Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային եւ Յիսուսին գանակոծել տալով՝ տուեց նրանց ձեռքը, որ խաչուի:
Այդ ժամանակ ազատեց նրանց համար Բարաբբային, իսկ Հիսուսին գանահարելով հանձնեց, որ խաչվի:
Ո՛չ իր կամքով, այլ նրանց պահանջո՛վ ազատեց Բարաբբային, իսկ Հիսուսին գանահարելով, ասում է [ավետարանիչը], հանձնեց, համարի՛ր թե, նրանց կամքին: Բայց ինչո՞ւ գանահարեց: Կամ իբրև մահապարտի, կամ էլ կամեցավ դերասանություն անել ու հաճոյանալ ամբոխին, որպեսզի իրականանար մարգարեի ասածը. «Սուր կբարձրանա հովվի և Իմ սիրելի մարդու վրա» (հմմտ. Զաք. 13։7): [Այստեղ Տերը] «սուր» է կոչում Պիղատոսի վճռի հրամանը, որով մատնեց [Հիսուսին] հրեաների կամքին` խաչելու Նրան, և լավ «հովիվ»` Իրեն, որ ոչխարների համար Իրեն մահվան մատնեց, ամեն ինչ Նրա ձեռքը հանձնած Հոր Սիրելիին 1568, ինչպես և Աբրահամն ակնարկեց աղոթքով. «Քա՛վ լիցի Քեզ, որ դատում ես ամենքին, [անելու այդ բանը` սպանելու արդարին ամբարշտի հետ]» (հմմտ. Ծննդ. 18։25):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային եւ Յիսուսին գանակոծել տալով՝ տուեց նրանց ձեռքը, որ խաչուի:
Պիղատոսը, միշտ իր հնարքների հաջողության վրա հույսը դրած, հրեաների զգացումները լավ չկշռող և իր կատարյալ իշխանությունը գործադրելուց խուսափող, նորից անակնկալի դիմաց է հայտնվում, երբ տեսնում է, որ հրեաներն արձակ-համարձակ անմեղ արյան պատասխանատվությունն են ստանում, և իր խղճին էլ, այդպիսով, կատարյալ հանգստություն տալիս: Թողնում է քարահատակը և ներս է մտնում, որպեսզի իր վճիռը կամ որոշումն արձակի: Խնդիրը երկու մաս ուներ. արձակել Բարաբբային և խաչել՝ Հիսուսին: Առաջինը դժվարություն չէր հարուցի, որքան էլ ահարկու ավազակապետ էր, և որի ազատվելը կարող էր նոր անտեղի արարքների տեղիք տալ, բայց, ի վերջո, այդ էլ հսկողությամբ ու զորությամբ հեշտ էր արգելել և զսպել: Ինքն առաջարկել էր, պաշտոնական խոսքն ու գործն ավարտվել էին, պետք էր այն գործադրել, ինչ էլ որ լիներ հետևանքը, ուստի հրամայեց ի կատար ածել առաջին մասը: Բարաբբան բերվեց բանտից, իր վրա դրված վճիռը ջնջվեց, ազատվելու պաշտոնական գործողությունները կատարվեցին, անշուշտ, այդ շնորհից օգտվելով, իր նոր կյանքը այլ կերպ վարելու հորդորներ էլ տրվեցին, և ավազակապետը հանձնվեց ներկա բազմությանը:
Գալով Հիսուսի խաչելությանը՝ Պիղատոսի դժկամությունը դեռևս իշխում էր մտքին և նորանոր հնարքների դիմելու ճամփից չէր հրաժարվել՝ առանց երբևէ իր իշխանության կտրուկ գործադրությունը ձեռք առնելու: Ով սայթաքուն գետնի վրա է քայլում, որքան էլ զգուշավոր լինի, վերջապես սահում է, եթե համառությամբ մնում է նույն գետնի վրա: Այսպիսին էր Պիղատոսի վճիռը: Նա, ի վերջո, արձակեց Հիսուսի խաչելու հրամանը: Այնպես որ այդ անիրավ մահվան գործադրությունը ստանձնեց կատարյալ գիտակցությամբ, բացահայտ խղճահարությամբ, իր տգեղ ու պարսավելի ընթացքի ողջ պատասխանատվության տակ մտավ, երբ կարծում էր դրանից խուսափել: Պիղատոսն այդ վայրկյանից մինչև վերջնական վճիռն արձակելը, նորից մի շարք վարանոտ գործեր կատարեց, որոնք պատմում է միայն Հովհաննեսը, մյուս երեքը դրանց մասին լռում են, որովհետև գործի իսկությունը չեն փոփոխել, թեպետ Պիղատոսի փոքրոգությունը առավելապես են երևան հանել:
Ըստ այսմ, Պիղատոսի որոշումներում երկու աստիճան պիտի առանձնացնենք. մեկը կիսատ ու երկդիմի որոշումը՝ վերջնական որոշումից առաջ ու տարբեր, և մյուսը՝ վերջնական, կատարյալ ու կիրառվող որոշումը: Երեք Ավետարանիչները, չպատմելով այդ երկու որոշումների միջև կատարված միջադեպերը, միմյանց են կցում երկու որոշումը և հիշատակել որպես վերջնական: Իսկ Հովհաննեսը, որ պատմում է նաև միջանկյալ պարագաները, վերջնական որոշման հիշատակությունը հետաձգում է:
Երբ Բարաբբան արձակվեց, հաստատվեց Հիսուսի դատապարտությունը: Հրեաների համար այդ դատապարտությունը որպես մահապարտություն նկատվեց և այն հաստատեց գործի վերջնական ելքը: Իսկ Պիղատոսի համար դեռևս պարզ պատժապարտություն էր, ուստի, ըստ այդմ էլ, գանակոծելու հրաման տվեց:
Ավետարանիչները, ողջ եղելությունը բացատրելու համար, գոհանում են լոկ մի քանի բառերով: Մատթեոսն ու Մարկոսը գրում են. «Եւ զՅիսուս գան հարեալ», Հովհաննեսը գրում է «Եւ զայն եհար»: Մեզ մնում է գանակոծության նպատակի և նպատակների վրա մի քիչ ավելի երկար խոսել: Գանակոծությունը երբեմն ամբողջ և վերջնական պատիժ էր, երբ կիրառվում էր թեթև հանցանքի համար, երբեմն էլ լոկ պատժի սկիզբն էր, երբ առիթ էր լինում մահապարտության պատիժ կիրառել: Այդ դեպքում գանակոծությունը ծառայում էր մահապարտին ավելի սաստիկ տանջանքի նախապատրաստելուն: Գանակոծությունը դարձյալ կատարվում էր երբեմն հրեական օրենքով և երբեմն՝ հռոմեական: Հրեաներին արգելված էր քառասուն հարվածից ավելի տալ. «Եւ հարցեն զնա ըստ ամբարշտութեան նորա, թուով քառասուն, եւ այլ մի՛ յաւելուցուն» Բ Օր. 25:3: Այդ պատճառով հրեաները սովոր էին միշտ երեսունինը հարված տալ, որպեսզի սխալմամբ քառասունն անցած չլինի: Այդ պատճառով Պողոսը գրում է. «Ի հրէից հնգիցս քառասուն միով պակաս արբի» Բ Կորնթ. 11:24: Իսկ հռոմեացիների մեջ օրենքով չափ չէր սահմանված: Դատավորն ուզածի չափ կարող էր շատացնել հարվածները: Վերջապես գանակոծությունը երբեմն կարող էր լինել գավազանով կամ բիրով, երբեմն կաշվե փոկով կամ արջառաջիլով, երբեմն չվանե խարազանով և երբեմն էլ ծայրերը երկաթե փշով ամրացված մտրակներով: Պատմիչներից ոմանք հիշատակում են, թե հռոմեացիները գավազանը ազատների համար էին պահում, իսկ խարազանները՝ գերիների և ստրուկների: Հռոմեացի իշխանավորների առջևից գնում էին սակրավոր բարապանները, որոնք, իբրև զենք, կրում էին կացին՝ գավազանների հետ խուրձ կապած: Բարապաններն անհրաժեշտության դեպքում քանդում էին խուրձը և կացինը կամ գավազաններն օգտագործում: Այսքան զանազանությունների միջից Հիսուսի վրա գործադրած ձևը որոշելու համար Ավետարանները որևէ նշան չեն տալիս: Բայց հայտնի է, որ այս անգամ հրեական գանակոծությունը չէր, այլ հռոմեականը, քանի որ հռոմեացի դատավորի հրամանով էր կատարվում: Իսկ կիրառված գործիքները հավանաբար Պիղատոսի սակրավորների գավազաններն էին, թեպետ ասողներ կան, թե Նազովրեցի Հիսուս, չլինելով հռոմեական ազատ քաղաքացի, Նրա համար գործածել են կաշվե խարազաններ: Հին հիշատակություններից իմանում ենք, որ հանցապարտին մերկացնելով, ձեռքերը կապում էին կարճ սյունից, կորացնում թիկունքը, որ ավելի հեշտությամբ ընդունի հարվածները: Համաձայն այս տեղեկության, մի կանգունաչափ բարձրության սյուն է պահվում Հռոմի Սրբուհի Պրաքսիդեի եկեղեցում, իսկ Կոստանդնուպոլսի հունական մայր եկեղեցում պահվում է սյան մի կտոր՝ երկուսն էլ որպես Հիսուսի ձաղկանքների սյուն: Հարվածների թվի մասին՝ բարեպաշտական տեսակետով ենթադրություններ շատ կան, մինչև իսկ համաձայն մի կույսի տեսիլքի, ասվում է, թե 6.666 հարված է տրվել: Մեզ համար դժվար է այդ թիվը որոշել:
Սրանից ավելի կարևոր է քննել, թե ինչ էր մտածում Պիղատոսը, երբ հրամայեց գանակոծել Հիսուսին: Գանակոծությունից հետո կատարված եղելությունների մասին Մատթեոսի և Մարկոսի լռելը, և անմիջապես խաչելությունը պատմելը կարելի է այնպես հասկանալ, որ դա պարզապես մահապարտության պատժի սկիզբն էր: Սակայն Հովհաննեսի տված մանրամասնությունները ցույց են տալիս, թե Պիղատոսը հետևում էր նախապես իր առաջարկած ձևին և Հիսուսին ոչ թե ապստամբության քրեական հանցանքի, այլ լոկ անխորհուրդ շարժումների հանցապարտ համարելով՝ գանակոծության պատժով կամենում էր գործը կրճատել և, Հիսուսին հանցանքի համար արդեն պատժված համարելով, ազատ արձակել: Իրոք, այդ առաջարկը երկու անգամ արել էր հրեաներին և, նրանցից մերժված, այնուամենայնիվ, մտածում էր, թե գանակոծության իրականացումը, Հիսուսի՝ հարվածներից կրած տանջանքը, Նրա դեմքի վրա առաջացած ցավագին փոփոխությունը շատ ավելի ազդու պիտի լինեն, քան նախօրոք ասված խոսքերը: Պիղատոսն իր տեսակետով պիտի հաջողություն ունեցած լիներ իր մտածած հնարքների մեջ, որոնցից չէր հրաժարվում, իսկ անմեղության կտրուկ վճռով գործը ավարտելու արիությունն էլ չուներ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: