Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:13

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում.

   

   Այդժամ թագավորն ասաց սպասավորներին. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և հանեք դրան արտաքին խավարը. այնտեղ կլինեն լաց և ատամների կրճտում»: Տեսնո՞ւմ ես, որ [Աստված] ավելի շուտ չի տանջում, մինչև մեղանչածն ինքը չի սահմանում իր վճիռը: Որովհետև երբ [այդ մարդը] պապանձվեց, դրանից հետո՛ «թագավորն ասաց սպասավորներին»: Երբ բարիք էր շնորհում, առանց միջնորդի Ի՛նքը պատրաստեց խրախճանքը, իսկ այժմ տանջելու համար սպասավորներին է գործածում` հրեշտակներին, որպեսզի հասկանանք, որ Նրա կամքը կյանքն է` ըստ մարգարեի 1217, իսկ տանջում է մեզնից պարտադրված լինելով: «Կապեք դրա ոտքերն ու ձեռքերը». «ոտքերը» ընթացքն է, իսկ «ձեռքերը»` գործելու կարողությունը, որովհետև երբ տանջում է Աստված, այլևս ո՛չ այստեղ և ո՛չ այնտեղ չկա գործելու կամ մտածելու ժամանակ` ըստ այսմ. «Գործել չեմ կարող, մուրալ ամաչում եմ» (Ղուկ. 16։3):

   [Կարելի է մեկնել] նաև այլ կերպ: Ձեռքերն ու ոտքերը կապելը շնորհն ու [աստվածային] պատկերը հետ վերցնելն է նշանակում, որոնք [Աստված] տվեց առաջին և վերջին փչումներով 1218` ըստ այսմ. «Մեջտեղից հատե՛ք դրան» (հմմտ. Մատթ. 24։51), որովհետև ինչպես որ մեջտեղից հատվածն է անշարժ, այդպես էլ կապվածը: Եվ [Աստծո] շնորհով ենք այն, ինչ ե՛նք, և եթե այն վերցվում է, մարդն իր չարությամբ մատնվում է խավարին, ինչպես ասում է [Տերը]. «Եվ հանեք նրան արտաքին խավարը, ուր աչքերի լաց է և ատամների կրճտում»: Սրանց մասին ավելի առաջ խոսվել է 1219, իսկ այստեղ այսքանը [կասենք]. ինչպես որ Նոյի օրերին [Աստված] մարդկանցից ոչ միայն Հոգին վերցրեց` նրանց` մարմին լինելու պատճառով 1220, այլև ջրով հեղեղեց [նրանց], այդպես էլ երկրորդ գալստյանը կվերցնի ոչ միայն Իր շնորհը, այլև կուղարկի խավարի մեջ և կմատնի անբուժելի ցավերի` աչքերի լացի և ատամների կրճտման:

   Ոմանք «խավար», «ծուխ» և «ցուրտ» են համարում Բանսարկուին և դևերին, քանի որ խավար է Բանսարկուն, որ հալածվեց լույսից և կուրացուցիչ ծուխ դարձավ մեր մտքի համար. սա աչքերի լացն է: Իսկ ցուրտը ատամների կրճտումն է, այսինքն` [դևերը] պոռնկությամբ ու տարբեր հայ հոյություններով սառեցրին մեր մարմինը: Ուստի [Աստված մարդկանց] կցորդ է դարձնում նրանց տանջանքին, ում կամքը կատարեցին:
   

Ստեփանոս Սյունեցի

Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում.
   
   «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը.
   Հրեշտակները կապում են [նրա] ձեռքերն ու ոտքերը և հանում [դուրս]՝ տանջանքի վայրը (Մատթ. 22։13): Ոտքերը՝ ընթացքն է, իսկ ձեռքերը՝ ներգործելու զորությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում.

 

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:1