Ծննդոց գրքի մեկնություն 5:24

Ա. Լոպուխին

Եվ Ենոքը քայլեց Աստծո հետ։ Եվ նա անհայտացավ, որովհետև Աստված նրան վերցրեց-տարավ։ (Սինոդական թարգ․)[24]
   

   Եվ նա անհայտացավ, որովհետև Աստված նրան վերցրեց-տարավ... «Անհայտացավ» (LXX, սլավոնական թարգմանություն) Ենոքը, այսինքն՝ նա իսպառ չանէացավ, այլ խորհրդավոր կերպով անհետացավ մարդկանց միջից: Արդեն աստվածաշնչի հեղինակի այդ մեկ նահանջը նահապետների վախճանի մասին արտահայտվելու սովորական ձևից, ցույց է տալիս, որ Ենոքի երկրային կյանքի ավարտը նման չէր մյուս նահապետներին, հետևաբար, սովորական չէր եղել: Տեքստի հաջորդ բառերը «որովհետև Աստված նրան վերցրեց-տարավ...» բացահայտում են, ի մասնավորի, հենց այդ միտքը, չնայած որ կարող է այն նույնպես բավականաչափ մանրամասն և հստակ չլինել: Այս արտահայտության պարզաբանման համար դիմելով աստվածաշնչյան զուգահեռներին, մենք տեսնում ենք, որ դրանք բառացիորեն նորից կրկնվում են Եղիա մարգարեի առնչությամբ (Դ Թագ. 2), ում պատմությունից հստակորեն գիտենք, որ նա հրաշքով կենդանի վերցվել-տարվել է երկինք: Նույն բանը, ըստ Պողոս առաքյալի մեկնաբանության, ավելի վաղ տեղի է ունեցել Ենոքի հետ (Եբր. 11:5, հմմտ. Սիր. 49:16): ՈՒստի և ամենայն հավանականությամբ, Եղիան և Ենոքը միասին Սուրբ Գրքում ներկայացվում են իբրև երկրի վրա Տիրոջ երկրորդ ահեղ գալստյան նախակարապետներ (Հայտ. 11, հմմտ. Մատթ. 17, Մարկ. 9, Ղուկ. 9): Ենոքի վախճանի այդպիսի ընկալումը լիովին համապատասխանում է նաև համատեքստին, որտեղ այդպիսի վերջաբանը մատուցվում է իբրև արդար մարդու պարգև իր բարեպաշտության համար: Քանի որ մահը «մեղքի վարձքն» է (Հռոմ. 6:23), իսկ Ենոքը «Աստծուն ընդունելի լինելու» համար բավարար չափով քավեց իր մեղքերը, ուրեմն նա վերաբնակվում է հանդերձյալ կյանքում՝ չտեսնելով ապականացումը մարմնի (Սաղմ. 15:10), որը ենթարկվեց ակնթարթային վերափոխման այն ձևով որ սպասվում է նաև, ըստ առաքյալի խոստման, Տիրոջ երկրորդ փառավոր գալստյանը, ժամանակակից հավատացյալների մարմինների պարագային (Ա Կոր. 15:20–23, Բ Կոր. 5:4, Ա Թեսսղ. 4:17):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:
(Արարատ թարգ․) Եվ Ենոքը գնաց Աստծո հետ ու չէր գտնվում, որովհետև Աստված վերցրեց նրան:
(Գրաբար) Եւ հաճո՛յ եղև Ենոք Աստուծոյ. և ո՛չ ուրեք գտանէր, զի փոխեա՛ց զնա Աստուած։