Ա․ Լոպուխին
4-6. Երբ նրա սգո օրերը լրացան, Հովսեփը խոսեց փարավոնի պալատականների հետ՝ ասելով. «Եթե շնորհ եմ գտել ձեր առաջ, ապա փարավոնին այսպե՛ս ասեք. [4] Հայրս ինձ երդվել տվեց՝ ասելով. «Ահա ես մեռնում եմ: Ինձ կթաղես այն գերեզմանում, որ ես ինձ համար փորել եմ քանանացիների երկրում: Եվ հիմա ես ցանկանում եմ գնալ, թաղել իմ հորն ու վերադառնալ»: [Հովսեփի խոսքերը ասացին փարավոնին]: Փարավոնն ասաց. «Գնա՛, թաղի՛ր քո հորը, ինչպես երդվել է տվել քեզ»: (Սինոդական թարգ․)
Իր անձնական գործի և առավել ևս (դիակի հետ շփման հետևանքով (Եսթեր. 4:2)) անմաքուր վիճակում գտնվելու պատճառով Հովսեփը չի համարձակվում փարավոնից անձամբ արձակուրդ խնդրել: Նա այդ ամենը կատարում է փարավոնի պալատականների միջոցով (ազատ շարադրանքով)՝ նրանց հայտնելով Քանանում թաղվելու մասին Հակոբի կտակը (Ծննդ. 47:29−31): Այդպիսով՝ նա փարատում է եգիպտացիների կողմից պետական դավաճանության մասին կասկածները։ Հաշվի առնելով Պաղեստինի խեթերի նկատմամբ նրանց ունեցած խիստ թշնամական վերաբերմունքը՝ պետք է ասել, որ եգիպտացիները կարող էին նման կասկածներ ունենալ: Փարավոնը թույլ է տալիս, որ Հովսեփը մեկնի Քանան (Ծննդ. 50:7, 8)։ Նա, հավանաբար, ոչ թե հուղարկավորության թափորի շքեղության կամ Հովսեփի ընտանիքի վշտին ուշադրություն դարձնելու, այլ Հովսեփի հնարավոր դավաճանությունից ու Քանանում մնալու փորձից իրեն ապահովագրելու պատճառով է վերջինիս հետ նաև մեծ թվով պահակախումբ և բազում պալատականներ ուղարկում։ Հավասարապես վերջին նպատակի համար էլ նա Եգիպտոսում է պահում հրեաների մանուկներին ու նրանց հոտերը, ինչը հետագայում Մովսեսից ու հրեաներից պահանջելու է նաև եբրայեցիներին հալածող փարավոնը (Ելք․ 10:11):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Սգոյ օրերն անցնելուց յետոյ Յովսէփը խօսեց փարաւոնի իշխանների հետ եւ ասաց. «Եթէ շնորհ եմ գտել ձեր առաջ, ապա դիմեցէ՛ք փարաւոնին եւ ասացէ՛ք,
(Արարատ թարգ․) Եվ երբ անցան նրա սգո օրերը, Հովսեփը խոսեց փարավոնի տան հետ՝ ասելով. «Արդ, եթե ձեր առաջ շնորհ եմ գտել, խոսեք խնդրեմ փարավոնի հետ ու ասեք նրան.
(Գրաբար) Եւ իբրեւ անցին աւուրք սգոյն. խաւսեցաւ Յովսէփ ընդ իշխանսն փարաւոնի, եւ ասէ. Եթէ գտի շնորհս առաջի ձեր, խաւսեցարուք ընդ փարաւոնի եւ ասացէք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: