Ծննդոց գրքի մեկնություն 9:1

Ա. Լոպուխին

1-3․ Աստված օրհնեց Նոյին և նրա որդիներին. «Պտղաբերեք և բազմացեք և լցրեք երկիրը (և տիրեք նրան). [1] թող սարսափեն ու դողդողան ձեզանից բոլոր գազանները (և երկրային բոլոր կենդանիները) և երկնային բոլոր թռչունները, ամենը, որ շարժվում է երկրի վրա և ձկները ծովում. ձեր ձեռքն են տրված նրանք. շարժվող ամեն բան, որ շունչ ունի, ձեզ համար կերակուր կլինի, ինչպես կանաչ ամբողջ խոտաբույսերը, որ ձեզ եմ տալիս»: (Սինոդական թարգ․)
   

    Ինչպես առաջին աշխարհի նահապետը` Ադամը, իրեն արարելու ժամանակ Աստծուց ստացավ հատուկ օրհնություն (Ծննդ.1:28-30), այնպես էլ երկրորդ աշխարհի նահապետը` Նոյը, ստանում է նույնպիսի օրհնություն: Ինչպես այն, այնպես էլ սույն օրհնանքը հավասարապես վերաբերում է երեք կետերի` մարդու բազմանալուն, նրա իշխանությանը (տիրապետությանը) կենդանիների վրա և նրա սնունդին: Աստվածային այս օրհնության ուժը տարածվում էր ոչ միայն արդար Նոյի, այլև նրա «որդիների» վրա, ասել է թե` ինչպես ներկա, այնպես էլ ապագա նրա սերունդների, կարճ ասած` համայն մարդկային ցեղի վրա` արդեն վերանորոգված և կոչված նոր կյանքի:

    Աճեցեք և բազմացեք և լցրեք երկիրը … Սակայն այստեղ հավելում չի արվել, ինչպես նախկինում Ադամի համար` և տիրեցեք նրան (Ծննդ. 1:28), քանի որ մեղսագործության պատճառով մարդը կորցրեց այդ աստվածանմանության ուժը, կամ, համենայն դեպս` խիստ նվազեց և կրճատվեց այդ աստվածանմանության ունակությունը: Եվ միայն երկրորդ Ադամը` մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ոչնչացնելով մեղքի իշխանությունը, վերստին ամեն ինչ հնազանդեցրեց Իրեն և ոչինչ չթողեց` Իրեն չենթարկված (Ա Կոր.15:27, Եփ.1:22, Եբր. 2:8 ):

    Ձեր ահն ու երկյուղը թող լինի երկրի բոլոր գազանների …վրա ... «Սա չկար Ադամին տրված օրհնության մեջ. նա տերն էր արարածների, բայց սարսափազդու չէր: Երբ որ մարդու ներքին արժանիքներն արդեն ի զորու չեն արարածներին իրեն ենթարկելու, Աստված վախի միջոցով է զսպում դրանց» (սուրբ Ֆիլարետ ):

    Ամեն մի շարժվող կենդանի  թող ձեզ համար կերակուր լինի…. Սնվելու մասին սա արդեն թվով երկրորդ օրենքն է (Ծննդ. 2:16), որը թույլատրում է կանաչեղենին և դաշտային հատիկեղենին հավելելու ևս մեկը` կենդանիների, թռչունների, ձկների, մի խոսքով` այն ամենի միսը, ինչ շարժվում ու ապրում է: Այս նոր թույլտվության պատճառը սուրբ Թեոդորոսը պարզաբանում է հետևյալ կերպ. «Աստված, տեսնելով կենդանիներին կուռք դարձնելու, պաշտելու և աստվածացնելու մարդու հակումը, նրան թույլ տվեց դրանց իբրև կերակուր օգտագործելու, որպեսզի հասկանա, թե ինչքան անվայել է աստվածային պատիվներ տալը երկրային այն էակներին, որոնց կարելի է սպանել և ուտել»:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աստուած օրհնելով Նոյին ու նրա որդիներին՝ ասաց նրանց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրն ու տիրեցէ՛ք դրան:
(Արարատ թարգ․) Եվ Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց. «Աճեք, բազմացեք և լցրեք երկիրը:
(Գրաբար) Եւ օրհնեա՛ց Աստուած զՆոյ և զորդիս նորա. և ասէ ցնոսա. Աճեցէ՛ք և բազմացարո՛ւք և լցէ՛ք զերկիր և տիրեցէ՛ք դմա։