Ծննդոց գրքի մեկնություն 11:1

Ա. Լոպուխին

Եվ ողջ երկրի վրա մեկ լեզու կար և մեկ բարբառ: (Սինոդական թարգ․) [1]
   

   Եվ ողջ երկրի վրա մեկ լեզու կար և մեկ բարբառ… Նախնադարյան մարդկության բնակեցման ընդհանուր աշխարհագրությունը նկարագրելուց հետո Ծննդոցի հեղինակը վերադառնում է հետ, որպեսզի բացատրի դրա  պատճառը: Սկզբից, ասում է նա, ողջ երկրի վրա, այսինքն՝ մարդկանցով բնակեցված ամբողջ երկրի վրա, այլ կերպ՝ ողջ մարդկության մեջ, մեկ լեզու կար, կամ, ինչպես բնօրինակում է. «մեկ բերան՝ որպես հոդաբաշխ խոսքի օրգան», և մեկ բարբառ, այսինքն՝ խոսքի միևնույն նյութն ու ձևը: Մարդկային մեկ միասնական լեզվի գոյության մասին սուրբգրային տեղեկությունը լեզվաբանության հիմնական խնդիրներից մեկն է, որն էլ առավել կամ պակաս հաջողությամբ փորձում են լուծել բոլոր հայտնի լեզվաբանները: Մարդկային ցեղի երկու գլխավոր ճյուղերի՝ սեմական և հնդգերմանական (հնդեվրոպական), լեզուների նմանությունն ու բազմաթիվ արմատների ընդհանրությունը գրեթե կասկածի տեղ չեն թողնում, որ այս երկու հիմնական տարատեսակները ժամանակին մեկ ընդհանուր սկզբնաղբյուրից են առաջացել: Ողջ մարդկության նախնադարյան լեզվի ձևի մասին մենք միայն կարող ենք ենթադրություններ անել, սակայն կասկած չկա, որ եկեղեցական հին հեղինակների (Որոգինես, Հերոնիմոս և Օգոստինոս երանելիներ, Դիոդորոս, Եվսեբիոս և ուրիշներ) կարծիքը՝ հօգուտ սեմական լեզուներից որևէ մեկի, ունի այն առավելությունը, որ նախնադարյան անունները (Ադամ, Եվա, Կայեն, Սեթ և այլն) միայն եբրայերենում են գտնում իրենց սկիզբը: Եբրայերենով ավելի հեշտ են բացատրվում հնագույն շատ ժողովուրդների անվանումները (բաբելացիներ, քաղդեացիներ, քուշաններ և այլն), և, ի վերջո, մարդկային մշակույթի հնագույն մնացորդները կրում են քուշանասեմական ազդեցության բավականին հստակ հետքեր:

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում:
(Արարատ թարգ․) Եվ ամբողջ երկիրը մեկ լեզու և մեկ խոսվածք ուներ:
(Գրաբար) Եւ ա՛յս են ծնունդք որդւոցն Նոյի. Սէ՛մ, Քամ, Յաբեթ. և ծնան նոցա որդիք յետ ջրհեղեղին։