Ովսեեի մարգարեության մեկնություն 2:15

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ այնտեղից նրան կտամ իր խաղողի այգիները և Աքորի հովիտը՝ որպես հույսի դուռ, և նա այնտեղ կերգի, ինչպես իր երիտասարդության օրերին և ինչպես այն օրը, երբ դուրս եկավ Եգիպտոսից։ (Սինոդական թարգ․) [15]
   
    «Եվ այնտեղից (mischscham) նրան կտամ իր խաղողի այգիները»։ Խաղողի որթատունկը Աստծու կողմից առաքված շնորհների խորհուրդն ունի։ Մարգարեն ուզում է ասել, որ ինչպես մի ժամանակ Իսրայելը, անցնելով անապատով, մտավ խաղողի այգիների երկիրը, այդպես էլ ապագայում կվայելի մեծամեծ շնորհները։

    «Աքորի հովիտը՝ որպես հույսի դուռ»։ Պատկերը վերցված է հրեաների կողմից քանանացիների երկիրը մտնելու ժամանակաշրջանից։ Աքորի հովիտը (եբրայերեն «achor» բառը նշանակում է «շփոթմունք») Հուդայի ցեղին պատկանող տարածքի հյուսիսային սահմանին է՝ Երիքովի մոտակայքում (Հեսու․ 15։7)։ Հենց այստեղ իրականացվեց Աստծո դատավճիռը Աքարի հանդեպ, որը թաքցրել էր նզովված իրերից մի մասը (Հեսու․ 7:1

    Այս դատաստանից հետո Աստծու բարկությունը հեռացավ Իսրայելից։ Այսպիսով, Աքորի հովիտը դարձավ հիշատակ այն բանի, թե ինչպես Տերը հանցագործին պատժելով, ժողովրդի մեղքերը մաքրված է համարում և կրկին ողորմում է նրան (Բրոդովիչ)։ Ըստ մարգարեի՝ Իսրայելն ապագայում կրկին անգամ կվայելի Աստծու այս ողորմածությունը։

    «Եվ նա այնտեղ կերգի, ինչպես իր երիտասարդության օրերին», այսինքն՝ շնորհակալական երգ կերգի փրկության համար։ Ակնհայտորեն մարգարեն հիշում է այն երգը, որ երգեցին Կարմիր ծովն անցնելու ժամանակ (Ելք․ 15։1) և այստեղից էլ վերցնում է իր նկարագիրը։

    Սլավոնական բնագրի «և այնտեղից նրան կտամ իր խաղողի այգիներ» բառերի փոխարեն կարդում ենք «և այնտեղից նրան կտամ իր ունեցվածքը»։ Յոթանասնիցը հաճախ է օգտագործում բառի ընդհանրական իմաստը մասնավորի փոխարեն։ Իսկ «Եվ նա այնտեղ կերգի» բառերի փոխարեն սլավոներենում և հունարենում գրված է՝ «և նա այնտեղ կխոնարհվի (ταπεινωθήσεται)»։ Օգտագործված եբրայերեն «Anah» բայը մի քանի նշանակություն ունի՝ պատասխանել, երգել, խոնարհվել։ Հնագույն թարգմանությունների մեծ մասում (Ակյուղաս՝υπακούσει, Թեոդոտիոն՝ άποκριθήσεται, Վուլգաթա՝ canеt)այս բայը հասկացվում է «երգել» ու «պատասխանել» իմաստով։

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) ապա կը տամ նրան իր ունեցուածքը եւ Աքորի հովիտը, կը բացեմ նրա միտքը, եւ նա խոնարհ կը դառնայ այնտեղ, ինչպէս իր մանկութեան օրերին, եւ ինչպէս նրա՝ Եգիպտացիների երկրից ելնելու օրերին:
(Արարատ թարգ․) Եվ ես այնտեղ նրան կտամ իր այգիները և Աքորի ձորը հույսի դուռ կդարձնեմ, և նա այնտեղ կպատասխանի ինչպես իր պատանեկության օրերին, ինչպես Եգիպտոսից իր դուրս գալու օրերին։
(Գրաբար) Եւ տաց նմա զստացուածս իւր անտի. և զծործորն Աքովրայ՝ բանալ զմիտս նորա. և խոնարհեսցի անդ ըստ աւուրց տղայութեան իւրոյ, և ըստ աւուրց ելանելոյ նորա յերկրէն Եգիպտացւոց։