ՍՈՒՐԲ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐ ՎԱՂԵՐԻՈՍԻ, ԿԱՆԴԻՏՈՍԻ, ԱԿԻՒՂԱՍԻ ԵՒ ՄԻՒՍ ԵՒԳԻՆԷՈՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

   Ճգնաւորք Քրիստոսի՝ հեղմամբ արեան

ձերոյ զկռապաշտութիւն բարձիք յաշխարհէ.

Եւ ի ճանապարհս արդարութեան դարձուցիք զմոլորեալս:

Ճշմարտութեան քարոզք եւ լուսաւորիչք տիեզերաց.

էք պարծանք եկեղեցւոյ. եւ յոյս հաւատացելոց:

Համբերութեամբ ձերով ընկալայք ի Քրիստոսէ

զպսակս ա­­նա­պականս. եւ դասաւորեցայք

ի յերկինս ընդ անմարմնոցն դասս:

(Շարակնոց)

   

   Այս փառաւորեալ վկաներն ու Տրապիզոնի պար­ծանք սուրբ մարտիրոսներն ապրում էին Մաքսիմիոսի եւ Լիկիանոսի իշխանութեան տարիներին: Լիկիանոսի յարուցած մեծ հալածանք­նե­րի հրդեհը, որից նահատակուեցին Սեբաս­տիա­յի քառասուն սուրբ մանուկները, արքունի կուսա­կալների միջոցով հա­սաւ նաեւ Տրապիզոն քա­ղա­քի անգութ Լիւսիաս դատաւորին, ով Արևելքում դքսութեան աստիճան ունէր ու շատերին էր նահատակել Կիլիկիայի եւ Փոքր Հայ­քի կողմերում: Եւ երբ այդ անօրէնը ձեռնար­կեց այստեղ եւս չարչարել քրիստոնեաներին, նախ հրամայեց որոնել նրանցից գլխաւորներին: Շատ չանցած նրան տեղեկացրին, որ կան քրիստոնեայ երեք նշանաւոր անձինք, որոնց անուններն են Վաղերիանոս (կամ Վաղերիոս), Կանդիտոս եւ Ակիւղաս, ու ծածուկ բնակւում են Տրապիզոնի լեռների թաքստոցներում: Անմիջապէս զօրականներ ուղարկեց այնտեղ, ովքեր, բռնելով սուրբերին, տարան բռնաւորի մօտ:

   Դատաւորը փորձեց սաստիկ սպառնալիքներով նրանց դարձնել կուռքերի պաշ­տամունքին, սա­կայն սուրբերը համարձակութեամբ խոստովանե­ցին Քրիստոս Աստծուն եւ արհամարհեցին հեթա­նո­սների կուռքերը. «Պատրաստ ենք ,-  ասացին, - ամէն տեսակ տանջանքների ու մահուան, քան թէ ուրանանք մեր սուրբ հաւատը»: Դատաւորը, լսե­լով նրանց համարձակ դաւանութիւնը, որոշեց պէս-պէս փորձութիւններով ընկճել նրանց եւ սասանել նրանց հաստատակամութիւնը, որի համար նրանց աքսորել տուեց Պիդուս կոչուող անձուկ բերդը, որպէսզի այնտեղ քաղցի ու ծարաւի մատնուելով՝ զգաստանան եւ հնազանդուեն ինքնակա­լի կամքին: Իսկ սուրբերը խնդութեամբ յանձն առան Քրիստոսի անուան համար դժնդակ տարագրութիւնն ու բոլոր նեղութիւնները եւ մեծ ուրախութեամբ մնացին այդ աքսորավայրում:

   Շատ օրեր անց, երբ Լիւսիասը լսեց, որ նրանք գո­հութեամբ են մնում աքսորավայրի բերդում, հրա­մայեց նրանց բերել Տրապիզոն ու կանգնեց­նել ատեանի առջեւ: Դատաւորը փորձեց նրանց հրա­պուրել ողոքիչ խօսքերով. «Մին­չեւ ե՞րբ պի­տի անմտութեամբ յամառէք, - ասաց, - եւ ձեր խստասրտութեան պատճառով զուր տանջանքներ կրէք: Եկէք երկրպագէ՛ք անմահ կուռքերին ու մե­ծամեծ պարգեւներ կընդունէք ինձնից եւ թագաւորից»: Սակայն երանելի վկաները ար­համարհեցին նրա հրապուրիչ խոստումները, անարգեցին կռապաշտների սուտ պաշտամունքներն ու յանդիմանեցին դա­տաւորին իր անմտու­թեան համար:

   Այնժամ սրտմտելով` Լիւսիասը հրամայեց կա­պել նրանց եւ անխնայ հարուածել արջառաջլերով: Դաժան հարուածներից սուրբերի ողջ մարմինները պատառոտուեցին, իսկ դատաւորը, տես­նե­լով նրանց անմռունչ համբերութիւնը, որոշեց առաւել սաստկացնել տանջանքները: Նրա հրամանով կախեցին նրանց ու երկաթէ քերիչներով մին­չեւ ոսկորները քերեցին մարմինները: Սուր­բե­րից հեղուած արիւնը ներկում էր գետինը, սա­կայն նրանք իրենց տանջանքների մեջ ուրախու­թեամբ գոհանում էին Աստծուց: Ապա անողորմը, չյագենալով այսքանով, հրամայեց նրանց քե­րուած մարմիններին ճարպ քսել եւ բոցակիզել հրով: Այնժամ հրաշք կատարուեց. ատեանի սպասաւորները, ովքեր գազանաբար իրագործում էին բռ­նաւորի հրամանները, չարաչար պա­տու­հասուե­լով Աստծուց, դողալով ընկան իրենց երեսների վրայ ու այսահարնե­րի պէս սկսեցին իրենք իրենց դա­ժանօրէն հարուածել այնքան, որ տեսնողներն ահա­բեկուեցին: Եւ անգամ ինքը՝ դատաւորը, զար­հուրելով ու փշաքաղուե­լով կատարուածից, հրա­մայեց դադարեցնել սուրբերի տանջանքները եւ նրանց բանտ տանել:

   Այդ օրերին դատաւորի խուզարկուները գտան նաեւ այդ սուրբերին գործա­կից Եւգինէոսին, ում փնտրում էին երկար ժամանակ: Արդ, երբ սա եւս կանգ­նեց Լիւսիասի առջեւ, համարձակ խոստովանեց Քրիստոսի սուրբ հաւատի իր դաւանութիւնը ու հերքեց կոյր, խուլ եւ համր կուռ­քերին: Բարկացած բռնաւորը դաժանութեամբ գանահարել տուեց նրան, եւ ապա տարան կռատուն, որպէսզի այնտեղ երկրպագել տան կուռքերին: Իսկ երանելի Եւգինէոսը, դառը հո­գոց հանելով հեթանոսների կուրութեան համար, աղօթեց Աստծուն, որպէսզի անաստուածներին ցոյց տայ Իր հզօր Բազուկը: Նոյն պահին սոսկալի դղդրիւն եղաւ, կործա­նուե­ցին բոլոր բագինները, մանրացան ու փոշիացան: Այնժամ մոլեգնած Լիւսիասը, մռնչալով առիւ­ծի պէս, հարձակուեց սուրբի վրայ եւ գոչեց. «Որ­տեղի՞ց գտաք այս կախարդին, որը կործանեց մեր աստուածներին»: Ապա որոշեց առաւել սաստիկ տանջանքների ենթարկել. նրա հրամանով կա­պեցին նրան չուաններով ու հաստ գաւազաններով սաս­տիկ հարուածեցին այնքան, որ փշրուեցին բոլոր ոսկորները: Սակայն տես­նելով, որ սուրբը բնաւ չի բացում իր բերանը եւ ասես թէ չի էլ զգում անտանելի ցաւերը, հրամա­յեց քերել նրա կողերը եւ ջահերով այրել քե­րուած տեղերը: Ապա աղ ու քացախ լցրին մարմնի վրայ եւ շփեցին այրուած վէրքերը: Աստուածային շնորհների զօրութեամբ սուրբն այս ամէն տանջանքները կրում էր զուարթութեամբ, որից մեծապէս զարմացել էր անօրէն դատաւորը ու մոլորուած լինելով՝ մոգ էր կարծում Քրիստոսի ծառային, իսկ եղածը կախարդութիւն համարում:

   Ապա Եւգինէոսին եւս նետեց բանտ՝ նախկին երեք սուրբ վկաների մօտ, ու որոշեց մի քանի օր անց չորս սուրբերին հրոյ ճարակ դարձնել: Հրա­մա­յեց հնոց բորբոքել եւ նրանց նե­տել բորբոքուած հրի մէջ: Չորս սուրբերը՝ Վաղերիոսը, Կանդիտոսը, Ակիւղասն ու Եւգինէոսը, մի հո­գի դարձած, աղօթեցին Աստծուն եւ երեք մանուկների պէս անվնաս պահուեցին հնոցի մէջ: Այս տեսնելով՝ շատ հեթանոսներ աղաղակեցին. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը...», եւ ընդունեցին ճշմարիտ հաւատը: Իսկ Լիւսիասը, տեղեկանալով այս մասին, ցնորուեց ու չէր իմանում, թէ այլեւս նրանց հետ ինչպէս վարուի: Հրամայեց շտապ նրանց դուրս բերել հնոցից եւ անմիջապէս վերջ տալ սրով: Այդպէս գլխատուելով` երանելի սուրբերը նահատակուե­ցին ի Քրիստոս ու երկնաւոր Հանդիսադրից ընդունեցին վկայութեան անթառամ պսակները:

   Եւ թող մենք եւս բոլոր սուրբերի բարեխօսութեամբ արժանի լինենք պսակակից լինելու նրանց՝ կամաւոր նահատակութեամբ մրցելով ընդդէմ մարմնի, աշխարհի ու սատանայի եւ ամէն օր մեռնելով մեր Տիրոջ ու Փրկչի համար, Ում վայել է փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: