Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիները միասին կհավաքվեն և իրենց մեկ առաջնորդ կընտրեն և դուրս կգան գաղթի տարված երկրից, որովհետև մեծ է Հեզրայելի օրը»։ (Սինոդական թարգ․)[11]
Մարգարեի խոսքի կերպը փոխառված է Եգիպտոսից հրեաների ելքի փաստից, երբ հավաքվեց ամբողջ ժողովուրդը, և Իսրայելի բոլոր ցեղերի համար Աստծու կողմից նշանակվեց մեկ առաջնորդ և օրենսդիր՝ Մովսեսը։ Եգիպտոսից ելքը 11−րդ համարում մարգարեի համար ծառայում է որպես ապագայի, հատկապես ասորական գերությունից Իսրայելի ազատագրման պատկեր։
«Դուրս կգան երկրից» (vealah min haarez). որոշ մեկնիչներ «alah» բայը «սահմաններից դուրս գալ», «կռվի դուրս գալ» իմաստով են հասկանում։ Այդ պատճառով բոլոր արտահայտությունները մեկնաբանվում են որպես տարածքն ընդլայնելու նպատակով կատարվող ապագա նվաճումների կանխատեսում (Հիտցիգ, Ումբրեյթ)։ Սակայն խոսքի համատեքստը և «alah» բայի գործածությունը հիմք չեն տալիս դիտարկվող արտահայտությունների նմանատիպ մեկնաբանությանը ։
«Որովհետև մեծ է Հեզրայելի օրը». այսինքն՝ Իսրայելի գերության օրվա սկիզբը, այն օրը, երբ Հեզրայելի հովտում Իսրայելը պարտության կմատնվի և ցիրուցան կարվի (տե՛ս Ովս. 1:4-5)։ Ապագայի համար այդ օրը նշանակալից է իր ունեցած հետևանքներով, որովհետև այն պիտի բերի Իսրայելի դարձին և Հուդայի տան հետ միանալուն։ Եկեղեցու վարդապետները (երանելի Հերոնիմոս, երանելի Թեոդորոս, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի) 11−րդ համարի մեկնության մեջ ուշադրություն են դարձնում «Հեզրայել» բառի նշանակությանը՝ ընդունելով այն «Աստված սերմանում է» իմաստով։ Ըստ նրանց մեկնության՝ ամբողջ արտահայտությունը նշանակում է՝ փառավոր է այն օրը, երբ ժողովուրդը դուրս կգա գերության երկրից և կդառնա կենդանի Աստծու սերունդը (Հեզրայել)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ Յուդայի ու Իսրայէլի որդիները միասին կը հաւաքուեն, իրենց համար մի իշխանութիւն կը հաստատեն եւ կ՚ելնեն այն երկրից, քանի որ մեծ է Յեզրայէլի օրը:
(Արարատ թարգ․) Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները պիտի հավաքվեն մեկտեղ և իրենց վրա մի իշխանավոր կարգեն ու դուրս գան երկրից, որովհետև մեծ պիտի լինի Հեզրայելի օրը»։
(Գրաբար) Եւ ժողովեսցին որդիքն Յուդայ և որդիքն Իսրայէլի ի միասին. և դիցեն իւրեանց իշխանութիւն մի. և ելցեն յերկրէ անտի. զի մե՛ծ է օրն Յեզրայելի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: