«ՄԱՐԴԸ ՊԱՏԻՒ ՈՒՆԷՐ ԵՒ ՉՀԱՍԿԱՑԱՒ, ՀԱՒԱՍԱՐՈՒԵՑ ԱՆԲԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻՆ ԵՒ ՆՄԱՆՈՒԵՑ ՆՐԱՆՑ» [ՍԱՂՄ. ԽԸ 13]
Մարդն ստեղծուեց Արարչի պատկերով, որը գերագոյն պատիւ է նրան, այսինքն Աստուած մարդուն տուեց միտք, խօսք, ազատ կամք, սրբութիւն, բարութիւն, լուսեղէն զգեստ, անմահ կեանք, զարդարեց առաքինութիւններով եւ դրեց Անապական Դրախտում: Մարդն այսպիսի պատիւ ունէր, սակայն նա զրկուեց այդ ամէնից եւ նմանուեց անբան անասուններին, որովհետեւ Արարչի պատկերին խառնեց հողեղէնի պատկերը:
«Տեր Աստուած Իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան Դրախտում, որպէսզի նա մշակի եւ պահպանի այն» 1: Հարց է առաջանում. ինչպէ՞ս պէտք է նա պահպանէր Դրախտը, կամ ումի՞ց: Չէ՞ որ Դրախտում չկային ավազակներ կամ ապականիչ գազաններ: Ասենք, որ նրանք բոլորն առաջացան Ադամի պատուիրանազանցութիւնից յետոյ, իսկ պահպանել Դրախտը նշանակում էր պահել պատուիրանը:
Ադամին տրուեց այս հրամանը. «Բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք» 2: Պատուիրանը շատ թեթեւ էր, որովհետեւ Աստուած Ադամին տուել էր ողջ Դրախտը եւ արգելել ուտել միայն մէկ ծառի պտղից: Աստուած արգելել էր ուտել` սպառնալով պատժել մահուամբ, որպէսզի եթէ մարդը չպահէր պատուիրանը յանուն հնազանդութեան եւ սիրոյ, ապա գոնե պահեր՝ երկիւղելով մահուամբ պատժուելուց:
«Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր կենդանիներին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուններ կը տայ դրանց: Եւ Ադամն ինչ անուն որ տար ամեն կենդանուն, այն էլ կլինէր դրա անունը» 3: Ինչպէս իր հովուին սիրող հոտ, ողջ կենդանական աշխարհը գլխիկոր եկաւ կանգնեց Ադամի առջեւ: Եկան խոնարհաբար՝ երկիւղելով Ադամի սքանչելի փառքի լոյսից: Եկան համերաշխութեամբ` առանց միմեանցից վախենալու. գառը չէր վախենում գայլից, եղնիկը՝ առիւծից: Եկան, խոնարհած աչքերով կանգնեցին Ադամի առաջ, որպէսզի նա իրենց անուններ դնի: Այդպէս այդ օրը Ադամը տէր եւ իշխան դարձաւ ողջ երկրի վրայ: Ահա Աստուած մարդուն տուեց իշխանութիւն, նրան զգեստաւորեց փառքով, տուեց Եդեմի Դրախտը, եւ ի՞նչ աւելին պէտք է անէր Աստուած Ադամի համար, որպէսզի նա չմեղանչէր:
«Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց: Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց: Տէր Աստուած Ադամից վերցրած կողից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ» 4: Հաւանական է, որ Ադամը քնի մէջ տեսաւ այն ամէնը, ինչ կատարուեց իր հետ: Մէկ ակնթարթում վերցուեց նրա ձախ կողից, եւ մէկ ակնթարթում էլ նրանից մարմին ձեւաւորուեց. մերկ կողից կերպաւորուեց կնոջ մարմին: Այնժամ Աստուած բերեց նրան եւ ցոյց տուեց Ադամին: Տեսնելով նրան՝ Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից» 5: «Սա նման չէ բոլոր այն արարածներին, որոնց ես անուններ տուի: Նրանք արարուեցին հողից, իսկ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից»: Ադամը սա ասաց կամ մարգարէաբար, կամ էլ, ինչպէս վերն ասացինք, նա ամէն ինչ տեսաւ քնած ժամանակ: Նախքան Եւայի ստեղծուելը նա արդէն կար Ադամի մէջ` այն կողի մէջ, որը վերցուեց Ադամից: Կար ոչ միայն մարմնով, այլեւ հոգով, որովհետեւ Աստուած Ադամից վերցրած կողին ոչինչ չաւելացրեց, բացի արտաքին տեսքից ու գեղեցկութիւնից: Ապա ուրեմն այդ կողի մէջ կար ամէն ինչ կնոջ կատարեալ ձեւաւորման համար: Կինը ստեղծուեց կողից եւ ոչ հողից, որպէսզի նա իրեն հաւասար չհամարէր տղամարդուն եւ հնազանդ լինէր նրան: Ստեղծուեց մարդուց՝ նրա կողից, որպէսզի որպէս մարմնի անդամ, հնազանդ լինէր գլխին: Ինչպէս որ խօսելը պատշաճում է գլխին, իսկ լռութիւնը` կողին, այնպէս էլ կինը պէտք է լուռ մնար տղամարդու իշխանութեան տակ: Կինը ստեղծուեց կողից, որպէսզի նրան ոչ պատուեն գլխին հաւասար, ոչ էլ նուաստացնեն ոտքին հաւասար, այլ պատուեն միջին չափով:
«Օձը երկրի վրայ ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր» 7: Լսելով, որ նրանք կարող են ուտել Դրախտի բոլոր պտուղներից, եւ արգելուած է միայն մէկից, օձը [եւ նրանում բնակուողը` սատանան], մտածեց ամօթահար հեռանալ, որովհետեւ տեսաւ, որ նրանց չի կարող ոչինչ խոստանալ եւ մոլորեցնել: Ապա ուշադրութիւն դարձնելով, որ Աստուած պատուիրել էր ոչ միայն չուտել Ծառի պտղից, այլեւ չմօտենալ, հասկացաւ, որ Աստուած զգուշացրել էր նրանց Ծառին մօտենալուց, որպէսզի չգերվէին նրա գեղեցկութիւնից: Ահա օգտագործելով այս միտքը՝ մօտեցաւ Եւային եւ ասաց. «Չէ՛ք մահանայ, որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք չարն ու բարին» 8: Կինը խորամուխ չեղաւ այս խօսքերի մէջ, չքննեց ու չհասկացաւ, որ նա որպէս փորձիչ եւ բարիատեաց, խօսում է ընդդէմ Աստուծոյ: Նա չհակաճառեց օձին եւ չասաց. «Ինչպէ՞ս կը բացուեն իմ աչքերը, երբ նրանք փակ չեն, եւ ինչպէ՞ս ճաշակելով կ՚իմանամ չարն ու բարին, երբ գիտեմ նաեւ առանց ճաշակելու: Ես ունե՛մ այն, ինչ խոստանում ես: Հեռացի՛ր եւ մի՛ խաբիր քո նենգութեամբ ու խորամանկութեամբ»: Ցավօք, Եւան այս խօսքերը չասաց օձին, որովհետեւ եթէ ասէր, կը յաղթէր նրան: Եւ, աւա՜ղ, լսելով օձին, հայեացքը դարձրեց Ծառին, որին արգելուած էր մօտենալ, տրուեց իր աչքերի ցանկութեանը, գերուեց Ծառի գեղեցկութիւնից եւ ցանկացաւ աստուածանալ, ինչպէս խոստացել էր օձը: Պոկեց արգելուած պտուղը, նախ Ադամից ծածուկ ինքը կերաւ, ապա տուեց նաեւ նրան, ով եւս ճաշակեց: Եւ տես, որ Եւան նախ ինքը ճաշակեց, որովհետեւ հաւատալով օձին` կարծեց, թէ ինքն աստուածութեամբ զգեստաւորուած կը մօտենայ Ադամին, ումից ինքը ստեղծուեց որպէս մարդ: Նա շտապեց ուտել նախքան Ադամը, որպէսզի դառնար գլուխը նրա, ով իր գլուխն էր, դառնար իշխողը նրա, ումից ինքը պէտք է հրամաններ ընդունէր, աստուածութեամբ մեծ լինէր նրանից, ումից փոքր էր որպէս մարդ: Ահա ճաշակեց, սակայն տեսաւ, որ չդարձաւ աւելի հիասքանչ, քան առաջ էր, չբացուեցին աչքերը, եւ աստուած չդարձաւ, ինչպէս որ սպասում էր: Այնժամ պտղից տուեց նաեւ Ադամին եւ մեծ խնդրանքներով համոզեց նրան եւս ճաշակել: Ասենք նաեւ, որ եթէ անմիջապէս բացուէր Եւայի մերկութիւնը, ապա Ադամը կը վախենար, կը զգուշանար եւ չէր ճաշակի: Այլ պէտք էր, որ Ադամը եւս փորձուէր: Եթէ Ադամը պահէր պատուիրանը եւ չճաշակէր պտղից, թէպէտ մեղաւոր չէր համարուի, բայց եւ յաղթող էլ չէր ճանաչուի, մինչեւ որ ինքը եւս չփորձուէր: Եթէ Ադամը տեսնէր կնոջ մերկութիւնը, բնաւ չէր ճաշակի ոչ թէ յանուն պատուիրանապահութեան, այլ Աստուծոյ երկիւղից: Ապա ուրեմն պէտք էր, որ Ադամը եւս փորձուէր, ինչպէս որ Եւան: Եւայի ճաշակելուց յետոյ անմիջապէս չերեւաց նրա մերկութիւնը, այլ երբ նա գայթակղեցրեց Ադամին, եւ սա եւս ճաշակեց, այնժամ ինչպէս Սուրբ Գիրքն է ասում. «Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են» 9: Ահա այսպէս բացուեցին նրանց աչքերը. բացուեցին ոչ թէ նրա համար, որ աստուածներ դառնային, ինչպէս խոստացել էր օձը, այլ բացուեցին, որ տեսնէին իրենց մերկութիւնը, որին ձգտում էր հասնել թշնամին: Նախահայրերի աչքերը բաց էին նախքան պտղի ճաշակումը, բայց փակ էին, որպէսզի չտեսնէին Կենաց Ծառը եւ իրենց մերկութիւնը: Թշնամին նախանձում էր նրանց, որովհետեւ նրանք փառքով եւ շնորհներով վեր էին բոլոր ստեղծուածներից, եւ միայն նրանց խոստացուեց յաւիտենական Կեանքը, որը կարող էր տալ Կենաց Ծառը: Նախանձելով նրան, ինչ ունէր Ադամը եւ նրան, ինչ պիտի ունենար՝ նենգութեամբ դաւեր նիւթեց եւ շատ արագ նրանց զրկեց այն բանից, ինչը պէտք է պահէին առանց նահանջելու: Եւ նաեւ եթէ նախահայրերը զղջային պատուիրանը խախտելու համար, ապա թէպէտ նրանց չէին վերադարձուի այն խոստումները, որոնք տրուեցին նախքան մեղանչելը, սակայն չէին կրի այն բոլոր անէծքները, որոնք տրուեցին իրենց եւ ողջ երկրին: Աստուած համբերատար եղաւ եւ յապաղեց նրանց մօտենալ այն պատճառով, որպէսզի նրանք գիտակցէին իրենց մեղքը եւ աղաչելով Իրենից թողութիւն խնդրէին: Սակայն, ցաւօք, նրանք չօգտագործեցին իրենց ընձեռուած այդ հնարաւորութիւնը:
«Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստուծոյ Դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին Դրախտի ծառերի մէջ» 10: Տես, թէ որքան մերձաւոր եւ մտերիմ էին Աստծուն, որ անգամ ճանաչում էին Նրա ոտնաձայները: Աստուծոյ դանդաղ մօտեցող մեղմ ոտնաձայները նպատակ ունէին նրանց նախապատրաստել զղջման, սակայն անօգուտ անցան մարդասէր Աստուծոյ շնորհած առիթները: Այնժամ Աստուած Իր ոտնաձայներին միացրեց Իր ձայնը եւ ասաց. «Ադա՜մ, ո՞ւր ես»: Մի՞թէ չգիտէր, թէ ուր էր, մի՞թէ չէր տեսնում ամենատես աչքը, մի՞թէ անտեղեակ էր Արարիչը, քաւ լիցի, սակայն հարցրեց՝ ո՞ւր ես: Տրտմած էր Նրա ձայնը ու տարակուսած՝ Նրա խօսքը: Ինչպէս մի հովիւ, ով մի ոչխար է կորցնում իր հօտից, տրտմալից ձայնով է լցնում ողջ անտառը, նոյնն էր Արարիչը Դրախտում: «Ադա՛մ, ո՞ւր ես, ինչո՞ւ ես թաքնւում Արարչիս երեսից: Ինչո՞ւ ես ամաչում եւ ինչո՞ւ ես լցուել երկիւղով: Ես չստեղծեցի քեզ, որ ամաչէիր Ինձանից, այլ որպէսզի Ինձ գիրկդ եւ հոգուդ մէջ առնէիր: Ասա՛, ո՞ւր ես, անարգուած զազրելի վիճակո՞ւմ: Ամօ՞թն է պատել քեզ, խի՞ղճդ է տանջում»:
Բայց Ադամն իր յանցանքը խոստովանելու փոխարէն ասաց. «Լսեցի Քո ձայնն այստեղ՝ Դրախտում, ամաչեցի եւ որովհետեւ մերկ էի, թաքնուեցի» 11: «Լսեցի Քո ձայնը եւ վախեցայ». մի՛ վախեցիր, Ադա՛մ, Աստուծոյ ոտնաձայները նրա համար են, որ սիրտդ պատրաստես զղջման եւ շուրթերով մեղայ ասես: Խոստովանի՛ր, նախքան Ինքը Աստուած քեզ կը հարցնի: Ասա՛ օձի մասին, որ խաբեց քեզ, ասա՛, որ խախտեցիր Իր պատուիրանը եւ շտապի՛ր խոստովանել շուրթերով, որպէսզի մարդասէր Աստծուց ներում ստանաս: Ի՞նչ արեցիր, Ադա՛մ, արդեօք աստուած դարձար: Դու մահ կրեցիր քո եւ քո յաւիտենական սերունդների վրայ: Դու լսեցիր ու հաւատացիր նրան, ով քեզ ոչ մի բարիք չէր արել եւ փոխարէնը թիկունք դարձրիր Նրան, Ով քեզ տուել էր ամէն բան: Ընդունեցիր օձին որպէս բարեկամ, բայց նա քեզ հետ վարուեց նենգութեամբ, որպէսզի քեզ զրկի փառքից: «Ինչո՞ւ վախեցար, Ադա՛մ, մի՞թէ ահաւոր երեւացի քեզ, մի՞թէ սաստիկ եւ ահարկու ձայնով խօսեցի քեզ հետ, մի՞թէ սաստեցի կամ յանդիմանեցի, մի՞թէ երեկուայ պէս իմ ընտանի փառքով չերեւացի Իմ քաղցրահայեաց աչքով»:
«Այո՛,- ասաց,- սակայն մերկ էի եւ թաքնուեցի»: Արդարեւ, մերկացել էր Ադամը ոչ միայն հանդերձներից, այլեւ արդարութիւնից ու բոլոր առաքինութիւններից: Նա ասաց. «Լսեցի Քո ձայնը, վախեցայ եւ թաքնուեցի»: Ադամը լռեց այն մասին, ինչը պէտք է յայտնէր խոստովանութեամբ եւ փոխարէնն ասաց այն, ինչ պէտք չէր ասել, եւ որն իրեն ոչ մի օգուտ չբերեց: Եւ ի՞նչ, Արարիչը դարձեալ տարակուսած ձայն արձակեց. «Ո՞վ ասաց, թէ մերկ ես, մի՞թէ կերար այն Ծառի պտղից, որ պատուիրել էի չուտել: Թէպէտ արել ես, ասա՛, չեմ մեղադրի քեզ եւ չեմ բարկանայ, քանզի Իմ արարածն ես, Իմ պատկերը, Իմ նմանութիւնը, Իմ անարատ ձեռքի գործը, որի համար էլ կը խնայեմ եւ չեմ եղծանի պատկերդ, չեմ ապականի նմանութիւնդ, քանզի ողորմած եմ եւ անոխակալ: Միայն դարձի՛ր Ինձ, եւ Ես կը դառնամ դէպի քեզ, միայն շտապի՛ր ապաշխարել, միայն խոստովանի՛ր մեղքերդ, միայն մեղայ ասա: Չեմ նախատի մեղաւորիդ, չեմ յանդիմանի ընկածիդ, այլ կ՚ողորմեմ յանցաւորիդ, կը հագցնեմ մերկացածիդ եւ կը կենդանացնեմ մեռեալիդ: Մի՛ տրտմեցրու Արարչիս քո անդարձութեամբ, տո՛ւր Ինձ այն, ինչ կամենում եմ՝ ապաշխարութիւն, տո՛ւր Ինձ այն, ինչ սիրում եմ՝ զղջում»: Եւ այս ամէնից յետոյ Աստուած, չտեսնելով մարդուն զղջման եւ խոստովանութեան մէջ, դարձեալ տրտմալից ձայն արձակեց՝ ասելով. «Զղջացի, որ մարդուն արարեցի երկրի վրայ»:
Իսկ Եւան ողջ մեղքն իր վրայ վերցնելու եւ ներում խնդրելու փոխարէն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ» 12: Երբ երկուսն էլ հարցման ենթարկուեցին, եւ ի յայտ եկաւ, որ նրանք չունեն մեղքի գիտակցութիւն, չունեն զղջում եւ ինքնայանդիմանութիւն, այնժամ Աստուած դիմեց օձին ոչ թէ հարցումով, այլ պատժիչ վճռով, քանի որ ով զղջում է իր յանցանքի համար, նրան է տրւում հարցաքննութիւն, իսկ ում խորթ է զղջումը, նրա համար միանգամից արձակւում է պատժիչ վճիռը: Օձը չասաց, թէ ես չարեցի, որովհետեւ վախեցաւ սուտ խօսել, բայց նաեւ չասաց, թէ արեցի, որովհետեւ նրան խիստ օտար է զղջումը, որի համար նրան ասուեց. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեա՛լ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: Փորիդ վրայ սողաս, որովհետեւ քո պատճառով կինը ենթարկուեց ցաւերով որդիներ ծնելու: Հո՛ղ ուտես քո կեանքի բոլոր օրերում, որովհետեւ Ադամին եւ Եւային զրկեցիր Կենաց Ծառի պտուղներից: Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ կնոջ միջեւ, քո սերնդի եւ կնոջ սերնդի միջեւ, որովհետեւ խաբեցիր կնոջը եւ նրանից ծնուածներին ու քո նենգութեամբ նրանց մահ պատճառեցիր» 13:
Արդարապէս դատավճիռ արձակուելն սկսուեց օձից, որովհետեւ որտեղից ծագում է յանցանքը, այնտեղից սկսած տրւում է պատիժը: Աստուած նախ օձին բարկութեամբ դատավճիռ արձակեց, որպէսզի Ադամն ու Եւան երկնչէին ու զղջային եւ գուցէ այդպէս ազատուէին Աստուծոյ արդար պատժից: Երբ օձն անիծուեց, իսկ Ադամն ու Եւան մինչեւ իրենց դատավճիռը ներում չխնդրեցին, այնժամ Աստուած արձակեց նաեւ նրանց արդար վճիռը: Նախ սկսեց Եւայից, որովհետեւ Ադամը նրա ձեռքով ընկաւ մեղքի մէջ եւ ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով պիտի զաւակներ ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ» 14: Իսկ դու, Եւա՛, ազատ պիտի լինէիր երկունքի ցաւերից, բոլոր հոգսերից, վշտերից, մահից: Այժմ դու պէտք է հնազանդ լինես քո ամուսնուն եւ ոչ թէ տիրես նրան: Նա պիտի քեզ տիրի, որովհետեւ պտուղը ճաշակելիս կամենում էիր իշխել նրա վրայ:
Ցաւօք, Եւայի դատավճիռն արձակելու ընթացքում Ադամի մօտ էլ ի յայտ չեկաւ զղջում, որի համար նա եւս արժանացաւ պատժի հետեւեալ վճռով. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն Ծառի պտղից, որից միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեա՛լ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքներով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին» 15: Այսպէս մեղանչած Ադամի պատճառով անէծք իջաւ չմեղանչած երկրի վրայ:
«Տանջանքներով հայթայթես քո հացը կեանքիդ բոլոր օրերին, որովհետեւ խախտեցիր Իմ պատուիրանը: Քանի դեռ պահում էիր այն, անհոգաբար էիր ուտում քո հացը, բայց քանի որ մեղանչեցիր, թող երկիրը փուշ ու տատասկ բուսեցնի քեզ, որովհետեւ ընդունելով կնոջդ չար խորհուրդը` արհամարհեցիր Դրախտի տենչալի պտուղները: Երեսիդ քրտինքով ուտես քո հացը, որովհետեւ չկամեցար առանց քրտնքի ճաշակել փափկութեան Դրախտի բարիքներից: Եւ թող այդպէս լինի, մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ արհամարհեցիր Իմ պատուիրանը, որը քեզ յաւիտենական կեանք պիտի շնորհէր: Քանի որ ստեղծուած ես հողից, որը մոռացար եւ կամեցար աստուածանալ, ապա հող կը դառնաս, որպէսզի քո այս նուաստացումով հասկանաս, թէ ինչ արեցիր...»:
Հանելով մարդուն փափկութեան Դրախտից` Աստուած փակեց նրա առջեւ Կենաց ծառի ճանապարհը, որպէսզի չտեսնի նաեւ Դրախտի վայելչութիւնները: Անէծք իջաւ երկրի վրայ` փուշ եւ տատասկ, տանջանքներով հաց եւ մահ: Բայց սա Աստուծոյ մարդասիրութեան նշան է, ինչպէս որ ասել է մարգարէի բերանով. «Քո ապստամբութիւնը քեզ խրատ է լինելու, եւ քո չարութիւնները կշտամբելու են քեզ: Խելքի կը գաս ու կը տեսնես, որ քեզ համար դառնաղէտ է Ինձ լքելը» 16:
Այդուհանդերձ Բարերարը չէր հեռանում նրանցից ոչ միայն Դրախտում, այլեւ Դրախտից դուրս, երբ բնակեցնում էր Դրախտին յանդիման...
վԱդամի կողից արարուած կինը շատ շուտով դարձաւ մարդկային ողբերգութեան պատճառ: Այդ կողը քանդեց փառաւոր պատը՝ Ադամին, վերացրեց նրա հիասքանչ փառքը: Նա Ադամին տրուեց որպէս օգնական, սակայն շատ շուտով դարձաւ կորստեան պատճառ:
Մարդու մահուան պատճառը եղաւ օձը:
Արդ, այն անիծեալ օձ եւ կամակոր վիշապ սատանան երբ գալիս է մարտնչելու եւ խռովութիւն գցելու, մօտենում է ծածկապէս եւ թաքուն, քանզի ինչպէս հրեշտակների պահպանութիւնն է ծածկապէս մեզ վրայ, այդպէս էլ չարից եկած խռովութիւնները: Մենք մարմնաւոր աչքերով չենք տեսնում սատանային: Ուրեմն պէտք է աւելի զգոյշ եւ արթուն լինել, քանի որ տեսանելի թշնամուց զգուշանալն աւելի հեշտ է, քան անտեսանելի թշնամուց, որից չենք կարող փախչել, եթէ բարւօք զինուած չլինենք: Սատանան բացայայտ չի մարտնչում, որպէսզի նոյն պահին չբռնուի, այլ շատ յաճախ իր դաժան թոյներն արձակում է բարեկամութեան քօղի տակ: Այդպէս վարուեց Ադամի հետ` ցոյց տալով, թէ հոգում է նրա մասին` ասելով. «Կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման»: Ուրեմն պէտք է զգոյշ եւ սթափ լինել, որպէսզի կարողանանք ճանաչել սատանայի դաւերը, փախչել նրանցից եւ յաղթել:
Իսկ եթէ մէկը հարցնի, թէ ինչո՞ւ Աստուած մեզ այնպէս չստեղծեց, որ չկարողանայինք մեղանչել: Սրա համար Սուրբ Գիրքն ասում է. «Մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կ՚ասի, թէ՝ դո՛ւ չես ինձ ստեղծել, կամ արարածն՝ Արարչին, թէ՝ իմաստութեամբ չես արարել ինձ» 17: Իւրաքանչիւր բանական էակ անձնիշխան է: Մեր մէջ միասին են բանականութիւնը եւ անձնիշխանութիւնը, նախ խորհում ենք բանականութեամբ եւ ապա անձնիշխանութեամբ ընտրում բարին կամ չարը: Քանի որ բանական ենք, ուրեմն նաեւ անձնիշխան ենք: Անձնիշխան է Աստուած, անձնիշխան են հրեշտակները եւ ընտրեալների հոգիները, որոնք չեն կարող չարն ընտրել, այլ իրենց ազատ կամքով ընտրում են բարին եւ խոտորւում չարից: Դեւերը նոյնպէս ունեն անձնիշխանութիւն, սակայն միշտ մերժում են բարին եւ ընտրում չարը ոչ թէ բռնադատութեամբ, այլ իրենց իսկ խստասրտութեամբ: Այսպէս Աստուած մարդուն անձնիշխանութիւն տուեց, որպէսզի նա ազատօրէն ընտրի բարին, ինչպէս հրեշտակները եւ բոլոր սուրբերը, սակայն շատերն ընտրում են չարը եւ մերժում բարին: Ապա ուրեմն անմեղադրելի է Աստուած, որ անձնիշխանութիւն տուեց բարին ընտրելու համար, իսկ իրենք` մարդիկ, դարձան դէպի չարը: Նաեւ` անձնիշխանութեամբ մարդը նման է Աստծուն, որի համար ասում է. «Աստուած մարդուն արարեց Իր պատկերով», եւ եթէ մարդն անձնիշխան չլինէր, Աստուծոյ պատկեր չէր լինի:
Ուրեմն անմիտ չլինենք, ինչպէս մեր նախնի Ադամը, նրա պէս չարդարանանք մեր մեղքերի մէջ, այլ խոնարհուենք եւ հետեւենք Աստուծոյ ձայնին ու Նրա մարդասիրութեան փշրանքները խնդրենք: Որքան Նա մեզ խոնարհուած է տեսնում, այնքան առաւել է ողորմում եւ կրկնապատիկ էլ մխիթարութիւն տալիս: Արդ, այս ամէնն իմանալով՝ գնանք Կանչողի հետեւից: Նա կանչում է մեզ, քանզի տեսնում է, որ ընկած ենք զանազան մեղքերի անբժշկելի ցաւերի մէջ, կանչում է խնդրելով եւ խոստանում ձրի բժշկել, իսկ մենք հրաժարւում ենք գնալ Նրա հետեւից, որովհետեւ մեզ առաւել սիրելի է մեղքերի դառնութիւնը, քան սրբարար արտասուքների քաղցրութիւնը: Սակայն ով սիրում է մեղքը, ատում է իր անձը:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
С. Ефрем Сирин. Творения, том 5. Изд. “Отчий дом”, 1995:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: