Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:5

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

5-12․ «Երբ աշակերտները լճի մյուս ափը գնացին, Նրա աշակերտները մոռացան հաց վերցնել»։ «Հիսուս նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»»։ «Նրանք իրենց մեջ մտածում էին ու ասում. «Մենք հաց չենք վերցրել»»։ «Հիսուս հասկացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մեջ մտածում, թե հաց չեք վերցրել»»։ «Դեռ չե՞ք հասկացել կամ չե՞ք հիշում հինգ հազար մարդու համար այն հինգ հացի մասին կամ թե քանի՛ կողով վերցրիք»։ «Ոչ էլ այն յոթ հացը չորս հազար մարդու համար կամ թե քանի՛ զամբյուղ վերցրիք»։ «Ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար Ես ձեզ չասացի, որ փարիսեցիների և սադուկեցիների խմորից զգուշանաք»։ «Այն ժամանակ նրանք հասկացան, որ Նա հացի խմորից զգուշանալու մասին չէր ասել, այլ փարիսեցիների և սադուկեցիների ուսմունքից զգուշանալու»։
   

    Տեսնո՞ւմ ես սաստիկ վրդովմունքը։ Ոչ մի այլ տեղում Հիսուս այսքան խստորեն չէր հանդիմանել նրանց։ Ինչո՞ւ է Նա անում սա․ որպեսզի այսպիսով դարձյալ մերժի կերակուրի վերաբերյալ նրանց նախապաշարմունքը։ Այդ դեպքում ինչո՞ւ, ուրեմն, այն ժամանակ Քրիստոս միայն ասաց. «Դեռ չե՞ք հասկանում և չե՞ք հիշում»։ Իսկ այստեղ արդեն խստագույն հանդիմանությամբ է ասում. «Թերահավատնե՛ր․․․»։ Նույնիսկ հեզությունն ամենուր չէ, որ տեղին է։ Ինչպես որ Քրիստոս խոսելու լիակատար ազատություն էր տալիս Իր աշակերտներին, այնպես էլ հանդիմանում է. թե՛ մեկը, թե՛ մյուսն անում էր նրանց փրկության համար։ Տե՛ս, ուրեմն, թե որքա՜ն խիստ և, միաժամանակ, որքա՜ն ներողամիտ է Հիսուս։ Նա «գրեթե» ներողություն է խնդրում աշակերտներից՝ նրանց այդքան ուժգնությամբ հանդիմանելու համար, երբ ասում է. «Չե՞ք հիշում․․․այն հինգ հացի մասին կամ թե քանի՛ կողով վերցրիք, ոչ էլ այն յոթ հացը․․․կամ թե քանի՛ զամբյուղ վերցրիք»։ Դրա համար է Քրիստոս նշում թե՛ կերածների, ու թե՛ մնացորդի թիվը, որպեսզի, հիշեցնելով նրանց անցյալի մասին, ավելի ուշադիր դարձնի ապագայի հանդեպ։ Իսկ որպեսզի իմանաս, թե ինչ արդյունք ունեցավ Փրկչի հանդիմանությունը և թե ինչպես արթնացրեց առաքյալների քնած միտքը, լսի՛ր՝ ինչ է ասում ավետարանիչը։ Թեև Տերը ուրիշ ոչինչ չասաց, այլ, հանդիմանելով, միայն ավելացրեց. «Ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար Ես ձեզ չասացի, որ փարիսեցիների և սադուկեցիների խմորից զգուշանաք», - սակայն նրանք, - այնուհետև ավելացնում է ավետարանիչը, - «այն ժամանակ հասկացան, որ Նա հացի խմորից զգուշանալու մասին չէր ասել, այլ փարիսեցիների և սադուկեցիների ուսմունքից զգուշանալու»՝ մի բան, որը Տերն Ինքն անձամբ չէր բացատրել։ Տե՛ս, թե որքան բարիք առաջացրեց Փրկչի հանդիմանությունը։ Այն աշակերտներին ստիպեց հրաժարվել հրեական մանրախնդրությունից, նրանց անհոգ մարդկանցից դարձրեց ուշադիր աշակերտներ և ձերբազատեց փառասիրությունից ու թերահավատությունից, այնպես որ նրանք դադարեցին վախի ու սարսափի մատնվել այն պարագաներում, երբ պատահում էր քիչ հաց ունենալ, ու այդպիսի իրավիճակներումշ այլևս նույնիսկ չէին էլ հոգում, թե ինչո՛վ հագեցնեն քաղցը, այլ անտեսում էին այդօրինակ ամեն բան։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել:
   
    Աշակերտները նույնպես այն կողմ գնացին և մոռացան հաց վերցնել:

    Քանի որ զմայլված էին Նրա վարդապետությունը լսելով, ապա նեղություն կրելով ամենուր հետևում էին [Նրան], այնքան, որ մարմնական կարիքների մասին բնավ չէին հոգում: Այդ պատճառով էլ [ավետարանիչն] ասում է. «Մոռացան հաց վերցնել»: Նաև քանի որ Հացատուին իրենց հետ ունեին, կարծում էին, թե ամեն տեղ էլ [հաց] կստեղծեր: Այլև օգտաբեր եղավ սա. որպեսզի երբ հացի մասին հիշեին, հանդիմանվեին իրենց մտքում ունեցած հրեական խտրությունների համար:

    Իսկ այլաբանորեն՝ աշակերտների՝ այն կողմ գնալը նշանակում է մարմնավորից դեպի հոգևոր փոփոխությունը, որով մոռացան երկրային իրողությունները՝ ըստ առաքյալի. «Հետևում եղածները մոռացել եմ և դեպի առաջ եմ նկրտում» (Փիլպ. 3։13):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել:
   
    Եվ Նրա աշակերտները, գնալով ծովի այն կողմը, մոռացան հաց վերցնել»
    Քրիստոսի աշակերտները [ծովի] այն կողմն անցան՝ մարմնավորներից վերածվելով հոգևորների:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

5-12․ Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել: Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»: Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»: Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. ոչ էլ եօթը նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք: Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»: Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից:
   
    Հիսուս երկար չմնաց նաև Մագդաղեա և Դաղմանունեա կողմերում: Փարիսեցիների և սադուկեցիների հակառակությունից զզված` ցանկացավ հեռանալ Գալիլիայի կենտրոնից: Ամենքը նորից նավ նստեցին և սկսեցին նավարկել դեպի Բեթսայիդա, Գալիլիայի ծովակի հյուսիս-արևմտյան ծայրը` հուսալով այնտեղ հանգստություն գտնել: Նավում եղած ժամանակ խոսակցությունները բնականորեն սկսեցին հյուսվել վերջին դեպքերի շուրջը, հիշվեցին փարիսեցիների և սադուկեցիների, դպիրների և օրենսգետների հակառակությունները, պախարակվեց նրանց ընթացքը, շեշտվեց նրանցից զգուշանալու և նրանց հարաբերություններից հեռանալու անհրաժեշտությունը, և Հիսուս խոսքը եզրակացնելով, պատվիրում էր, որ նրանց հարաբերություններից հեռանան և զգուշանան փարիսեցիների, սադուկեցիների և հերովդիանոսականների խմորից: Հերովդիանոսականների հիշատակումը հազվադեպ է Ավետարանում և օտար պատմիչներին անծանոթ է, ուստի նրանց սկզբունքի կամ աղանդի մասին պակասում են ընդարձակ տեղեկությունները: Հիսուսի հրամայած զգուշությունից զգացվում է, որ նրանք էլ մի աղանդ էին կազմում` իրենց անունը վերցնելով Հերովդեսից: Հետևաբար, կողմնակից էին նրա ընթացքին և հրեա չլինելով` հրեության վրա ազդեցություն գործելուն. ասողներ էլ կան, որ իբր Հերովդես Մեծին ցանկանում էին որպես Մեսիա ընդունել տալ:
    Հիսուսի խոսքերը լսելով` առաքյալները կարծեցին, թե իրենց հրամայում էր օտար աղանդավորների պատրաստած հացը չուտել և սկսեցին մտածել, որ նավում իրենց հացից ունեն միայն մի ամբողջ կտոր և ինչպես անեն, որ գնացած վայրերում հաց գտնեն , որը պատրաստած չլինեն երեք աղանդին հետևողները: Հիսուս լսեց նրանց փսփսուքը և իմացավ, թե ինչի համար են մտածում, ցավեց, որ չեն հասկացել Իր խոսքերի իմաստը: Եվ զայրացավ նրանց կույր մտքի համար, որ այդքան բաներ տեսնելուց և լսելուց հետո, տակավին դուրս չեն եկել իրենց անհասության վիճակից: «Ի՞նչ եք մտածում, - հարցնում է Հիսուս,- ի՞նչ եք խոսում, թերահավատներ. Ես ինչ եմ ասում, դուք ինչ եք հասկանում. ինչպե՞ս կարող էր մտքներովդ անցնել, որ հացի պակասության համար պետք է նեղութուն քաշեք: Աչքներդ բաց, աչքներիդ տակի եղածը չեք տեսնում. ականջներդ առողջ` ամեն տեղ խոսվածը չեք լսում, կատարված եղելությունները միտներդ չեք պահում, և չեք հիշում. պետք է ասել, որ կատարյալ ապուշության մեջ եք ապրում, և եղածը չեք կարող հասկանալ: Հինգ կտոր հացով 5000 հոգուն կերակրելուց հետո, քանի՞ զամբյուղ ավելցուկ հավաքեցիք: Յոթ կտոր հացով 4000 հոգուն կերակրելուց հետո, քանի՞ զամբյուղ ավելցուկ հավաքեցիք, արդյոք ա՞յդ էլ մոռացաք»: Առաքյալները, իբրև ամեն բան հիշողներ, վկայում էին հավաքած ավելցուկների 12 կողովը և 7 զամբյուղը: Հիսուսը շարունակում է. «Ուրեմն ինչո՞ւ չեք հասկանում իմ խոսքը: Ինչո՞ւ եք վախենում, որ առանց հացի կմնաք: Ինչո՞ւ չեք հասկանում, որ նյութականի մասին չեմ խոսում կամ ինչո՞ւ չեք կարծում, որ կարող է խոսացած լինեմ փարիսեցիների կամ սադուկեցիների պատրաստած հացից զգուշանալու մասին»: Երբ Հիսուս այսպես մանրամասնորեն բացատրեց Իր խոսքերը, առաքյալները վերջապես հասկացան, որ Հիսուս ոչ թե ուզում է զգուշացնել փարիսեցիների, սադուկեցիների և հերովդեսականների ձեռքով պատրաստված, խմորված հացից, այլ այդ աղանդավորների քարոզած աղանդների խմորից:
    Այս միջադեպը տեղի ունեցավ Գալիլիայի ծովակի վրա, նավում, Մագդաղեա և Դաղմանեա կողմերից դեպի Բեթսայիդա, ծովակի հարավից դեպի հյուսիս նավարկած ժամանակ: Նավագնացությունը հաջող անցավ, գիշերն էլ հարկավ անցկացրեցին ծովի վրա և մյուս օրը հասան Բեթսայիդա, Պետրոսի, Անդերասի և Փիլիպոսի հայրենիքը: Ոմանք, հիմնվելով Ավետարաններում հիշատակված «Գնացին յայնկոյս» խոսքերի վրա և «յայնկոյս»-ը մեկնելով որպես արևելյան եզերք, ջանացին այդ կողմերում մի ուրիշ Բեթսայիդա էլ գտնել, սակայն ծովային նավագնացության մեջ որևէ ուղևորություն, որ նույն գծի վրա չէ, մյուս կողմն անցնելով է կատարվում և միշտ կարող է ասվել «յայնկոյս», և այս անգամ էլ ծովակի հարավից դեպի հյուսիս էր կատարվում Հիսուսի և Իր հետ եղողների նավագնացությունը: