Հովհաննես Ծործորեցի
Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց.
Եվ թագավորը մտավ նայելու բազմականներին և տեսավ այնտեղ մի մարդու, ով հարսանիքի զգեստ չէր հագել:
Թեպետ սա որպես առակ է [Տերն] ավելացնում, սակայն հավատում ենք, որ ճշմարտապես կատարվելու է մեզ հետ` ըստ հենց Նրա խոսքի. «Ձեզ հետ եմ կյանքի բոլոր օրերին» (հմմտ. Մատթ. 28։20), և` «Ուր երկու և երեք հոգի ժողովված են Իմ անունով, Ես այնտեղ եմ` նրանց մեջ» (Մատթ. 18։20): Ուրեմն` նախքան ուրախության վայելումը մտնում է, որ տեսնի, թե ո՛վ է այդ ուրախությանն արժանի, ով` ոչ: «Տեսավ այնտեղ մի մարդու,-ասում է,-ով հարսանիքի զգեստ չէր հագել». սա կամ հերձվածողների մասին է ասում, ովքեր թեպետ հավատքի եկան, սակայն չար աղանդների որոմով ներկեցին իրենց, որովհետև Փեսայի հարսանիքի զգեստը, այսինքն` Խոսքի մարմինը, որը զինվորները չպատռեցին, սրանք պատռելով` իրենցից շպրտեցին զանազան հերձվածներով: Որովհետև մեկը երկու որդի ասաց [Քրիստոսի մասին], մյուսը` թե Նա Իր մարմինը երկնքից է բերել, ուրիշներ էլ Նրա սկիզբը Մարիամից համարեցին, ոմանք էլ Նրա բնությունները շփոթեցին, և այսպես մերկ ու խայտառակ մնացին: Եվ թեպետ իրար հակառակ աղանդների հետևեցին, բայց ամբարշտությամբ հավասար եղան, ինչ պատճառով էլ [Տերը նրանց] որպես մեկ մարդ է ներկայացնում: Կամ էլ սա ասում է գործերի պատճառով, քանի որ շատերը հավատացին, բայց հավատին անարժան վարքով ապրեցին, և նրանց հավատն անգամ, առանց գործերի լինելով, մեռած է 1224: Ուստի որպեսզի [աշակերտները] միայն հավատին չապավինեն, մեջտեղ է բերում դատաստանի իրողությունը, որ չար գործերի համար է լինելու, քանի որ [Տերը] չասաց, թե [այդ մարդը] հագուստ չուներ, այլ որ հարսանիքի՛ [զգեստ] չէր հագել:
Հոգու երկու հագուստ գիտենք: Մեկն առաքինության զգեստն է, որը հագնողին պանծալի է ցույց տալիս, ինչը Խոսքն Ինքն էլ հագավ մարմնով հանդերձ, նկատի ունեմ արդարությունն ու այլ առաքինությունները: Իսկ մյուսը չարության ցնցոտին է, որը նախատելի է ցույց տալիս [մարդուն], ինչպես Հուդային, ով օրհնության հագուստի փոխարեն, որը մաքրությունից է շնորհվում, որպես զգեստ հագավանեծքը, որը չարիքներն ընձեռեցին, Փեսայի հարսանիքից վտարեցին և բազմականներին աթոռակից լինելուց մերժեցին:
Եթե մեկը հարցնի, թե [Տերն] ինչու է հագուստն այսպիսի ճշգրտությամբ պահանջում, կպատասխանենք, որ կանչելն ու մաքրելը, այն էլ` անարժաններին, ըստ շնորհի է լինում, և շնորհը մի անգամ է [տրվում], իսկ հագուստն անբիծ ու մաքուր պահելը վերաբերում է կանչվածներին և երախտիքին ու երախտահատույցներին, քանի որ այդպիսի պատվից հետո չպետք է այդքան չարիք ցույց տալ: Որովհետև ինչպես որ [հրեաները], [երախտագետ] չլինելով, անարգեցին [Տիրոջը], այդպես էլ դու [կանարգես], եթե աղտեղի հագուստով ու անսուրբ կյանքով այստեղից այնտեղ գնաս, մանավանդ որ այն [մարդը] չգիտեր, որ աղտեղի պատմուճանը չի պատշաճում հարսանիքին, իսկ քեզ սովորեցրել ու քարոզել են:
Բայց ոմանք հարսանիքի զգեստ են համարում մկրտությունը` ըստ առաքյալի. «Դուք, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսին եք հագել» (Գաղ. 3։27): Ուստի ասում է` թեպետ շատ ազգեր տարբեր պատճառներով ճանաչեցին Աստծուն, բայց ովքեր անապականության կնիքի զգեստն ու մերկության ամոթի ծածկույթը չառան, չեն ժառանգելու Աստծո արքայությունը` ըստ Տիրոջ, թեկուզ բազմաթիվ բարի գործեր կատարած լինեն, որովհետև այդպիսիք կուրացած հոգով` ոչ թե Աստծո փառքի համար են դրանք գործում, այլ սեփական անձի, և նրանց է պատշաճում այն խոսքը թե` «Հենց դա էլ նրանց վարձն է» (Մատթ. 6։2):
Ստեփանոս Սյունեցի
Եվ երբ թագավորը ներս մտավ հրավիրվածներին տեսնելու»: «Այնտեղ տեսավ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել»:
Թագավորը, նախքան ուրախությունը, [ներս] մտավ, որպեսզի տեսնի, թե ո՞վ է ուրախության արժանի, և ով՝ ոչ:
Քանի որ չէր հանել չարության և ամբարշտության զգեստը, այլ տակավին [դրանցով] զգեստավորված և միայն նենգությամբ ու խորամանկությամբ էր մտել, այսինքն՝ անաստվածությամբ ու ամբարշտությամբ՝ [իր հետ] ոչինչ չբերելով Քրիստոսի պատվիրաններից ու առաքինությունից, այդ պատճառով էլ պապանձվեց, որովհետև պատասխան չուներ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եվ երբ թագավորը ներս մտավ հրավիրվածներին տեսնելու»: «Այնտեղ տեսավ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: