Մաղաքիայի մարգարեության մեկնություն 4։5

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Ահա Ես ձեզ մոտ պիտի ուղարկեմ Եղիա մարգարեին՝ նախքան Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալուստը»։ (Սինոդական թարգ․) [5]
   
   Հրեաներին օրենքին հնազանդեցնելու համար Տերը կուղարկի նաև հատուկ խրատող կամ պատգամաբեր, ինչպես արդեն ասվել է 3−րդ գլխի 1−ին համարում։ Սակայն ո՞ւմ նկատի ուներ Մաղաքիա մարգարեն այդ խրատող մարգարեի ներքո. մի՞թե Եղիային։ Հրեաներն այստեղ տեսնում էին Հին Կտակարանի պատմությունից հայտնի Եղիա մարգարեի ճշմարիտ գալստյան մասին կանխատեսում, որը նախքան Մեսիայի գալուստը կրկին պիտի հայտնվեր երկրի վրա և երևար հենց իրենց՝ հրեաներին (Մատթ․ 17։10-11, 11։14, 16։14, Հովհ․ 1։21)։ Հրեական այս համոզմունքն արտացոլվել է նաև Յոթանասնիցի դիտարկվող համարի թարգմանության մեջ, որը «Եղիա մարգարե» արտահայտության փոխարեն դրել է «Եղիա Թեսբացի», այսինքն` ուղղակի մատնանշել է պատմությունից հայտնի Եղիա մարգարեին, որը ծնունդով Թեսբեից էր։ Անձամբ Տեր Հիսուս Քրիստոսի և ավետարանիչների մեկնության համաձայն՝ այստեղ Եղիայի ներքո նախ և առաջ պետք է հասկանալ Հովհաննես Նախակարապետին (Մատթ․ 17։10−13, Ղուկ․ 1։17)։ Եղիա անունը պետք է հասկանալ փոխաբերական իմաստով (այսինքն` Եղիա մարգարեի ոգով և զորությամբ): Վերջապես, ըստ եկեղեցու գրեթե բոլոր հայրերի և վարդապետների մեկնության, այստեղ, Քրիստոսի առաջին գալստյան նախակարապետ Հովհաննես Մկրտչի մասին մատնանշումից բացի, կա նաև հայտնի Եղիա մարգարեի իրական գալստյան մատնանշում, որը երկրի վրա հայտնվելու է Քրիստոսի երկրորդ գալստից առաջ (սուրբ Հովհան Ոսկեբերան, երանելի Թեոդորիտոս Կյուրոսացի և այլք)։

   Քանի որ «Եղիա մարգարեն» պիտի հայտնվի «Տիրոջ մեծ և ահեղ օրվանից» առաջ, ուստի, ակնհայտորեն, նրան կարելի է նույնացնել այն «Հրեշտակի» կամ պատգամաբերի հետ, որը հայտնվելու է Աստծու դատաստանից առաջ, և որի մասին խոսվում է 3−րդ գլխի 1−ին համարում, որտեղ անկասկած խոսքը Հովհաննես Մկրտչի մասին է։ Այդ պատճառով մեկնողական տեսանկյունից անհրաժեշտ է առավել ճիշտ համարել այն բացատրությունը, որն այս հատվածի վերաբերյալ տրվել է քրիստոնեության վաղ շրջանում (ավետարանիչներից բացի՝ այս հատվածը Հովհաննես Մկրտչին է վերագրել նաև սուրբ Հուստինոս Փիլիսոփան)։ Այո´, այստեղ մարգարեն նկատի ունի Եղիայի ոգով և զորությամբ մարգարեին, այսինքն` Հովհաննես Մկրտչին, և նրան Եղիա է կոչում այն նույն իմաստով, որով Երեմիան Իսրայելի ապագա առաջնորդին «Դավիթ» է կոչում (Երեմ․ 30։9, հմմտ․ Եզեկ․ 34։23)։ Եկեղեցու հայրերն ու վարդապետներն իրենք էլ չէին մերժում այսպիսի բացատրությունը։ Սակայն միևնույն ժամանակ, պատճառ չկա չընդունել նաև նրանց այն մեկնությունը, ըստ որի՝ այստեղ կարող է Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ անձնապես Եղիայի հայտնվելու մասին կանխատեսում լինել։

   Ինչպես բոլոր մեսիական մարգարեությունների դեպքում, այնպես էլ այստեղ կարելի է կիրառել մեկնաբանական այն մոտեցումը, որով գրեթե յուրաքանչյուր մարգարեություն հնարավոր է բացատրել ինչպես մոտակա, այնպես էլ ժամանակների վերջում տեղի ունենալիք իրադարձությունների առնչությամբ։ Համեմատելով տվյալ հատվածը Հայտն․ 11։3−13 համարների հետ՝ Եկեղեցու հայրերն ավելի մեծ հիմքեր են ունենում Եղիա մարգարեի վերաբերյալ Մաղաքիայի մարգարեությունը ոչ միայն Հովհաննես Նախակարապետի, այլև անձնապես Եղիա մարգարեի վերաբերյալ մեկնաբանելու համար։

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) որպէսզի նա հօր սիրտը դարձնի դէպի որդին, մարդու սիրտը՝ դէպի իր ընկերը. չլինի այնպէս, որ գալով հարուածեմ երկիրը միանգամից:
(Արարատ թարգ.) Ահա ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալուց առաջ։
(Գրաբար) որ պատրաստեսցէ զսիրտս հաւր առ որդի, եւ զսիրտս առն առ ընկեր իւր, գուցէ եկեալ հարկանիցեմ զերկիր միանգամայն։