Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:32

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ դուրս ելնելով՝ գտան կիւրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի:
   

    Եվ դուրս գալով` գտան մի կյուրենացի մարդու` Սիմոն անունով, նրան ստիպեցին, որ բարձի Նրա խաչը:

    Դուրս գալը նշանակում է նրանց մերժվելը խաչի շնորհից և այն հանձնելը հեթանոսներին, ովքեր այն վերցնելով` հետևեցին Փրկչին: Բայց ինչո՞ւ է Հովհաննեսն ասում, թե [Հիսուսն] «Ինքն էր կրում խաչափայտը» (Հովհ. 19։17), երբ այստեղ [ասվում է], թե Սիմոնին «ստիպեցին, որ բարձի Նրա խաչը»: Երկուսն էլ եղավ. սկզբում Սիմոնը կրեց, ապա [Հիսուսը], որովհետև սրա նախօրինակն էլ այդպես էր եղել. Իսահակը ողջակեզի փայտի խուրձը նախ էշի վրա բարձեց և հետո իր ուսն առավ 1580: Այլև իշխաններն իրենց զենքը սպասավորներին են կրել տալիս մինչև պատերազմի դաշտ և ապա իրենք են մարմնով կրելով` մարտնչում. նույն կերպ էլ մեր Տերը վարվեց: Նաև սա պատահականություն չէր, այլ Աստվա՛ծ կամեցավ, որ սպասավորեն Քրիստոսի խաչելությանը. այդ պատճառով էլ գտան Աղեքսանդրի և Ռուփոսի հայր Սիմոնին, ով հանդից էր գալիս 1581, և նա՛ կրեց [խաչափայտը], իսկ հետո [Հիսուսն] Ինքը վերցրեց այն, ինչը նշանակում է հետևյալը. ովքեր մարմնով խաչ են վերցնում` գնալու Նրա հետևից, վերջում Նա, [այդ խաչն] Իր վրա վերցնելով, թեթևացնում է [կրողի բեռը] և վշտերից [ազատելով]` հանգիստ պարգևում:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ դուրս ելնելով՝ գտան կիւրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի:
   
    «Եվ դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդ՝ Սիմոն անունով»:
Ե՛վ Մարկոսը, և՛ Ղուկասը ասում են, թե Սիմոն Կյուրենացին էր վերցրել Հիսուսի խաչը: Իսկ Հովհաննեսն ասաց՝ «Խաչափայտը Նա Ինքն էր վերցրել» (Հովհ. 19։17): Երկուսն էլ հնարավոր է, որ լինի. նախ Ինքն է վերցնում խաչը, իսկ հետո՝ Սիմոնը հայտնվելով Նրան սպասավորում է, և ո՛չ պատահաբար, այլ Աստծու կամքով. որպեսզի սպասավորի Քրիստոսի խաչին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ դուրս ելնելով՝ գտան կիւրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի:
   
    Մի կողմից բեռի ծանրությունը, մյուս կողմից Հիսուսի նուրբ կազմվածքը, սրան ավելացրած անքուն ու տագնապալից գիշերը, տառապանքը դատարաններում, գանակոծությունն ու ձեղանքը, զգացնել են տալիս և հասկանում ենք, թե ինչու Հիսուս չէր կարողանում տոկալ խաչի ծանրության տակ։ Ավետարանը չի գրում, սակայն ավանդությունն ընդունում է, թե քանի՜ - քանի՜ անգամ Հիսուս, բեռի ծանրությանը չդիմանալով, սահում, ընկնում է, գլորվում, մինչև զինվորները նույնպես զգում են, որ Նազովրեցին պիտի չկարողանա խաչը մինչև Գողգոթա հասցնել։Քահանայապետներն ու դպիրները ևս կասկածում էին, անգամ մտածում, որ միգուցե գտեղ չհասած, ճանապարհին մահանա ու իրենք Հիսուսին խաչի վրա տեսնելու անգութ հաճույքից զրկվեն։ Բոլորի համաձայնությամբ որոշվում է Հիսուսի մեջքից վերցնել խաչի բեռը և այն Գողգոթա տանելու համար օգնական որոնելիս՝ նկատում են քաղաք ներս մտնող մի ուժեղ մարդու։ Զինվորները վերջինիս պարտադրում են Հիսուսի խաչը շալակել և նրա հետևից բերել մինչև Գողգոթա։ Նկարիչների պատկերածը, այն է՝ խաչի գլուխը Հիսուսի ուսին,իսկ օգնողը ծայրից բռնած՝ օգնում է այն վերցնելու, չի համաձայնվում Ավետարանի պատմությանը։ Ղուկասը բացահայտ գրում է. «Եդին ի վերայ նորա զխաչն, բերել զկնի Յիսուսի», այսինքն՝ Հիսուս կատարաելապես ազատվում է խաչի բեռից․ այն ամբողջությամբ շալակում է օգնողը։
    Այդ փոխադրությունը անշուշտ կատարվեց դեռևս քաղաքի շրջապատից դուրս չեկած, որովհետև ավետարանիչները օգնողի համար ասումեն․ «Ընդ այն անցանէր, եկեալ յագարակէ» կամ «Գայր յանդէ»։ Այս ձևով կամենում են հասկացնել, թե դրսից էր գալիս,ինչը որ քաղաքի մեջ եղածին է համաձայն։
    Օգնողը հանվանե կոչված է ըստ իր հայրենիքի, այսիքն՝ թէ էր Սիմոն Կիւրենացի։ Մի հրեա, ինչպես երևում է անունից, Եգիպտոսի Կյուրենե, այժմ՝ Պենղազի, գավառից կամ նույնիսկ Կյուրեն, այժմ Քրեննա քաղաքից, ուր ստվար ու ծաղկում ապրող հրեական գաղթականություն կար, ինչը նաև Սուրբ Գրոց այլ հատվածներից ենք իմանում Գործ․ 2:10 և 6:9։ Զատկի օրով քաղաքից դուրս գտնվող արտերից վերադառնալը ոմանց առիթ է տվել կարծելու, թե նա ագարակատեր էր կամ հողագործ մշակ, սակայն կամ արտի կամ ագարակի հիշատակությունը քաղաքից դուրս լինելու հանգամանքը ցույց տալու համար է և ոչ թե՝ Սիմոնի զբաղմունքը կամ կացությունը։ Բոլոր ավետարանիչները Սիմոն Կյուրենացուն հիշում են անունով, որը նշանակում է, թե վերջինս քրիստոնեության մեջ նշանավոր դեմք էր։ Ավանդությունն ասում է, թե աշակերտեց քրիստոնեությանը և Պաղոստինում հայտնի քարոզիչ եղավ, հրեաների ատելության պատճառով հալածվեց և խաչելությամբ մարտիրոսացավ։
    Սակայ ինչպես երևում է, Սիմոնից ավելի նշանավոր եղան նրա որդիները՝ Աղեքսանդրոսն ու ռուփոսը, քանի որ Մարկոսը Սիմոնին ծանոթացնելու համար, հիշատակում է որդիներին․ «Զհայրն Աղեքսանդրի եւ Ռուայ» և այդ հիշատակությունը, քրիստոնեությանը վերագրվող պարագայից բացի չի կարող մեկ ուրիշ պատճառի վերագրվել։ Ոմանք կարծում են, թե Աղեքսանդրոսն ու Ռուփոսը արդեն աշակեևտել էին Հիսուսին և գուցե Յոթանասնից էին։ Սակայն մենք նշեցինք, որ Յոթանասունք պետք է պաղեստինցի լինեին (Ղուկ. 10:1), այլ թե չէ գաղթական հրեաներից։ Եթե վերջում անգամ աշակերտեին,ապա պետք է ասել, որ նշանավոր քարոզիչներ եղան։ Ավանդությունը Աղեքսանդրոսին Կյուրենեյի առաքյալ և քարոզիչ է համարում և ենթադրվում է, որ Ռուփոսը մեկնել է Հռոմ, հիմնվելով Պողոսի այն խոսքերի վրա,որով նա դիմում է Հռոմեացիներին,թե ողջույն է հղում «Ռուփայ ընտրելոյ ի Տէր» Հռոմ․ 16:13։