Ծննդոց գրքի մեկնություն 10:21

Ա. Լոպուխին

21-22. Հաբեթի մեծ եղբայրը՝ Սեմը, որ Եբերի բոլոր որդիների նախահայրն էր, նույնպես ծնեց որդիներ: [21] Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, լուդն ու Արամը (և Կայնան): (Սինոդական թարգ․)

   

   Այստեղից սկսվում է Աստվածաշնչի տեսանկյունից շատ կարևոր համարվող սեմերի  ծննդաբանությունը, որից առաջանում է աստվածընտիր եբրայական ժողովուրդը, Եբերից ստանալով իր անվանումը, և որի մասին առանց հապաղելու հիշատակում է բիբլիական տարեգիրը:    
Սեմի որդիներն են Ելամը ...Ասորական սեպագրերի մեջ այս երկիրը հայտնի է Իլամթու անունով, որ նշանակում է լեռնային երկիր: Հետո այն կոչվել է Սուզին կամ Սուզան, այստեղից էլ առաջացել է Սուզիանան: Այս երկրում պահպանվել է բնակավայրերի մի ամբողջ շարք` սեմական անվանումներով, ինչից էլ արդարացիորեն եզրակացնում են, որ սեմական տարրը ժամանակին գերիշխող է եղել հնագույն Սուզիանայում կամ Ելամում:

   Ասսուրը… Սեմի այս ժառանգը դարձավ ասորիների՝ հին Արևելքի ամենանշանավոր ժողովուրդներից մեկի նահապետը, որոնք զբաղեցնում էին միջին Տիգրիսի արևելյան կողմը` Հայաստանի, Սուզիանայի, Մեդիայի միջև, և խոսում էին, ինչպես արդեն ստույգ հաստատվել է, սեմական բարբառով, որը եբրայերենին բավական մոտ էր: Ինչպես տեսանք վերևում, քուշերը շատ վաղ էին ներխուժել Ասորեստան (Ծննդ.10:11), ինչով էլ բացատրվում է այն իրողությունը, որ Ասորական միապետության ողջ քաղաքակրթությունն ու մշակույթը սերտորեն կապված էր խալդ-բաբելոնյան քաղաքակրթության հետ:

   Արփաքսադ… Հրեաների անմիջական նախահայրերից մեկն է: Շրադերն ու այլ գիտնականներ, հիմնվելով սեպագրերի տեղեկությունների վրա, կարծում են, որ այս անվանումը նշանակում է «խալդերին սահմանակից» Ժողովուրդ («արփ-քասադ»), իսկ բնակավայրը տեղորոշում են հարավային Եփրատի առափնյա հովտում: Խալդյան Ուր քաղաքը` այժմյան Մուհեյրը գլխավոր թագավորանիստն է եղել:

   Լուդ…. Հովսեփ Փլաբիոսի օրինակին հետևելով, այս անվանման մեջ տեսնում են փոքրասիական երկրներից մեկի` Լիդիայի և նրա գլխավոր քաղաք Սարդի բնակիչներին: Նկատի առնելով, սակայն, որ այս քաղաքի բնակիչները անտիկ դարաշրջանում արիական, և ոչ թե սեմական ծագում են ունեցել, գիտնականները ենթադրում են, որ սեմերը շատ հին անցյալում են բնակվել այս երկրամասում, հետո այն զիջել արիացիներին: Ազգերի աստիճանական այս փոխատեղումները գլխավորապես տեղի են ունեցել ասորական թագավորների դարաշրջանում, ինչի մասին ակնարկներ կան նրանց արքունի տարեգրքերում:

   Արամ…. Սեպագրերից հայտնի է Արամու, Արումու, Արիմու անվանումներով, մատնանշում է այն երկիրը, որ տեղակայված էր Տիգրիսի ու Եփրատի առափնյա տարածքներում` բացառությամբ Բաբելոնի: Եգիպտացիները Եփրատի և Քաբուրի միջև եղած երկրամասն անվանում էին Նագարաինա, որտեղից էլ ծագել է Միջագետքի` Աստվածաշնչյան բնորոշումը, այն է` Արամ-Նագարաինա: Այս տարածքում տարբեր պետությունների մի ամբողջ շարք է եղել, ինչով պայմանավորված` Աստվածաշնչում մենք հանդիպում ենք Արամ անունից կազմված շատ տեղանունների` Արամ-Սովա, Արամ-Դամասկոս, Արամ-Ռեքով և այլն:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Յաբէթի երէց եղբայրը՝ Սէմը, որ Եբերի բոլոր որդիների նախահայրն էր, նոյնպէս ծնեց որդիներ:
(Արարատ թարգ․) Եվ Սեմին էլ, ով Եբերի որդիների նախահայրը և Հաբեթի մեծ եղբայրն էր, որդիներ ծնվեցին:
(Գրաբար) Եւ Սեմայ ծնան որդիք և նորա, հօրն ամենայն որդւոցն Եբերայ, եղբօրն Յաբեթի երիցու։