Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):25

Ա. Լոպուխին

25-27․ «Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագավորին»։  [25] «Տասներկու ամիս հետո, շրջելով Բաբելոնի թագավորական պալատով»։ «Թագավորն ասաց. «Մի՞թե սա այն հիասքանչ Բաբելոնը չէ, որ ես կառուցել եմ իմ կարողության զորությամբ՝ որպես թագավորական տուն իմ մեծության փառահեղության համար»։ (Սինոդական թարգ․)
   
   Համաձայն «Հրեշտակ»–ի խոսքերի և Դանիել մարգարեի բացատրության՝ Նաբուգոդոնոսորին սպասվող պատիժը նրան պետք է այն ճշմարտության մեջ համոզեր, որը «Բարձրյալն է տիրում մարդկանց ստեղծած թագավորությանը» (4։14, 22): Ըստ այդմ, դրա պատճառը Տիրոջ գերագույն իշխանության ժխտումն է: Արքայի դատաստանը կատարվում է հենց մերժման պահին: Վերջինս արտահայտվում էր հետևյալ խոսքերով. «Սա այն մեծ Բաբելոնը չէ՞, որ ես կառուցեցի որպես թագավորություն իմ կամքով ու զորությամբ՝ ի պատիվ իմ փառքի»: Ո՛չ, կարծես Նաբուգոդոնոսորը ասելիս լինի, որ Բարձրյալը չի տիրում թագավորությանը. Բաբելոնի գոյությունն ու մեծությունը պայմանավորված են ինձնով և իմ զորությամբ: Ուղղակի ասած՝ Նաբուգոդոնոսորի խոսքերը  չափազանցություն չեն: Ինչպես վկայում են նրա իսկ արձանագրությունները, և ինչպես ուղղորդում են պատմաբանները, Բաբելոնը իրոք նրա ձեռքի գործն է:
   «Բաբելոնը և Բորցիպպան,–  ասում է Նաբուգոդոնոսորն իր գրություններից մեկում,– իմ թագավորության ամենամեծ քաղաքներն են, որոնք հիմնել եմ ես: Ես  իմ պալատը զարդարելու համար  զգուշորեն հարստություն հավաքեցի: Ես արքայական բնակելի տան նման ամբողջությամբ կառուցեցի և զարդարեցի այն... Այս տունը, որը պետք է զարմանքի առարկա դառնա, ես եմ կառուցել»:
   Նմանապես, Բերոզ և Աբիդեն պատմիչների վկայության համաձայն, Նաբուգոդոնոսորն իր անասելի հարստության մեծ մասն օգտագործել է Բաբելոնը զարդարելու և կառուցելու համար: Ի դեպ, կառուցվել են Բաբելոնի նոր պարիսպները, որոնցից արտաքինը ընդգրկում էր 513 քառ. կիլոմետր (450 քառ. վերստ), իսկ ներքինը՝ 290 քառ. կիլոմետր (260 քառ. վերստ) տարածք, ինչպես նաև հայտնի կախովի այգիները: Այս վերջինները, որոնք զարդարում էին Եփրատի արևմտյան ափին կառուցված նրա պալատի շրջակայքը, զբաղեցնում էին 400 ոտնաչափ տարածք և 150 ոտնաչափ բարձրություն ունեցող պալատի աշտարակներից ավելի վեր էին բարձրանում։ Դրանք պահող աղյուսե հարթակներն  ամեն 10 ոտնաչափը մեկ հենվում էին 22 ոտնաչափ հաստություն ունեցող քարե հենակների վրա։ Աղյուսե հարթակները ծածկված էին քարե սալիկներով, եղեգի հաստ շերտերով, ասֆալտով և գիպսով, խոնավությունը բաց թողնելուց խուսափելու համար դրանք ծածկվում էին նաև կապարե հաստ թիթեղներով: Այս կապարի թիթեղների վրա այնքան հաստ հողի շերտ էր լցված, որ դրա վրա ազատորեն կարող էին նաև բարձր ծառեր աճել: Այգիների ներսում պոմպեր էին տեղադրվել, որոնք Եփրատից ջուրը բարձրացնում էին մինչև ամենավերջին տեռասը, որտեղից այն ջրանցքների միջոցով լցվում էր մյուս տեռասների վրա և ծառայում էր որպես այգիների արհեստական ​​ոռոգում: Նաբուգոդոնոսորի մյուս շինություններից հայտնի են Բաբելոնով անցնող ջրանցքները, որոնք քաղաքը պաշտպանում էին Եփրատի ջրհեղեղներից, և բազմաթիվ տաճարները: Սակայն, Նաբուգոդոնոսորի վերը նշված արտահայտությունը ներծծված է արտասովոր հպարտությամբ: Փաստն այն է, որ այլ դեպքերում նա իր բոլոր հաջողությունները կապում է ոչ թե անձնական ջանքերի, այլ Մերոդաք աստծո օգնության ու հովանավորության հետ, որին նա անվանում է «աստվածների գլուխ»: Տվյալ պարագայում նրա խոսքերը միտումնավոր կերպով մերժում են իր իսկ կողմից ընդունված և խոստովանված աստվածային իշխանությունը: Նույնիսկ հեթանոսի համար հպարտ համարվող այս խոսքերը, Բարձրյալի գերագույն ինքնիշխանության մասին հայտնություն ստացած (տե՛ս 14) Նաբուգոդոնոսորի բերանում, դառնում են Տիրոջը ուղղված բացահայտ հակադրություն:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Այս բոլորը պատահեց Նաբուքոդոնոսոր արքային տասներկու ամիս յետոյ,
(Արարատ թարգ․ 4։28) Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագավորին։
(Գրաբար) Այս ամենայն եկն եհա՛ս’ի վերայ Նաբուքոդոնոսորայ արքայի