Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»:
Բաղարջակերաց [տոնի] առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին:
Ղուկասն ասում է. «Մոտեցավ Բաղարջակերաց տոնը» (Ղուկ. 22։1), և` «Եկավ Բաղարջա կերաց օրը», իսկ [Մատթեոսն ասում է]` «առաջին օրը»: Հինգշաբթի օրվա մասին է ասում, որը նախորդում էր Բաղարջակերաց օրվան: Քանի որ եբրայեցիները սովոր էին երեկոյից հաշվել օրը, այդ պատճառով էլ [Մատթեոսն] ասում է` «առաջին օրը». որովհետև պատրաստվում էին հինգշաբթի երեկոյան Պասեքի [գառը] մորթել և բաղարջակերության սկիզբը դնել, ինչպես ասում են Ղուկասն ու Մարկոսը թե` «որում Պասեքն էին մորթում» (Ղուկ. 22։7, Մարկ. 14։12): Նաև ո՛չ պատահաբար [Տերն] այդ օրն ընտրեց, այլ որպեսզի հիշեցներ հին [Զատիկը]` Եգիպտոսում կատարված տոնի զոհաբերությունը, երբ ճաշակելով գառն ու [տան] շեմերը [նրա] արյամբ դրոշմելով` Իսրայելի ցեղը փրկվեց այն սատակչից առաջին ամսին 1454, երբ ստեղծվեցին բոլոր արարածները: Այսպես Գառը, որ Իր վրա է վերցնում աշխարհի մեղքերը, նույն օրն է մորթվում, և Նրա պատկառելի արյամբ դրոշմվում են մեր մտքի շեմերը, հաղորդվում ենք անսերմ ու անապական կուսածին մարմնին, որով ազատվում ենք Բանսարկուի ծառայությունից և փրկվում մարմնի տղմուտ ու լպրծուտ մեղքերից ու աղտեղությունից` դառնալով նոր Ադամ և հնությունից նորոգվելով այս գարնանային եղանակի պատշաճ ժամանակին: Այս խորհրդով է ավետարանիչն ասում. «Բաղարջակերաց [տոնի] առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին»:
«Որտե՞ղ ես կամենում, որ պատրաստենք Զատիկը, որ ուտես»:
Քանի որ սովորություն էր նախ պատրաստել գառն ըստ Օրենքի հինգ կամ գոնե մեկ օր առաջ, որպեսզի ցույց տային, որ հոժարությամբ են մատուցում զոհը, ուստի [Հիսուսի աշակերտները] մոտեցան հարցնելու, թե որտեղ պատրաստեն: Սա նաև ցույց է տալիս, որ Նա 1455 տուն կամ իջևանատեղի չուներ, ոչ էլ [աշակերտները], այլապես Նրան կխնդրեին այնտեղ գնալ: Նրանք հրաժարվել էին ամեն ինչից և զբաղված էին հրաշքներ գործելով և ուսուցանելով, քաղաքն էլ տոնի պատճառով ժողովրդով էր լցված, և հնարավոր չէր քաղաքից դուրս` մի ուրիշ տեղ, Զատիկը նշել: Այս հարցը ցույց է տալիս նաև աշակերտների հնազանդությունը, որովհետև Նրա կամքին հակառակ ոչ մի բան չէին անում: Իսկ այլաբանորեն` երբ մաքուր գործերով պատրաստում ենք մեզ` ճաշակելու Տիրոջ Մարմինն ու Արյունը, Նա՛ է մեզ ուտում, ինչպես կրակը` փայտը` ոչնչացնելով մեր հանցանքները: Սա՛ է ասելը. «Պատրաստենք Զատիկը, որ ուտես»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին.
Հիսուսի մահվան օրն ու ժամը ճշտելու մեջ չորս ավետարանիչներն էլ համաձայն են, թե այն տեղի ունեցավ ուրբաթ օրը՝ կեսօրից հետո: Մահվան նախորդ դեպքերը պատմելու ժամանակ էլ չորսը համաձայն են, թե նույն օրվա առավոտյան դատվեց, դրա նախորդ երեկոյան,ընթրիքը կատարելուց հետո, գիշերը ձերբակալվեց, որով ճշգրտվում է, թե ընթրիքը կատարվեց հինգշաբթի երեկոյան: Ավետարանիչները համամիտ են, որ այդ ընթրիքը զատկական ընթրիքն էր՝ օրինական բոլոր արարողություններով՝ գառնազենությամբ և բաղարջակերությամբ մեկտեղ: Հետևաբար պետք է ասել, թե հինգշաբթին, որի երեկոյին տեղի ունեցավ ընթրիքը, նիսան 14-ն էր, իսկ հաջորդ օրը՝ ուրբաթ, երբ Հիսուս խաչվեց ու մեռավ, նիսան 15-ն էր՝ այսինքն զատկի տոնի առաջին և մեծ օրը:
Այս հաշվարկը երբեք դժվարության տեղիք չի տալիս, եթե պարզապես նկատի առնենք միայն Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարանները, մինչդեռ Հովհաննեսի ավետարանի ինչ-ինչ բացատրությունները այն իմաստն են հաղորդում, թե ուրբաթը, երբ Հիսուս Խաչվեց ու մեռավ, ոչ թե զատկի առաջին օրն էր, այլ երեկոյի բաղարջակերը սկսելու օրը,որով ստացվում է, թե ուրբաթ նիսան 14-ն էր, իսկ նիսան 15-ը շաբաթ:
Այդ տարբերությունը մեկնիչների միջև զանազան կարծիքների պատճառ է հանդիսացել, որոնք ձգտել են Երեք ավետարանների կամ Հովհաննեսի պատմած պարագաններին առավելություն տալ: Այ հարցը ավելի կարևորություն է ստացել Հույն Եկեղեցու խմորուն հացով պատարագելու պատճառով, որով հույները ցանկանում են իրենց արարողությունը ավետարանով արդարացնել, պնդելով, թե Հիսուսի Վերջին Ընթրիքը բաղարջակերաց տոնից մեկ օր առաջ լինելով սեղանի հացը խմորուն էր և խորհուրդը այդ խմորուն հացով կատարվեց: Նորագույն մեկնիչներն էլ են այդ կարծիքը պնդում, յուրահատուկ կերպով ցանկանալով Հռոմեական Եկեղեցու արարողության ուժը կոտրելու համար:
Հայ Եկեղեցին վաղուց ի վեր պատարագի խորհուրդը կատարում է բաղարջ հացով, որով ընդունում է Հիսուսի ընթրիքը բաղարջակերաց օրով կատարելը և հաստատում է նիսան ամսի 14-ի հինգշաբթի օրը հանդիպած լինելը: Մենք էլ այդ տեսակետին ենք հետևում, որովհետև երեք ավետարանիչների վկայությունները այնքան բացահայտ են, որ առանց ավետարանները եղծելու. ավետարանիչներին սխալ համարելու՝ հնարավոր չէ նրանց պատմությունը այլ կերպ՝ նիսան 13-ին ենթադրել: Մյուս կողմից Հովհաննեսի ավետարանից քաղված բաատրությունները հայտնի և հստակ չեն ասված, այլ միայն տարբեր մեկնության ենթակա խոսքեր, որոնք ամենայն պարզությամբ և հեշտությամբ կարող են մյուս ավետարանիչներին համաձայնող իմաստով էլ ընկալվել: Եթե նույնիսկ ավետարանիչներին ցանկանայինք ընդունել որպես պարզ պատմիչներ, անշուշտ՝ երեքի՝ Ղուկասի, Մարկոսի և Մատթեոսի վկայությունները պիտի գերադասենք Հովհաննեսի առանձին վկայությունից: Լոկ պատմաքննական տեսությամբ երեքի պատմությունն իր մեջ երբեք իրար հակասող դեպքեր չի պարունակում և կատարյալ կապակցվածությամբ մի ամբողջություն է կազմում:
Թերևս կարիք կար, որ մենք մեր կարևոր մեր կարծիքը հաստատելու համար թեր և դեմ տեսակետները այստեղ ներկայացնեինք, սակայն այս կատարելու համար պիտի պարտադրվենք պատմական հանգամանքներ քաղել և մեր Համապատումի կարգը խանգարվեր: Ոստի այստեղ բավական ենք համարում միայն այսքանը կանխավ ներկայացնել ու մնացածը վերապահել պատմության հերթականության և զանազան դեպքերի հիշվելու առիթով, այդ խնդրի վերաբերյալ կետերը շեշտել ու պատշաճ լուսաբանումներ տալ՝ մինչ հաստատելու համար, թե հինգշաբթին նիսան 14-ն էր և ուրբաթը՝ նիսան 15-ը, իսկ հռոմեական տոմարով հինգշաբթին ապրիլի 6-ն էր և ուրբաթը ապրիլի 7-ը, Հռոմի 783 թվականի, մեր թվականության 30-ին և Հիսուսի կյանքի 34-րդ տարին:
17-19. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»»: Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը:
Ավետարանիչները մեզ չեն պատմում,թե Հիսուս Ձիթենյաց քարոզից մինչև զատկական ընթրիքը ինչ կատարեց,որ է նիսան 13-ի չորեքշաբթի կեսօրից հետո մինչև նիսան 14-ի կեսօրից հետոն: Հարկ չկա ենթադրել, թե Հիսուս և՛ նույն գիշերը, և մյուս օրը Ձիթենյաց լեռան վրա անցկացրեց, այլ ամենայն հավանականությամբ գնաց Բեթանիա և գիշերեց իր բարեկամ և հյուրընկալ Ղազարոսի տանը: Ապա մյուս օրը ևս նրանց հետ անցկացրեց, որտեղ այլևս ետ պիտի չվերադառնար և կարելի է ասել իրեններին հրաժեշտի այցելություններ էր տալիս: Պետք է ավելացնենք, թե Մարիամ Տիրամայրն էլ այնտեղ պիտի լիներ, որովհետև Ուրբաթ կեսօրին նրան Գողգոթայի վրա ենք տեսնում և հնարավոր չէ ենթադրել ,թե հանկարծ Գալիլիայից հասած լինի, այլ թե նա ևս զատկի համար եկել էր Երուսաղեմ և օթևանել նույն տանը, որտեղ սովորաբար Հիսուսն էր հյուրընկալվում:
Նույնպես հնարավոր չէ ենթադրել,որ Հիսուսի կողմից բացահայտորեն առաքյալներին ասվածը, թե երկու օրից պիտի խաչվի ու մեռնի, գաղտնի մնացած լինի տիրամորից ու Ղազարոսից: Հետևաբար, չորեքշաբթի գիշերն ու հինգշաբի առավոտը տխուր թախծության ժամեր եղան բոլորի համար: Անշուշտ, նրանք Հիսուսին թախանձելով նոր տեղեկություններ ցանկացան իմանալ Նրա մահվան հանգամանքների մասին: Նաև մեղմ բռնադատությաամբ ցանկացան Հիսուսին համոզել, որ այլևս Երուսաղեմ չվերադառնա և Բեթանիայից գաղտնի կերպով Եփրեմի լեռները կամ Հորդանանի անապատները քաշվի: Բայց Հիսուս, իհարկե երկնային նախախնամության վերին կարգադրություններին հպատակվելու պարտականությունը բացատրեց, մարդկային փրկության մեծ խորհուրդը հասկացրեց, որքան որ իր ունկնդիրները կարող էին հասկանալ: Եվ, վերջապես, ինչ որ ուրիշ անգամներ ասել էր, թե երեք օրից հարություն պիտի առնի, այս անգամ ևս կրկնեց և այդպիսով բոլորի վիշտը մեղմեց և հորդորեց հնազանդվել Երկնավոր Հոր կամքին:
Երբ առաքյալները տեսնում են, թե Հիսուսի կամքը հաստատուն է և փախչելու մտադրություն չունի, ասում են. «Ուրեմն ինչ պիտի անենք: Ահա Բաղարջակերը հասավ ու Զատիկը եկավ և այս երեկո գառնազենությունը կատարելու օրն է: Որտեղ պիտի կատարենք մեր զատկական արարողությունը. ինչ է քո կամքը»: Հիսուս պատասխանում է. «Երուսաղեմում պիտի կատարեք այն և ձեզանից երկուսը պետք է ավելի վաղ գնա և անհրաժեշտ պատրաստություններ տեսնեն, իսկ մյուսների հետ երեկոյան կգամ և օրինական արարողությունները կկատարենք՝զատկական գառը կզոհենք, որից հետո ես պիտի զոհաբերվեմ՝ օրինականի հետ տեղի կունենա նաև իսկականը, ինչպես որ պատվիրել է Երկնավոր Հայրը»:
Եվ առաքյալներից Պետրոսին ու Հովհաննեսին առանձնացնելով, ուղարկում է զատկական պատրաստւոթյուններ կատարելու:
Թե Հիսուսի զատկական ընթրիքի պատրաստությունների նաատեսած ճիշտ և ճիշտ բաղարջակերաց օրինական օրն էր, երբեք կասկածի տեղիք չի տալիս, երբ հետևում ենք ավետարանիչների բացատրություններին: Ըստ Մատթեոսի. «Եւ յառաջնում աւուր բաղարջակերացն», ըստ Մարկոսի «Եւ յառաջնում աւուր բաղարջակերացն՝ յորժամ զզատիկն զենուին», ըստ Ղուկասի «Եկեն օր բաղարջակերացն, յորում օրէն էր զենուլ զպասեքն»: Արդ՝ այն օրը, որ բաղարջակերաց առաջին օրն էր ըստ օրենքի, երբ բոլորը զատկական գառն էին մորթում և, երբ օրենքով այն պարտադրված էր կատարել, երբեք չէր կարող նիսան 13-ը լինել, այլ պետք էր, որ օրենքով հրամայված նիսան 14-ը եղած լիներ. «Ի չորեքտասաներորդում աւուր ամսոյն առաջնոյ արասցեն զայն ընդ երեկս» Թիվք 9:3: Այլապես, թե Հիսուս օրենքին հակառակ գործած կլիներ, թե ավետարանիչները օրենքի սխալ մեկնություն կատարծ կլինեին: Եվ ոմանց ասելը, թե գալիլիացիները սովորություն ունեին օր առաջ կատարել գառնազենությունը, երբեք չի կարող հիմնավոր լինել, որովհետև օրենքում այդպիսի բացառություն ներելի չէ և միայն բացառապես այն թույլատրվում է կատարել Իյար ամսի 14-ին. «Որ լինիցի անսուրբ... եւ կան թէ ի հեռի ճանապարհի ոք իցէ... արասցե զզատիկն Տեառն յամսեանն երկրորդի չորեքտասաներորդում աւուր նդ երեկս» Թիվք. 9:11: Այսպես ուրիշ ամսի 14-ով փոխարինելու բացառություն կա, բայց ամսի 13-ին կատարելու բացառությունը ոչ օրենքում կա, ոչ էլ ավանդությունից է վկայված, այլ լոկ երևակայությամբ է կազմվել: Ըստ այսմ ընթրիքի հինգշաբթին նիսանի 14-ի եղած լինելը հնարավոր չէ կասկածի ենթարկել:
Իսկ տոնի անունը զանազան ձևերով տրված է ավետարանում. պասեք, պասքա, բաղարջակերք և զատիկ: Պասեքը ուղիղ եբրայեցերեն բառն է, որ անցնել է թարգմանվում: Պասքան նույն բառը հունարեն ձևի վերածվածն է: Բաղարջակերքը օրինական արարողություններից վերցված բացատրական անուն է, սովորաբար բոլոր լեզուներում ընդունված իրենց բառերով: Իսկ զատիկ հայերեն հատուկ անուն է, ըստ ոմանց թարգմանությունը պասեք բառի, բայց ըստ մեզ՝ ավելի հավանականն այն է, որ զատիկը հայոց հեթանոսական ժամանակից մնացած եղանակների բաժանման կամ գիշերահավասարի տոնն է, որը քրիստոնեության մեջ փոխարինվել է պասեքի քրիստոնեացած հրեական տոնով, ինչպես եղել է Վարդավառի և Ծաղկազարդի տոների համար: Այժմ վերադառնանք պատմության շարունակությանը:
Պետրոսն ու Հովհաննեսը զատիկին պատրաստվելու կարգադրությունն ստանալուց հետո, ցանկանում են իմանալ, թե որ տունը պիտի գնան և որտեղ պիտի հավաքվեն: Ավետարանը առանց քննելու կարդալիս, առաջին հայացքից այնպես է թվում, թե Հիսուս որոշաակի տեղ չի նշում, այլ միայն ինչ-ինչ նշաններ է տալիս, որոնց դիտելով ու հետևելովառաքյալները տեղը պիտի գտնեն: Եվ ընդհակառակն, եթե ուշադիր կարդանք Մատթեոսի գրածը, որ Հիսուս բացահայտ կերպով տալիս է տանտիրոջ անունը. «Երթայք ի քաղաքն, առ այս անուն»: Միայն թվում է, թե առաքյալները նշված տան տեղը չգիտեին, այդ պատճառով ավելացնում է. «Այդ մարդու ծառան առավոտները գալիս է քաղաքի աղբյուրի մոտ եղած աղբյուրից սափորով ջուր տանելու: Նրան գտեք, հետը խոսեք և նրա հետ նշածս տունը գտեք և այս անունով տանտիրոջը ներկայացեք»: Հետևաբար մենք երբեք էլ անհրաժեշտ չենք նկատում՝ տան տեղը նշելու նման ամենասովորական գործի մեջ, մարգարեական հոգու բարձր պայմաններ ենթադրել:
Առաքյալներին ևս անծանոթ է մի տան մեջ զատիկը կատարելու որոշումը Հիսուսի կաշմից արտասովոր մի կարգադրության հետևանք է: Գիտենք, որ Հիսուս սովորաբար Երուսաղեմում չէր գիշերում, գիտենք նաև, որ նա հարուստների տները հաճախող մեկը չէր և իր գործերը միշտ կատարում էր համեստ պայմաններում: Այս անգամ նրա ընտրած տեղը ընդհակառակը «վերնատուն մի մեծ զարդարել»՝ վերնահարկով, ընդարձակ ու զարդարված մի տուն էր, որ Հիսուսի կենցաղին անհամապատասխան տարօրինակ պայմաններ են: Պատճառը իր կյանքի վերջին զատիկը և մահվան մոտալուտ լինելն ու նաև իր վախճանին շքեղ կերպարանք տալու մտադրությունը, ինչը որ բացահայտորեն երևում է այն խոսքերի մեջ, որոնք հանձնարարում է առաքյալներին իր կողմից տանտիրոջը զհաղորդելու, թե՝ «Վարդապետն ասէ. ժամանակ մի մերձեալ է. առ քեզ առնեմ զզատիկ աշակերտօքս հանդերձ», այսինքն ցանկանում էր ասել, որ. «Վերջին օրս մոտեցավ և պետք է կյանքիս վերջը հատուկ հանդիսավորությամբ տոնախմբեմ: Այս անգամ չեմ ցանկանում համեստ ու խոնարհ տեղերում իջևանել, այլ վերջին զատիկս և մահվանս նախատոնակը ցանկանում եմ շքեղ ու զարդարուն մի տան մեջ կատարել: Այդ պատճառով էլ քո ընդարձակ ու զարդարված վերնահարկը ընտրեցի, որ այս երեկո իմ աշակերտների հետ պիտի գամ այդտեղ,ուստի պատշաճ կերպով պատրաստություններ կատարիր, որպեսզի այս երեկո տանդ մեջ շքեղ սրահում և մի փառավոր սեղանի առջև լինենք»:
Պետրոսն ու Հովհաննեսը ստացած հրահանգի պես արեցին և քաղաք եկան, գտան ծառային, նշված տունը մտան, խոսեցին տանտիրոջ հետ, որն ուրախությամբ ընդունեց, անհրաժեշտ հրահանգներ տվեց ծառաներին, իսկ երկու առաքյալները իրենց վրա դրված գործերը կատարեցին, սրահն ու սեղանը պատրաստեցին և վերադարձան Հիսուսին ի լուր տանելու, թե ամեն ինչ իր փափագի և հրահանգի համապատասխան կատարվել է:
Իհարկե, սա գաղտնի մեծամեծ աշակերտներից մեկի տունն էր, որտեղ նա վերջին զատիկը կատարեց և որի մասին Հիսուսի մերձավորագույն աշակերտները: Հովհաննեսն ու Պետրոսը տեղեկություն չունեին: Միանգամից ընտրությունը ընկնում է նիկոդեմոսներիցկամ արեմաթացիներից մեկի վրա, սակայն փոքր ինչ քննությամբ հավանական ենք գտնում, որ նա հանգրվանել է Հովհաննես Մարկոսի տանը: Հիսուսի վերահաս մահից հետո վերջին ընթրիքի վերնատունը առաքյալների համար նվիրական տեղ և սովորական ժամադրավայր դարձավ: Աշակերտները հարության կիրակիի երեկոյան մի տեղում էին հավաքվել Ղուկ. 24:33 Հովհ. 20:19 ութ օր հետո դարձյալ խմբվել էին նույն տեղում Հովհ. 20:26,Հիսուսի համաբարձումից հետո ևս նույն օթևանը վերադարձան, որն այս անգամ հիշատակվում է վերնատան անունունով. «Ելնի ի վերնատունն, ու վանքն իսկ էին» Գործ 1:13: Հոգեգալստյան օրը նույնպես այնտեղ էին հավաքվել Գործ 2:1, որը առաքյալների ու աշակերտների ու նոր հավատացյաների համախմբման սովորական վայրը դարձավ: Այնպես որ տաճարում օրինական աղոթքները կատարելուց հետո, քրիստոսավանդ արարողությունների համար «առտնին բեկանէին զհացն, եւ էին հանապազորդեալք բարդապետութեան առաքելոցն եւ հաղորդութեան եւ բեկանելոյ հացին եւ աղօթից» Գործ. 2:42 և 46: Այնուհետև հավատացյալների հավաքվելու մշտական տեղը շարունակա հիշատակվում է և Պետրոսն էլ բանտից հրաշքով ազատվելուց հետո, ծանոթ մի վայրում հավատացյալներին և ընկերներին գտնելու համար, այդ նույն հայտնի տունն է դիմել: Այս տեղի մասին Ղուկասը գրում է. «Եկեն ի տուն Մարիամու մօր Յովհաննու, որ կոչեցաւն Մարկոս, ուր էին բազումք ժողովեալ եւ աղօթս առնէին» Գործ 12:12: Այսպիսով եզրակացնում ենք, թե ընթրիքի վերնատունը, սկզբոմ առաքյալների ժամադրավայրը եղավ, ապա հավատացյալների աղոթավայրը, որ կոչվում է Հովհաննես–Մարկոսի տուն: Որեմն ընթրիքի վերնատունընույն Հովհաննես–Մարկոսի տունն էր, իսկ տանտերը, որին առաքյալները ներկայացան, նրա հայրն է եղել՝ Մարիամի ամուսինը: Ավանդությունը ևս այդ վերնատունը ընդունում է որպես քրիստոնեական առաջին եկեղեցին, որի տոնը կատարում ենք Աշխարհամատուռ անվան տակ: Մինչ այսօր Սիոնի բարձունքի վրա նշվում է նրա տեղը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: