ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ

«ՄԱՐԴԸ ՊԱՏԻՒ ՈՒՆԷՐ ԵՒ ՉՀԱՍԿԱՑԱՒ, ՀԱՒԱՍԱՐՈՒԵՑ ԱՆԲԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻՆ ԵՒ ՆՄԱՆՈՒԵՑ ՆՐԱՆՑ» [ՍԱՂՄ. ԽԸ 13]

   
   Մարդն ստեղծուեց Արարչի պատկերով, որը գերագոյն պատիւ է նրան, այսինքն Աստուած մարդուն տուեց միտք, խօսք, ազատ կամք, սրբութիւն, բարութիւն, լու­սե­ղէն զգեստ, անմահ կեանք, զարդա­­րեց ա­ռա­քի­նու­թիւն­նե­րով եւ դրեց Անապական Դրախտում: Մարդն այսպիսի պատիւ ունէր, սակայն նա զրկուեց այդ ա­մէ­նից եւ նմանուեց ան­բան անասուն­ներին, որովհետեւ Արարչի պատկերին խառնեց հողեղէնի պատ­կերը:

   «Տեր Աստուած Իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան Դրախտում, որպէսզի նա մշա­կի եւ պահպանի այն» 1: Հարց է առաջանում. ինչպէ՞ս պէտք է նա պահպանէր Դրախ­­տը, կամ ումի՞ց: Չէ՞ որ Դրախ­տում չկային ա­վա­­զակներ կամ ապականիչ գազաններ: Ասենք, որ նրանք բոլորն ա­ռաջացան Ադամի պատուիրանա­­­զան­ցութիւնից յետոյ, իսկ պահպանել Դրախ­տը նշանակում էր պահել պատուիրանը:

   Ադամին տրուեց այս հրա­մանը. «Բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերեք, որով­հետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահ­­­կանացու կը դառնաք» 2: Պատուիրանը շատ թեթեւ էր, որովհետեւ Աստուած Ադամին տուել էր ողջ Դրախտը եւ ար­­գե­լել ուտել միայն մէկ ծա­ռի պտղից: Աստուած ար­գե­լել էր ուտել` սպառնալով պատժել մահուամբ, որպէսզի եթէ մարդը չպա­­­­­հէր պատուիրանը յանուն հնազանդութեան եւ սիրոյ, ապա գոնե պա­­հեր՝ երկիւղելով մահուամբ պատժուելուց:

   «Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր կենդանիներին, երկնքի բոլոր թռչուն­­­ներին եւ բերեց Ադամի մօտ, որ տես­­­նի, թէ Ադամը ինչ անուններ կը տայ դրանց: Եւ Ադամն ինչ անուն որ տար ամեն կենդանուն, այն էլ կլինէր դրա անու­նը» 3: Ինչ­պէս իր հովուին սիրող հոտ, ողջ կենդանական աշխարհը գլխի­­կոր եկաւ կանգնեց Ա­­դա­­մի առջեւ: Ե­կան խոնարհաբար՝ երկիւղելով Ադամի սքանչելի փառքի լոյսից: Եկան հա­­­մերաշ­խու­թեամբ` ա­ռանց միմ­եանցից վախե­նա­­­­­­լու. գառը չէր վախենում գայլից, եղնիկը՝ առիւծից: Եկան, խոնար­հած աչ­քերով կանգ­­­նեցին Ադամի առաջ, որպէսզի նա իրենց ա­նուն­ներ դնի: Այդպէս այդ օրը Ա­դա­մը տէր եւ իշխան դար­ձաւ ողջ երկրի վրայ: Ահա Աստուած մար­դուն տուեց իշ­խանութիւն, նրան զգեստաւո­րեց փառ­քով, տուեց Եդեմի Դրախ­տը, եւ ի՞նչ աւելին պէտք է անէր Աստուած Ադա­մի համար, որպէսզի նա չմեղանչէր:

   «Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց: Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշ­կով ծածկեց: Տէր Աստուած Ադամից վերց­րած կողից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ» 4: Հաւա­նա­կան է, որ Ադամը քնի մէջ տեսաւ այն ամէնը, ինչ կատարուեց իր հետ: Մէկ ակնթար­թում վերցուեց նրա ձախ կողից, եւ մէկ ակնթարթում էլ նրանից մարմին ձեւաւորուեց. մերկ կողից կերպաւորուեց կնոջ մար­մին: Այն­ժամ Աստուած բերեց նրան եւ ցոյց տուեց Ադամին: Տեսնելով նրան՝ Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորնե­րից եւ մարմին՝ իմ մարմնից» 5: «Սա նման չէ բոլոր այն արարածներին, որոնց ես անուններ տուի: Նրանք ա­րար­ուեցին հողից, իսկ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից»: Ադա­մը սա ասաց կամ մար­գա­րէաբար, կամ էլ, ինչպէս վերն ա­սա­ցինք, նա ամէն ինչ տե­սաւ քնած ժամանակ: Նախ­քան Եւայի ստեղծուե­լը նա արդէն կար Ադամի մէջ` այն կողի մէջ, որը վերցուեց Ա­դա­մից: Կար ոչ միայն մարմ­­­նով, այլեւ հո­գով, որովհետեւ Աստուած Ադամից վերցրած կողին ոչինչ չաւելացրեց, բացի արտաքին տեսքից ու գեղեցկութիւնից: Ապա ուրեմն այդ կողի մէջ կար ամէն ինչ կնոջ կատարեալ ձեւաւորման համար: Կինը ստեղծուեց կո­ղից եւ ոչ հողից, որպէսզի նա իրեն հաւասար չհա­մա­րէր տղամարդուն եւ հնազանդ լինէր նրան: Ստեղծուեց մար­­­­դուց՝ նրա կողից, որպէսզի որպէս մարմնի անդամ, հնազանդ լինէր գլխին: Ինչպէս որ խօսելը պատշաճում է գլխին, իսկ լռութիւնը` կողին, այնպէս էլ կի­նը պէտք է լուռ մնար տղամարդու իշխանու­թեան տակ: Կինը ստեղծ­­ուեց կողից, որպէսզի նրան ոչ պատուեն գլխին հաւասար, ոչ էլ նուաստացնեն ոտքին հաւասար, այլ պատուեն մի­ջին չափով:

   «Օձը երկրի վրայ ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր» 7: Լսելով, որ նրանք կարող են ուտել Դրախ­­տի բոլոր պտուղ­նե­րից, եւ արգելուած է միայն մէկից, օձը [եւ նրանում բնակուողը` սատանան], մտա­ծեց ամօթահար հեռանալ, ո­րովհետեւ տեսաւ, որ նրանց չի կարող ոչինչ խոս­տա­նալ եւ մո­լո­րեցնել: Ապա ուշադրու­թիւն դարձ­նե­­լով, որ Աստուած պատուիրել էր ոչ միայն չուտել Ծառի պտղից, այլեւ չմօտենալ, հաս­կացաւ, որ Աստուած զգու­շացրել էր նրանց Ծառին մօտենալուց, որպէսզի չգերվէին նրա գե­ղեց­­­կու­թիւնից: Ահա օգ­տա­գոր­ծե­լով այս միտքը՝ մօտե­ցաւ Եւա­յին եւ ասաց. «Չէ՛ք մահա­նայ, որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրա­նից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստ­­ուածների նման՝ կ՚ի­մա­նաք չարն ու բարին» 8: Կինը խորամուխ չեղաւ այս խօսքերի մէջ, չքննեց ու չհասկացաւ, որ նա որպէս փորձիչ եւ բարիատեաց, խօ­սում է ընդ­դէմ Աստուծոյ: Նա չհակաճառեց օձին եւ չասաց. «Ինչպէ՞ս կը բացու­են իմ աչքերը, երբ նրանք փակ չեն, եւ ինչպէ՞ս ճաշակելով կ՚իմա­նամ չարն ու բա­րին, երբ գիտեմ նաեւ առանց ճաշակելու: Ես ունե՛մ այն, ինչ խոս­տա­նում ես: Հեռացի՛ր եւ մի՛ խաբիր քո նենգութեամբ ու խորամանկու­թեամբ»: Ցա­­­վօք, Եւան այս խօսքերը չասաց օձին, որովհետեւ եթէ ասէր, կը յաղթէր նրան: Եւ, աւա՜ղ, լսելով օձին, հայեացքը դարձ­րեց Ծառին, որին արգելուած էր մօտենալ, տրուեց իր աչքերի ցանկութեանը, գեր­ուեց Ծա­ռի գեղեցկութիւնից եւ ցան­կացաւ աստուածանալ, ինչպէս խոստացել էր օ­ձը: Պոկեց արգելուած պտուղը, նախ Ադամից ծածուկ ին­­քը կերաւ, ապա տուեց նաեւ նրան, ով եւս ճաշակեց: Եւ տես, որ Եւան նախ ինքը ճա­շա­կեց, որովհետեւ հաւատալով օձին` կարծեց, թէ ինքն աստուածութեամբ զգեստաւորուած կը մօտենայ Ա­դա­մին, ու­մից ին­­քը ստեղծուեց որպէս մարդ: Նա շտապեց ուտել նախ­քան Ադամը, որպէսզի դառ­­­­նար գլուխը նրա, ով իր գլու­խն էր, դառ­նար իշ­խո­ղը նրա, ո­ւմից ինքը պէտք է հրամաններ ընդունէր, աստուածութեամբ մեծ լինէր նրանից, ումից փոքր էր որպէս մարդ: Ահա ճաշակեց, սակայն տե­սաւ, որ չդարձաւ աւելի հիաս­քանչ, քան ա­ռաջ էր, չբացուեցին աչքերը, եւ աստուած չդարձաւ, ինչպէս որ սպասում էր: Այն­ժամ պտղից տուեց նաեւ Ա­դա­մին եւ մեծ խնդրանքներով համոզեց նրան եւս ճա­շա­կել: Ասենք նաեւ, որ եթէ անմիջապէս բաց­ուէր Եւայի մերկութիւնը, ապա Ադամը կը վա­­­­խենար, կը զգուշանար եւ չէր ճաշակի: Այլ պէտք էր, որ Ադամը եւս փորձուէր:  Եթէ Ա­դամը պա­հէր պատուիրանը եւ չճաշակէր պտղից, թէպէտ մեղաւոր չէր համարուի, բայց եւ յաղթող էլ չէր ճա­նաչ­­ուի, մինչեւ որ ինքը եւս չփորձ­­­ուէր: Եթէ Ադա­մը տեսնէր կնոջ մերկութիւնը, բնաւ չէր ճաշակի ոչ թէ յանուն պատուիրանապահութեան, այլ Աստուծոյ երկիւղից: Ապա ուրեմն պէտք էր, որ Ադամը եւս փորձուէր, ինչպէս որ Եւան: Եւայի ճա­շա­կե­­լուց յետոյ անմիջապէս չերեւաց նրա մեր­կութիւնը, այլ երբ նա գայթակղեցրեց Ադամին, եւ սա եւս ճաշակեց, այն­ժամ ինչ­պէս Սուրբ Գիրքն է ասում. «Երկուսի աչ­քերն էլ բացուեցին, եւ նրանք հաս­կա­ցան, որ մերկ են» 9: Ա­հա այսպէս բացուեցին նրանց աչքերը. բացուե­ցին ոչ թէ նրա համար, որ աստ­ուածներ դառնա­յին, ինչ­պէս խոստացել էր օձը, այլ բաց­ուե­­ցին, որ տեսնէին իրենց մեր­կու­­թիւնը, որին ձգտում էր հասնել թշնամին: Նախահայ­րե­­րի աչ­­քերը բաց էին նախքան պտղի ճաշա­կու­­մը, բայց փակ էին, որպէսզի չտեսնէին Կենաց Ծառը եւ իրենց մեր­­կու­թիւնը: Թշնամին նախանձում էր նրանց, որովհետեւ նրանք փառքով եւ շնորհ­նե­րով վեր էին բոլոր ստեղծուածներից, եւ միայն նրանց խոստացուեց յաւիտենական Կեանքը, որը կարող էր տալ Կենաց Ծառը: Նախանձելով նրան, ինչ ունէր Ադամը եւ նրան, ինչ պիտի ունենար՝ նենգութեամբ դաւեր նիւթեց եւ շատ արագ նրանց զրկեց այն բանից, ինչը պէտք է պահէ­ին առանց նահանջելու: Եւ նաեւ եթէ նախահայրերը զղջա­­­­յ­ին պատուիրա­նը խախ­տելու համար, ապա թէպէտ նրանց չէին վերադարձուի այն խոստում­ները, որոնք տրուե­­­­ցին նախ­քան մեղանչելը, սակայն չէին կրի այն բոլոր ա­նէծք­նե­րը, որոնք տրուեցին իրենց եւ ողջ երկրին: Աստուած համ­բե­րա­­տար եղաւ եւ յապաղեց նրանց մօտե­նալ այն պատճառով, որպէսզի նրանք գի­տակ­­ցէին ի­րենց մեղ­­­քը եւ աղաչելով Ի­րե­նից թողութիւն խնդրէին: Սա­­կայն, ցաւօք, նրանք չօգտագործեցին իրենց ընձեռուած այդ հնարաւորութիւնը:

   «Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստուծոյ Դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ա­դամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուե­­ցին Դրախտի ծառերի մէջ» 10: Տես, թէ որքան մեր­ձա­ւոր եւ մտերիմ էին Աստծուն, որ ան­գամ ճանաչում էին Նրա ոտնաձայները: Աստուծոյ դան­դաղ մօտեցող մեղմ ոտնաձայները նպատակ ունէին նրանց նա­խա­­պատ­րաստել զղջման, սա­կայն անօգուտ անցան մարդասէր Աստուծոյ շնորհած ա­ռիթ­ները: Այնժամ Աստուած Իր ոտնաձայներին մի­աց­րեց Իր ձայնը եւ ասաց. «Ադա՜մ, ո՞ւր ես»: Մի՞թէ չգիտէր, թէ ուր էր, մի՞­­թէ չէր տես­նում ա­մենատես աչքը, մի՞թէ անտեղեակ էր Արարիչը, քաւ լիցի, սակայն հարցրեց՝ ո՞ւր ես: Տրտմած էր Նրա ձայ­նը ու տա­րակուսած՝ Նրա խօսքը: Ինչպէս մի հո­վիւ, ով մի ոչխար է կորցնում իր հօտից, տրտմա­­­­­լից ձայնով է լցնում ողջ անտառը, նոյնն էր Արարիչը Դրախտում: «Ադա՛մ, ո՞ւր ես, ինչո՞ւ ես թաքնւում Արարչիս երեսից: Ինչո՞ւ ես ամա­չում եւ ինչո՞ւ ես լցուել եր­կիւղով: Ես չստեղծեցի քեզ, որ ամա­չէիր Ինձանից, այլ որպէսզի Ինձ գիրկդ եւ հոգուդ մէջ առնէիր: Ասա՛, ո՞ւր ես, անարգուած զազրե­լի վիճա­կո՞ւմ: Ամօ՞թն է պատել քեզ, խի՞ղճդ է տանջում»:

   Բայց Ադամն իր յանցանքը խոստովանելու փոխարէն ասաց. «Լսեցի Քո ձայնն այս­­տեղ՝ Դրախ­տում, ամա­չե­ցի եւ որով­հետեւ մերկ էի, թաքնուեցի» 11: «Լսեցի Քո ձայ­նը եւ վախե­ցայ». մի՛ վախեցիր, Ադա՛մ, Աստուծոյ ոտ­­­­նա­­­­ձայները նրա համար են, որ սիրտդ պատրաստես զղջման եւ շուրթերով մեղայ ասես: Խոստովանի՛ր, նախ­քան Ին­­քը Աստուած քեզ կը հարցնի: Ասա՛ օձի մասին, որ խաբեց քեզ, ասա՛, որ խախտեցիր Իր պատուիրանը եւ շտապի՛ր խոստովանել շուրթերով, որպէսզի մարդասէր Աստծուց ներում ստա­­նաս: Ի՞նչ արեցիր, Ադա՛մ, արդեօք աստուած դար­­ձար: Դու մահ կրեցիր քո եւ քո յա­ւիտենական սերունդ­նե­րի վրայ: Դու լսե­­ցիր ու հաւատացիր նրան, ով քեզ ոչ մի բարիք չէր ա­րել եւ փոխարէնը թիկունք դարձրիր Նրան, Ով քեզ տուել էր ա­մէն բան: Ընդունեցիր օձին որպէս բարե­կամ, բայց նա քեզ հետ վարուեց նենգութեամբ, որպէսզի քեզ զրկի փառ­քից: «Ին­չո՞ւ վախեցար, Ադա՛մ, մի՞թէ ահաւոր երեւացի քեզ, մի՞թէ սաստիկ եւ ա­հարկու ձայ­նով խօ­սեցի քեզ հետ, մի՞թէ սաս­­տեցի կամ յանդի­մանեցի, մի՞թէ երեկ­ուայ պէս իմ ըն­տանի փառքով չերեւա­ցի Իմ քաղցրահայեաց աչքով»:

   «Այո՛,- ասաց,- սակայն մերկ էի եւ թաքնուե­ցի»: Արդարեւ, մեր­կա­ցել էր Ա­դամը ոչ միայն հանդերձներից, այլեւ ար­դա­­­րութիւնից ու բոլոր առաքի­նութիւններից: Նա ա­սաց. «Լսեցի Քո ձայնը, վա­խե­ցայ եւ թաքնուեցի»: Ադամը լռեց այն մա­­սին, ինչը պէտք է յայտ­նէր խոստովանութեամբ եւ փո­­խա­­րէնն ա­սաց այն, ինչ պէտք չէր ասել, եւ որն ի­րեն ոչ մի օգուտ չբերեց: Եւ ի՞նչ, Արարիչը դար­ձ­եալ տա­­րա­­կու­­­սած ձայն արձակեց. «Ո՞վ ա­սաց, թէ մերկ ես, մի՞թէ կերար այն Ծառի պտղից, որ պատուիրել էի չուտել: Թէ­պէտ ա­րել ես, ասա՛, չեմ մեղադրի քեզ եւ չեմ բար­կա­նայ, քան­­­զի Իմ արարածն ես, Իմ պատկերը, Իմ նմա­նու­­թիւնը, Իմ անարատ ձեռ­­­քի գործը, որի համար էլ կը խնայեմ եւ չեմ եղծանի պատկերդ, չեմ ապականի նմանութիւնդ, քան­­զի ողորմած եմ եւ անո­խա­­­կալ: Միայն դարձի՛ր Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի քեզ, միայն շտապի՛ր ապաշ­խա­­րել, միայն խոս­տո­վա­նի՛ր մեղքերդ, միայն մեղայ ասա: Չեմ նախատի մեղաւորիդ, չեմ յանդիմանի ընկածիդ, այլ կ՚ողորմեմ յանցաւորիդ, կը հագցնեմ մերկացածիդ եւ կը կենդա­նաց­նեմ մեռեալիդ: Մի՛ տրտմեցրու Արարչիս քո անդարձու­­թեամբ, տո՛ւր Ինձ այն, ինչ կամենում եմ՝ ապաշխարութիւն, տո՛ւր Ինձ այն, ինչ սիրում եմ՝ զղջում»: Եւ այս ամէնից յետոյ Աստուած, չտեսնելով մարդուն զղջման եւ խոստովանու­թեան մէջ, դարձեալ տրտմալից ձայն ար­­­ձակեց՝ ասելով. «Զղջացի, որ մարդուն արարեցի երկրի վրայ»:

   Իսկ Եւան ողջ մեղքն իր վրայ վերցնելու եւ ներում խնդրելու փո­խա­րէն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կե­­րայ» 12: Երբ երկուսն էլ հարցման ենթարկուեցին, եւ ի յայտ եկաւ, որ նրանք չունեն մեղ­քի գի­տակ­­ցութիւն, չունեն զղջում եւ ինքնայանդի­մանութիւն, այնժամ Աստուած դիմեց օձին ոչ թէ հարցումով, այլ պատժիչ վճռով, քանի որ ով զղջում է իր յանցանքի համար, նրան է տրւում հարցաքննութիւն, իսկ ում խորթ է զղջումը, նրա հա­­մար միանգամից ար­­­ձակւում է պատ­ժիչ վճի­ռը: Օձը չասաց, թէ ես չարեցի, որովհետեւ վախեցաւ սուտ խօսել, բայց նաեւ չասաց, թէ ա­րե­­­ցի, որով­հետեւ նրան խիստ օ­տար է զղջումը, որի համար նրան ասուեց. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծ­եա՛լ լինես երկ­­րի բոլոր անասունների ու գազան­նե­րի մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սո­ղաս, ողջ կեանքումդ հող ուտես: Փորիդ վրայ սողաս, որովհետեւ քո պատճառով կի­նը են­թարկուեց ցաւերով որդիներ ծնելու: Հո՛ղ ուտես քո կեանքի բոլոր օրերում, ո­րով­հետեւ Ա­դա­մին եւ Եւային զրկե­ցիր Կենաց Ծառի պտուղներից: Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ կնոջ միջեւ, քո սերնդի եւ կնոջ սերնդի միջեւ, որովհետեւ խաբեցիր կնոջը եւ նրանից ծնուած­ներին ու քո նենգութեամբ նրանց մահ պատճառեցիր» 13:

   Արդարապէս դատավճիռ արձակուելն սկսուեց օձից, որովհետեւ որտեղից ծագում է յանցանքը, այնտեղից սկսած տրւում է պատիժը: Աստուած նախ օձին բարկութեամբ դատավճիռ ար­ձակեց, որպէսզի Ադամն ու Եւան երկնչէին ու զղջային եւ գուցէ այդպէս ազատուէին Աստուծոյ արդար պատժից: Երբ օձն անիծուեց, իսկ Ա­դամն ու Եւան մինչեւ իրենց դատավճի­ռը ներում չխնդրեցին, այնժամ Աստուած արձակեց նաեւ նրանց ար­դա­­ր վճիռը: Նախ սկսեց Եւայից, ո­­­­րովհետեւ Ադա­մը նրա ձեռքով ընկաւ մեղքի մէջ եւ ասաց. «Պիտի անչափ բազ­­մաց­նեմ քո ցա­ւերն ու քո հառաչանքները: Ցա­­­­ւերով պիտի զա­ւակ­ներ ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ» 14: Իսկ դու, Եւա՛, ազատ պիտի լինէիր եր­կունքի ցաւերից, բոլոր հոգ­սե­­­րից, վշտե­րից, մահից: Այժմ դու պէտք է հնազանդ լինես քո ա­­մուս­նուն եւ ոչ թէ տիրես նրան: Նա պիտի քեզ տիրի, որովհետեւ պտուղը ճա­շա­­կելիս կամենում էիր իշխել նրա վրայ:

   Ցաւօք, Եւայի դատավճիռն արձակելու ընթացքում Ադամի մօտ էլ ի յայտ չեկաւ զղջում, որի համար նա եւս ար­ժա­­­նա­ցաւ պատժի հետեւեալ վճռով. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն Ծառի պտղից, որից միայն քեզ պատ­ուի­րե­ցի չուտել, բայց կե­րար դրանից, թող անիծեա՛լ լինի երկիրը քո արածի պատճառով: Տան­ջանք­­­ներով հայ­թայթես քո սնուն­դը քո կեանքի բոլոր օրերին» 15: Այսպէս մեղանչած Ադամի պատ­ճա­ռով անէծք իջաւ չմեղանչած եր­կրի վրայ:

   «Տանջանքներով հայթայթես քո հացը կեանքիդ բոլոր օրերին, որովհետեւ խախ­տե­ցիր Իմ պատուիրանը: Քա­նի դեռ պա­­հում էիր այն, անհոգաբար էիր ուտում քո հացը, բայց քանի որ մեղանչեցիր, թող երկիրը փուշ ու տա­­տասկ բու­­սեցնի քեզ, որով­հետեւ ըն­դու­նելով կնոջդ չար խորհուրդը` արհամարհեցիր Դրախտի տենչալի պտուղ­­ները: Երե­սիդ քրտինքով ու­տես քո հացը, որովհետեւ չկամեցար առանց քրտնքի ճաշակել փափկութեան Դրախտի բարիք­նե­րից: Եւ թող այդպէս լինի, մինչեւ հող դառ­նալդ, որից ստեղծուեցիր, ո­րով­հետեւ արհա­մար­հե­­­­­­ցիր Իմ պատուիրանը, որը քեզ յաւիտենական կեանք պի­տի շնոր­հէր: Քանի որ ստեղծուած ես հողից, որը մոռացար եւ կամեցար աստուա­ծա­­­նալ, ապա հող կը դառնաս, որպէսզի քո այս նուաս­տա­ցումով հաս­կանաս, թէ ինչ արեցիր...»:

   Հանելով մարդուն փափկութեան Դրախտից` Աստուած փակեց նրա առջեւ Կենաց ծառի ճա­նա­պար­հը, որպէսզի չտեսնի նաեւ Դրախտի վայելչու­թիւնները: Անէծք իջաւ երկրի վրայ` փուշ եւ տատասկ, տան­­ջանք­ներով հաց եւ մահ: Բայց սա Աստուծոյ մարդասիրութեան նշան է, ինչպէս որ ասել է մարգա­րէի բերանով. «Քո ապստամբութիւնը քեզ խրատ է լինելու, եւ քո չարութիւնները կշտամբելու են քեզ: Խելքի կը գաս ու կը տեսնես, որ քեզ համար դառնաղէտ է Ինձ լքելը» 16:

   Այդուհանդերձ Բարերարը չէր հեռանում նրանցից ոչ միայն Դրախտում, այլեւ Դրախտից դուրս, երբ բնակեցնում էր Դրախտին յանդիման...

վԱդամի կողից արարուած կինը շատ շուտով դարձաւ մարդկային ողբերգութեան պատճառ: Այդ կողը քան­­­դեց փա­­ռաւոր պատը՝ Ադամին, վերացրեց նրա հիասքանչ փառքը: Նա Ադամին տրուեց որպէս օգնական, սա­կայն շատ շուտով դարձաւ կորստ­եան պատճառ:

   Մարդու մահուան պատճառը եղաւ օձը:

   Արդ, այն անիծեալ օձ եւ կամակոր վիշապ սատանան երբ գալիս է մարտնչելու եւ խռովութիւն գցելու, մօ­­տենում է ծածկապէս եւ թաքուն, քանզի ինչ­պէս հրեշտակ­ների պահպանութիւնն է ծածկապէս մեզ վրայ, այդպէս էլ չարից եկած խռո­վու­թիւն­ները: Մենք մարմնաւոր աչքերով չենք տես­նում սա­­տանային: Ուրեմն պէտք է ա­ւելի զգոյշ եւ արթուն լինել, քանի որ տեսանելի թշնամուց զգուշանալն ա­­­­ւե­լի հեշտ է, քան ան­տե­սա­նելի թշնամուց, որից չենք կարող փախչել, եթէ բարւօք զին­­­­­­ուած չլինենք: Սատա­նան բա­ցա­յայտ չի մարտնչում, որպէսզի նոյն պահին չբռնուի, այլ շատ յաճախ իր դաժան թոյներն ար­ձա­­կում է բարեկամութեան քօ­ղի տակ: Այդպէս վարուեց Ադամի հետ` ցոյց տալով, թէ հո­գում է նրա մասին` ա­­սե­լով. «Կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման»: Ու­րեմն պէտք է զգոյշ եւ սթափ լինել, որպէսզի կարողանանք ճանաչել սա­տա­նա­յի դաւերը, փախ­չել նրանցից եւ յաղթել:

   Իսկ եթէ մէկը հարցնի, թէ ինչո՞ւ Աստուած մեզ այնպէս չստեղծեց, որ չկարողանայինք մե­ղանչել: Սրա հա­մար Սուրբ Գիրքն ասում է. «Մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կ՚ասի, թէ՝ դո՛ւ չես ինձ ստեղծել, կամ արարածն՝ Ա­րարչին, թէ՝ իմաս­տու­­թեամբ չես արարել ինձ» 17: Իւրա­­քանչիւր բանական էակ անձնիշ­խան է: Մեր մէջ միասին են բանականութիւնը եւ անձնիշխանութիւնը, նախ խորհում ենք բանա­կա­նու­թեամբ եւ ապա ան­ձ­ն­իշ­­խանութեամբ ընտրում բա­­րին կամ չարը: Քանի որ բա­նա­կան ենք, ուրեմն նաեւ անձնիշ­խան ենք: Անձ­նիշ­խան է Աստուած, անձնիշխան են հրեշտակները եւ ընտրեալների հո­­գիները, որոնք չեն կարող չարն ընտ­րել, այլ իրենց ազատ կամքով ընտրում են բա­րին եւ խոտորւում չա­րից: Դեւերը նոյնպէս ունեն անձնիշ­խանու­թիւն, սակայն միշտ մեր­ժում են բարին եւ ընտ­րում չարը ոչ թէ բռնադատութեամբ, այլ իրենց իսկ խստա­սրտու­թեամբ: Այս­պէս Աստուած մարդուն անձնիշխանութիւն տուեց, որպէսզի նա ա­զա­­­տօրէն ընտրի բարին, ինչ­պէս հրեշտակները եւ բոլոր սուրբերը, սա­կայն շա­տերն ընտ­րում են չարը եւ մերժում բարին: Ապա ու­րեմն անմեղադրելի է Աստուած, որ անձնիշ­խա­նու­թիւն տուեց բարին ընտրելու համար, իսկ ի­րենք` մարդիկ, դարձան դէպի չարը: Նաեւ` անձնիշխա­նու­թեամբ մարդը նման է Աստծուն, ո­րի համար ա­սում է. «Աստուած մար­­­դուն արարեց Իր պատկերով», եւ եթէ մարդն անձնիշխան չլինէր, Աստուծոյ պատկեր չէր լինի:

   Ուրեմն անմիտ չլինենք, ինչպէս մեր նախնի Ադամը, նրա պէս չարդարանանք մեր մեղքե­րի մէջ, այլ խո­­նարհ­­­ուենք եւ հետեւենք Աստուծոյ ձայնին ու Նրա մարդասիրութեան փշրանք­ները խնդրենք: Որքան Նա մեզ խո­նարհ­­ուած է տես­­նում, այն­քան ա­ռա­ւել է ողորմում եւ կրկնա­պատիկ էլ մխի­­­­­­­թարութիւն տալիս: Արդ, այս ամէնն իմա­նա­­­լով՝  գնանք Կան­­չողի հետեւից: Նա կան­չում է մեզ, քանզի տեսնում է, որ ընկած ենք զա­­նա­զան մեղ­քերի անբժշկելի ցաւերի մէջ, կան­չում է խնդրե­լով եւ խոս­տանում ձրի բժշկել, իսկ մենք հրաժար­ւում ենք գնալ Նրա հետե­ւից, որովհետեւ մեզ առա­ւել սիրելի է մեղ­քերի դառնութիւնը, քան սրբարար արտասուքների քաղց­րու­թիւնը: Սակայն ով սիրում է մեղքը, ատում է իր անձը:

   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
С. Ефрем Сирин. Творения, том 5. Изд. “Отчий дом”, 1995: