Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
11-14․ «Որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»։ «Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, ու նրանցից մեկը մոլորվի, նա իննսունիննին չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին որոնելու»։ «Եվ եթե դրան գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, դրա համար ավելի կուրախանա, քան այն իննսունիննի, որոնք չեն մոլորվել»։ «Այսպես էլ ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրիկներից որևէ մեկը կորչի»։
«Որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին» (Մատթ. 18:11)։ Այնուհետև Հիսուս ներկայացնում է մի նոր՝ առաջինից ավելի զորեղ ապացույց, և պատմում է մի առակ, որի միջոցով ցույց է տալիս, թե՝ Ինքը Հա՛յրն էլ է ցանկանում, որ մենք չարհամարհենք մեր փոքր եղբայրներին։ «Ի՞նչ եք կարծում, - ասում է Քրիստոս, - եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, ու նրանցից մեկը մոլորվի, նա իննսունիննին չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին որոնելու։ Եվ եթե դրան գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, դրա համար ավելի կուրախանա, քան այն իննսունիննի, որոնք չեն մոլորվել։ Այսպես էլ ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրիկներից որևէ մեկը կորչի» (Մատթ. 18:12-14)։ Տեսնո՞ւմ ես, թե որքան մղումներ է ներկայացնում մեզ Տերը՝ ստիպելով հոգ տանել ավելի ցածր կարգավիճակով մեր եղբայրների մասին։ Այսպիսով, մի՛ ասա, թե այսինչ դարբինը, կոշկակարը, հողագործը հիմար մարդ է և դրա համար արժանի է արհամարհանքի։ Որպեսզի դու չենթարկվես այս չարիքին, տե՛ս, թե որքա՜ն ապացույցներով է Քրիստոս քեզ համոզում չափավորել ինքդ քեզ և հոգ տանել այդ մարդկանց մասին։ Հիսուս մի մանկան մեջտեղում կանգնեցրեց և ասաց. «Եղե՛ք երեխաների նման», և թե՝ «ով Իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, Ի՛նձ ընդունած կլինի» (Մատթ. 18:3,5)։ Իսկ ով գայթակղեցնի, կենթարկվի ամենադաժան պատժի։ Ու ասելով՝ «նրա համար ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար կախվի, և նա ծովի հատակը սուզվի» (Մատթ. 18:6), Փրկիչը սրանով էլ չբավարարվեց, այլև ավելացրեց հետևյալը. «Վա՛յ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա» (Մատթ. 18:7), և հրամայեց հեռու մնալ այդպիսիներից, թեկուզ և նրանք մեզ համար ձեռքերի ու աչքերի փոխարեն իսկ լինեին։ Ապա Հիսուս հիմնավորում է Իր պատգամը նաև հրեշտակների՛ պահպանության օրինակով, քանի որ այս ավելի փոքր եղբայրները վստահված են հրեշտակներին, ուստի և Տերը մեզ հարկադրում է պատվել այդ «փոքրերին», և թե՛ Իր սեփական կամքով ու տառապանքով է մեզ դրդում դրան (որովհետև, երբ ասում է. «Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին», այդպիսով մատնանշում է Իր Խաչելությունը․․․Այդպես նաև Պողոսն է եղբայրների մասին ասում, թե՝ «Քո ուտելիքով կորստյան մի՛ մատնիր նրան, որի համար մեռավ Քրիստոս», - Հռոմ. 14:15), ու թե՛ Հոր կամքով, որովհետև Նրան էլ հաճելի չէ, որ այս փոքրերից որևէ մեկը կորչի։ Եվ, վերջապես, Հիսուս կիրառում է մի ընդհանրական ապացույց՝ նշելով, որ հովիվն էլ, թողնելով իր պահպանության ներքո եղող ոչխարներին, գնում է փնտրելու կորածին, և երբ գտնում է նրան, մեծապես ուրախանում է նրա հայտնաբերման ու փրկության համար։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»:
Որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու:
[Տերը] սրանով նախորդից ավելի բարձր միտք է արտահայտում. ոչ միայն հրեշտակները պահպանում են, այլև Հոր՝ Որդուն ուղարկելը և Որդու՝ խաչելության չարչարանքին մատնվելը ո՛չ այլ բանի համար էին, քան տկարին փրկելու՝ ըստ առաքյալի, ով ասում է. «...ինչի համար Քրիստոսը մեռավ» (Ա Կոր. 8։11): Սրանով ցույց է տալիս, որ բավարար փրկություն չէ միայն սեփական անձը փրկելը, այլապես [մարդ] իրեն էլ կորստյան կմատնի, այլ վայել է նաև ընկածներին կանգնեցնել, որովհետև դրանով է, որ սեփական անձի փրկությունը կհաստատվի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: