Ծննդոց գրքի մեկնություն 1:7

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից: 
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն  գլուխ 1:6   
   

Ա. Լոպուխին

Եվ Աստված արարեց հաստատությունը ու բաժանեց հաստատության տակ եղած ջրերը տարածության վրա եղած ջրերից։ Եվ այդպես եղավ: (Սինոդական թարգ․)[7]

   
   Եվ արարեց հաստատությունը ու բաժանեց հաստատության տակ եղած ջրերը տարածության վրա եղած ջրերից․․․ Վերջում հիշատակված ջրերն, ակներևաբար մատնանշում են ջրային գոլորշիներնը, որոնցով սովորաբար հագեցած է լինում երկնային մթնոլորտը և որոնք, ժամանակ առ ժամանակ կուտակվելով, տարբեր կերպ թափվում են երկրի վրա, օրինակ՝ անձրևի, կարկուտի, եղյամի, մառախուղի կամ ձյան տեսքով: Առաջիններն, անշուշտ, մատնանշում են սովորական ջուրը, որը թափանցում է ողջ երկրային քաոսի մեջ և արարման հաջորդ՝ երրորդ օրը հավաքվում հատուկ բնական ջրամբարներում՝ օվկիանոսներում, ծովերում ու գետերում: Աշխարհի գոյացման գործընթացում ջրի դերի մասին նման միտք է արտահայտում նաև Պետրոս առաքյալը (Բ Պետր. 3:5): Նախնադարյան հրեայի պարզամիտ մտքում երկնային մթնոլորտը պատկերվում էր ամուր ծածկի տեսքով, որը բաժանում էր մթնոլորտային ջրերը երկրային ջրերից. Ժամանակ առ ժամանակ այդ ամուր թաղանթը այս կամ այն տեղից պատռվում էր և երկնային ջրերն այդ անցքից թափվում էին երկիր: Եվ Աստվածաշունչը, որ սուրբ հայրերի համոզմամբ խոսում է մարդկային լեզվով և հարմարվում մեր մտքի ու լսողության թուլությանը, անհրաժեշտ չի համարում այս պարզամիտ աշխարհընկալման մեջ որևէ գիտական շտկում մտցնել (Ոսկեբերան, Թեոդորետոս և այլք):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ստեղծեց տարածությունը, որով բաժանեց տարածության ներքևում եղած ջրերը տարածության վրա եղող ջրերից: Եվ այդպես եղավ:
(Գրաբար) Եւ արար Աստուած զհաստատութիւնն: Եւ անջրպետեաց Աստուած ի մէջ ջրոյն որ ի ներքոյ հաստատութեանն, և ի մէջ ջրոյն որ ի վերոյ հաստատութեանն: