Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):39

Սուրբ Եփրեմ Ասորի

Դու ես ոսկյա գլուխը: Քեզանից հետոյ ուրիշ թագավորություն պիտի բարձրանա, որ պիտի լինի քո թագավորությունից ցածր: Ապա երրորդ՝ պղնձյա թագավորությունը պիտի տիրի ամբողջ երկրին:
   
   Քանի որ Նաբուգոդոնոսորը կարծում էր, որ ամենահզոր թագավորներից ոչ մեկը չի կարող տապալել Բաբելոնի թագավորությունը,  ուստի մարգարեն ասում է՝ «մեկ այլ ավելի փոքր թագավորություն», այսինքն` Մեդական թագավորությունը բարձրանալու և ջախջախելու է ձեր թագավորությունը. երրորդ թագավորությունը տիրելու է ամբողջ երկրին: Պարսից արքա Կյուրոսի թագավորությունը գերիշխելու է ամբողջ երկրի վրա:
   

Ա. Լոպուխին

«Քեզնից հետո մի ուրիշ թագավորություն պիտի բարձրանա՝ քեզնից ցածր, և մի երրորդ թագավորություն՝ պղնձից, որը կտիրի ամբողջ երկրին»։ (Սինոդական թարգ․) [39]
   
   Բաբելոնական պետությանը անմիջապես հաջորդողի խորհրդանշական պատկերը՝ մեկ կրծքի մեջ միաձուլվող երկու արծաթե ձեռքերը (տե՛ս համար 32), միաժամանակ  ցույց են տալիս թե՛ նրա երկկողմանիությունը և թե՛ միասնությունը:

   Այդպիսին էր երկու ազգություններ ընդգրկող Մեդա–պարսկական կայսրությունը՝ միավորված և անբաժանելի (Դան. 8։20): Որպես Բաբելոնին հաջորդող՝ այն դիտվում է հենց Դանիել մարգարեի կողմից (Դան. 5:28): Մեդա–պարսկական թագավորության պատմությունը չի առանձնացել Բաբելոնյան միապետությանը բնորոշ վեհությամբ ու շքեղությամբ, այդ իսկ պատճառով այն  համարվում է «նրանից ցածր»: Թագավորությունների հաջորդական շարքի երրորդ պետությունը, արտաքին փայլով զիջելով առաջին երկուսին (այս թագավորությունը արձանի մարմնի պղնձե մասն է), իր զորությամբ և ուժով զգալիորեն գերազանցելու է նրանց. «Այն իշխելու է ամբողջ երկրի վրա»: Ըստ Մակաբայեցիների Ա գրքի՝ նմանատիպ բնույթով առանձնանում էր Հունական թագավորությունը: Դրա հիմնադիր Ալեքսանդր Մակեդոնացին գնաց մինչև երկրի ծայրերը, տիրեց շրջանների, ժողովուրդների և կառավարիչների, իր առաջ երկրին լռել ստիպեց (Ա Մակ. 1:3–4): Ինչպես Դանիել մարգարեության մեջ (8:8–7, 20–21), այնպես էլ Մակաբայեցիների Ա գրքում (1:1) համարվում է, որ Հունական թագավորությունը փոխարինել է Մեդա–պարսկական միապետությանը:
--------------------------------
[39] (Էջմիածին թարգ․) Դու ես ոսկեայ գլուխը: Քեզանից յետոյ ուրիշ թագաւորութիւն պիտի բարձրանայ, որ պիտի լինի քո թագաւորութիւնից ցածր: Ապա երրորդ՝ պղնձեայ թագաւորութիւնը պիտի տիրի ամբողջ երկրին:
(Արարատ թարգ․ 2։39) Եվ քեզնից հետո մի ուրիշ թագավորություն պիտի բարձրանա՝ քեզնից ցածր, և մի երրորդ թագավորություն՝ պղնձից, որը կտիրի ամբողջ աշխարհին։
(Գրաբար) և զկնի քո յարիցէ ա՛յլ թագաւորութիւն խոնարհագոյն քան զքեզ. և թագաւորութիւնն երրորդ՝ որ է պղինձն՝ տիրեսցէ ամենայն երկրի։