Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):3

Ա․ Լոպուխին

3-4. «Եվ մի զորավոր թագավոր պիտի բարձրանա, որը տիրելու է մեծ իշխանությամբ և իր կամքի համաձայն է գործելու»։ [3] «Բայց երբ նա բարձրանա, նրա թագավորությունը պիտի կործանվի և պիտի բաժանվի երկնքի չորս հողմերին, ու չի անցնի իր սերունդներին և կկորցնի այն իշխանությունը, որով նա տիրում էր. որովհետև նրա թագավորությունը քարուքանդ պիտի արվի և սրանցից բացի ուրիշներին էլ պիտի տրվի»։ (Սինոդական թարգ․)
   
   Սալամինի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակներից ակհայտորեն Պարսից թագավորությունը սկսում է անկում ապրել. համաշխարհային տերություն է դառնում Հունաստանը: Հաշվի առնելով Քսերքսեսի արշավանքի այդպիսի կարևորությունը՝ երկնային էակը լուռ անցնում է նրա ժառանգ հանդիսացող թագավորներին և պարսկական միապետությունից անցնում է երրորդ համաշխարհային տերությանը, որ է Հունա–մակեդոնական թագավորությունը, իսկ դրա ներկայացուցիչներից՝  Ալեքսանդր Մեծին, քանի որ միայն այս ժամանակներից են հույները շփվում Աստծո ժողովրդի հետ: Ալեքսանդր Մեծի և նրա գործունեության վերաբերյալ հայտնությունն այն նույն բանն է հաղորդում, ինչը նախորդ տեսիլքներից հայտնի էր Դավիթ մարգարեին (Դան. 7։6, 8։5–8, 21, 22): Նորը միայն այն մատնանշումն էր, որ Ալեքսանդրի մահից հետո իշխանությունը անցնելու է ոչ թե նրա սերունդներին, այլ նրա կողմնակիցներին (ենթադրաբար՝ զորահրամանատարներին): Իսկապես, Ալեքսանդր Մեծը իրենից հետո թողեց թուլամիտ եղբայր Արրիդեյին և երկու մանկահասակ երեխաների: Նրանցից ոչ ոք ի վիճակի չէր իշխելու հսկայական կայսրության վրա, և այն բաժանվեց Ալեքսանդրի զորահրամանատարների կողմից, և մասերից յուրաքանչյուրը, բնականաբար, ամբողջ թագավորությունից ավելի թույլ եղավ:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Հզօր մի թագաւոր պիտի բարձրանայ, պիտի տիրի շատ տէրութիւնների եւ պիտի անի, ինչ որ կամենայ.
(Արարատ թարգ․ 11։3)  Ապա մի զորավոր թագավոր է ելնելու, որը տիրելու է մեծ իշխանությամբ և իր կամքի համաձայն է գործելու։
(Գրաբար) Եւ յարիցէ թագաւորհզօր, և տիրեսցէ տէրութեամբ բազմաւ. և արասցէ ըստ կամս իւր.
   
   Պատմամշակութային մեկնություն

   Հզոր թագավորը: Հզոր թագավորը ոչ այլ ոք է, քան Ալեքսանդր Մեծը: Այս տեքստը գրվել է Քսերքսեսի թագավորության ավարտից գրեթե 130 տարի անց՝ մ.թ.ա. 336 թ., երբ Մակեդոնիայում թագավորական գահը զբաղեցրեց Ալեքսանդր Մեծը: Հինգ տարի անց նրա ռազմական հմտությունները տապալեցին Պարսկական կայսրությունը և հիմք դրեցին Հունաստանի իշխանությանը: