացե՛ք կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի ու նրա հրեշտակների համար» (Մատթ. 25։34, 41): Դրանից թող փրկի մեր Քրիստոս Աստվածն Իր անվանը հավատացողներիս և արժանացնի աջակողմյան դասին՝ վայելելու Նրա աստվածության փառքի ճշմարիտ երևումը: Նրան վայել է ամեն փառք այժմ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Ստեփանոս Սյունեցի
Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»:
«Եվ երբ նրանք իջնում էին լեռից, Հիսուս նրանց պատվիրեց. «Այդ տեսիլքը ոչ ոքի չասեք, մինչև Մարդու Որդին մեռելներից հարություն առնի»:
Ինչպես մինչ այդ չէր կամենում, որ ամբոխը իմանա հրաշափառագույնը, որպեսզի չարչարանքների ժամանակ գայթակղվելով չմեղանչի, որովհետև այդ ամենն օգտակար է իմանալ [միայն] հարությունից հետո:
Մաղաքիա արք. Օրմանյան
9-13․ Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»: Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ. բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»: Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց:
Նախորդ օրը բարձրացել էին Թաբոր, մյուս օրը վար էին իջնում լեռից; Բոլոր խոսակցությունները վերաբերվում էին գիշերվա նորօրինակ տեսիլքին, նրա իմաստին ու նպատակին: Գիշերվա ընթացքում և առավոտյան լեռան վրա ասվածը կրկին նորոգվում էր, կրկնվում: Հիսուս հանձնարարում էր, որ երբ վայր իջնեն և մտնեն ժողովրդի մեջ, ոչինչ չխոսեն, եղելությունը գաղտնի պահեն,մինչև Ինքը մեռնի և հարություն առնի: Ղուկասը վկայում է, թե հրամանը կատարեցին, և ոչ ոքի ոչինչ չասացին, մինչև «Յաւուրսն յայնոսիկ» չխոսեցին, մինչև Հիսուսի մահն ու Հարությունը իրողությունը գաղտնի մնաց: Թեպետ Հիսուսի հրամանը բացարձակ էր` «Մի՛ ումեք ասիցէք զտեսիլդ զայդ», բայց ենթադրելի չէ, թե գաղտնիությունը միայն երեք առաքյալի հույժ նեղ շրջանում մնացած լինի: Անհնար է, որ երեքը մյուս իննին և Տասներկուսն իրենց հավատարիմ և ամենօրյա ընկերներին որևէ բան չասեին, և որով «ոչ ումեք պատմեցին» -ը պետք է հասկանալ ժողովրդական շրջանակի համար:
Երեք առաքյալները մեռնելու և հարություն առնելու գուշակությունը մի անգամ էլ Փիլիպպյան Կեսարիա քաղաքի մոտերքում էին լսել Հիսուսից:Սակայն մի անգամ լսածը դեռևս բավական չէր առաքյալների համար, որպեսզի հստակ գաղափար կազմեին: Ուստի կրկնելով Հիսուսի խոսքերը, «Խնդրէին ընդ միմիանս, թէ զի՛նչ իցթ ի մեռելոցն յառնել»: Միմյանց ասված խոսքերը Հիսուս ևս կարող էր լսել: Եվ նա, որ այսպիսի պարագաներում չէր զլանում բացատրություններ տալ, անշուշտ նրանց տվել էր անհրաժեշտ մեկնությունը, հերթով բացատրել մեսիականության խորհուրդը, փրկագործության պայմանը և Իր չարչարանքների և մահվան արդյունքը: Այդ խոսքերն անշուշտ եղել են,որ առաքյալներն առիթ են ունեցել Եղիայի մասին հարց ուղղել: Ըստ Մաղաքիայի մարգարեության, Մեսիայից առաջ պետք է գար երկինք վերացած Եղիա մարգարեն. «Եւ ահա ես առաքեմ առ զԵղիա Թեզբացի, մինչչեւ եկեալ իցէ օր Տեառն մեծ երեւելի, որ պատրաստեսցէ զսիրտս» Մաղ. 4:5: Դպիրներն ասում էին, թե Հիսուս չի կարող Մեսիան լինել, որովհետև Եղիան դեռ չէր եկել: Առաքյալները Հիսուսին են ներկայացնում այդ առարկությունը և բացատրություն խնդրում: Հիսուս պատասխանում է.«Ճշմարիտ է, որ Մեսիայի ճանապարհը պատրաստելու համար նախ մի Եղիա պիտի գա, որ ամեն ինչ հարդարի ու պատրատի, իսկ նրա հետևից պիտի գա Մեսիան, որ ո՛չ արտաքին փառքով պիտի ճոխանա և ո՛չ էլ աշխարհիկ հաղթությամբ պիտի փայլի, այլ, անարգվելով ու չարչարվելով, պիտի լրացնի իր գործունեությունը և փրկությունը պիտի իրականացնի իր մահվամբ: Եթե ես հալածվում ու նախատվում եմ և եթե վերջիվերջո չարչարվելս ու սպանվելս ևս ձեզ ծանուցում եմ, սրանով իմ մեսիականությանը վնաս չի գա. Սխալ է հասկացված մեսիականությունն ինձ բոլորովին օտար է. Ճշմարիտ Մեսիան ես եմ: Իսկ եթե դպիրները կարծում են, թե Եղիան չի եկել, սխալվում են: Գալիք կարապետը Եղիա պիտի լինի հոգով, այլ ոչ թե անվամբ, և հոգով Եղիան, նախանձահույզ կարապետը եկավ,
նա քարոզեց և խրատեց, հանդիմանեց և սաստեց, բնավ որևէ բանից չակնածեց: Մեսիայի ու Երկնից Արքայության ճամփան պատրաստեց, և դպիրներն էլ այն իմացան, բայց չուզեցին այն ճանաչել, որովհետև իրենց քմահաճույքներին չէր համապատասխանում. Ուստի ամեն տեսակի նեղություն տվեցին նրան, բանտարկեցին և նաև գլխատեցին: Ինչպես որ նրա համար սկզբից գրվածն ու սահմանվածը կատարվեց, այնպես էլ ինձ համար գրվածներն ու գուշակվածները պիտի լրացնեմ. Պիտի մատնվեմ, անարգվեմ, չարչարվեմ ու սպանվեմ»: Հիսուսի խոսքերն այնքան հայտնի էին, որ երեք աշակերտները հասկացան և համոզվեցին, թե նախագուշակված Եղիան Թեզբացի Եղիայի հոգին ունեցող Հովհաննես Մկրտիչն է, Հիսուս իր բացատրություններով նրան է ակնարկում:
Այդ խոսակցություններով և կամաց քայլելով` Հիսուս, Պետրոսը, Հակոբոսը ու Հովհաննեսն իջան Թաբոր լեռից, հասան ստորոտը, ուր հավաքված գտան ժողովրդի մի բազմություն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: