Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):34

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դու նայում էիր, երբ առանց ձեռք դիպչելու պոկվեց մի քար և հարվածեց արձանի երկաթյա և խեց ոտքերին ու ամբողջովին փշրեց դրանք:
   
   Իրերի էությունը չի բացահայտվել նախքան այն ժամանակը, երբ ճշմարտության Արեգակը փայլել է (և ցույց է տվել), որ ոսկին ոսկի չէ: Վերոնշյալ փաստը տե՛ս նաև հենց այս պատկերում մինչ դրա ոչնչացումը, երբ նյութերը դեռ իրենց տեղում էին. դրանցից ոչ մեկն ամենևին մյուսից լավը չէր: Միայն տեսքով, ժամանակով և որակով էին դրանցից որոշները մյուսներից ավելի լավը թվում: Այդ պատճառով էլ Աստված ոսկին էլ երկրից ստեղծեց, որպեսզի դրա մեջ ոչ մի մեծ բան չգտնես: Ինչո՞ւ է Նաբուգոդոնոսորի թագավորությունը կոչվում ոսկյա, Պարսկականը՝ արծաթյա, Մակեդոնականը՝ պղնձյա, իսկ Հռոմեականը՝ երկաթյա և կավե:

   Տե՛ս, թե որքան լավ են դասավորված նյութերը: Ոսկին ներկայացնում է հարստությունը, բայց այն թույլ է և ավելի շատ ծառայում է գայթակղությանը, զարդարանքին և ունայնությանը: Այդպիսին է նաև այս բարբարոսի թագավորությունը: Նա և այդ բարբարոսները շատ ոսկի ունեին, քանի որ, ինչպես ասում են, այնտեղ էր մետաղների երկիրը: Սիրիացիներից շատ, բայց անօգուտ, հարստություն էր բերվում: Այն գլխի տեղն է զբաղեցնում, քանի որ առաջինն է հայտնվում: Պարսկական թագավորությունն այնքան հարուստ չէր, որքան Մակեդոնականը: Հռոմեականն ամենաօգտակարն ու ամենաուժեղն էր, սակայն ժամանակային առումով ավելի ուշ շրջանով էր թվագրվում և, հետևաբար, զբաղեցնում է ոտքերի տեղը: Այնուամենայնիվ, այն ունի մասեր, որոնք թույլ են, և մասեր, որոնք ավելի ուժեղ են: Այդպիսին է մարդկանց անկայունությունը:

   «Եվ անօրինության շատանալուց,– ասում է Աստված,– շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ. 24:12)։ Իսկ երբ սերը ցամաքում է, անխուսափելիորեն գալիս են կռիվներն ու պատերազմները: Երբ կան չարամիտներ և թշնամիներ, ապա մարդիկ անպայման միմյանց վերաբերվում են այնպես, ինչպես կավը երկաթին: Ինչպես այդ նյութերն են իրենց բնույթով տարբեր և երբեք չեն կարող միավորվել, նույն կերպ էլ լինում է այդ ժամանակ: Այս մասին խոսում են ինչպես մարգարեները, այնպես էլ առաքյալները: Հետո գալիս է վերջը: Ինչպես Նոյի օրոք չարի զորացմանը հետևեց ջրհեղեղը, այդպես էլ կլինի հիմա: Եվ ինչպես անխոհեմությանն անձնատուր եղած հիվանդ մարմինն է ոչնչանում, այնպես էլ աշխարհն է կորչելու: Եթե ​​Աստված խնայում է այն քաղաքը, որի մեջ հինգ արդար կա, ապա առավել ևս նա կխնայի աշխարհը, երբ դրա մեջ համապատասխան թվով արդարներ լինեն:
   

Ա. Լոպուխին

«Մինչ նայում էիր, առանց ձեռքի օգնության մի սարից քար պոկվեց, հարվածեց արձանին, նրա երկաթե և կավե ոտքերին, ու փշրեց դրանք»։(Սինոդական թարգ․) [34]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):31
--------------------------------
[34] (Էջմիածին թարգ․) Դու նայում էիր, երբ առանց ձեռք դիպչելու պոկուեց մի քար եւ հարուածեց արձանի երկաթեայ եւ խեցէ ոտքերին ու ամբողջովին փշրեց դրանք:
(Արարատ թարգ․ 2։34) Մինչ նայում էիր, մի քար պոկվեց՝ առանց մարդկանց ձեռքի դիպչելու, և հարվածեց արձանի ոտքերին, որ երկաթից ու կավից էին, և փշրեց դրանք։
(Գրաբար) Հայէիր մինչև հատաւ վէմ առանց ձեռին՝ և եհար զպատկերն’ի վերայ երկաթեղէն և խեցեղէն ոտիցն՝ և մանրեա՛ց զնոսա’ի սպառ։
   
   Պատմամշակութային մեկնություն
   Քարը պոկվել է առանց մարդկային ձեռքի օգնության: Դանիելի պատմության մեջ եղած այս հատվածը հեռվից հիշեցնող միակ դրվագը հանդիպում է Գիլգամեշի էպոսում: Գիլգամեշն ասում է, որ Էնկիդուն երազում իր ոտքերի մոտ ընկած երկնաքարի տեսքով հայտնվել է իր առաջ: Սակայն երկնքից ընկած այս քարն այնտեղ ոչ մի ավերածություն չի առաջացնում։